Մեզ համար ողջ հայ ազգը էլիտա է, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մանիպուլացրեց եւ փորձեց հասարակությունը պառակտել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ընդդիմության կազմակերպած «Արժանապատվության երթի» ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որտեղ վերջինս ընդդիմության գործողությունները համարել էր «էլիտայի բունտ», որն ուզում է ժողովրդից խլել իշխանությունը:

«Նա չի կարող մանիպուլյացիաներով, հասարակությունը հերթական անգամ կիսելով շարունակել մնալ իշխանության: Որեւէ մեկը չի ասում, որ ժողովուրդը չպետք է ձեւավորի իշխանություն: Մենք ասում ենք, որ այո, իշխանությունը պետք է ձեւավորվի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ, բայց Նիկոլ Փաշինյանը վերջին 2,5 տարում ապացուցեց, որ ինքն ի վիճակի չէ ապահովել մեր երկրի եւ ժողովրդի անվտանգությունը: Ուստի մենք ասում ենք՝ Նիկոլ Փաշինյան, հեռացիր, տեղդ զիջիր մարդկանց, որոնք կկարողանան ապահովել դա,. Կկարողանան լուծել կուտակված հարցերը, որոնք ուղղակի լուծում չեն ստանում: Յուրաքանչյուր օր կորցնում ենք գյուղեր, գերեվարվում են նոր մարդիկ: Ես ասում եմ՝ Նիկոլը պետք է գնա, որ մենք կարողանանք լուծել այդ հարցերը»,-ասաց նա: