Նիկոլ Փաշինյանը այսօր՝ դեկտեմբերի 21–ին, չեղարկեց իր նախապես պլանավորված այցերը Սյունիքի Գորիս, Կապան, Մեղրի քաղաքներ։ Այս մասին նա հայտարարեց Սիսիանում։

«Սադրանքների չենք տրվելու։ Մեղրին էլ, Կապանն էլ, Գորիսն էլ իրենց տեղում են։ Այսօր մենք հանդիպեցինք սյունեցիների հետ, մեր խոնարհումը բերեցինք եւ խնկարկեցինք սյունեցի զինվորների գերեզմաններին, ու այս պրոցեսը կշարունակենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ Երեւան-Գորիս ճանապարհը գորիսցիները փակել են այն պատճառով, որովհետեւ գիտեն, որ իրեն լավ են ընդունելու այդ քաղաքներում։

«Գործարք եմ առաջարկում, թող բացեն ճանապարհը, գնանք տեսնենք՝ ինչ տրամադրություն է այդ քաղաքներում։ Եթե չեն բացում, ոչինչ, հաջորդ անգամ կգնանք։ Ես ասեցի, որ գալիս եմ սյունեցիների աչքերին նայելու, ես նայեցի սյունեցիների աչքերին։ Շատ հարցերում մեղավոր եմ ձեր առաջ, դուք շատ ավելիին եք արժանի, ցավոք սրտի, Հայաստանի ոչ մի իշխանություն, այդ թվում՝ մեր իշխանությունը չի կարողացել անել եւ երկիրը հասցնել նրան, ինչին արժանի եք»,- նշեց Փաշինյանը։

Անդրադառնալով անվտանգության երաշխիքների հարցին՝ վարչապետ Փաշինյանն ասել է հետևյալը. «Այսօր, օրինակ, տեսեք, շատ են ասում՝ իսկ Ղարաբաղի պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ը ինչո՞ւ, օրինակ, չմիջամտեց: Էլի նույն պատճառով: Որովհետև մեր օրենքում գրված էր, որ մեր սահմանը սա է: Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է: Այդ օրենքն ընդունվել է 2010 թվականին: Այդ օրենքն ընդունել է 2010 թվականին գործող խորհրդարանը: Այդ օրենքի նախագիծը ներկայացրել է 2010 թվականին գործող կառավարությունը: ՀԱՊԿ-ը մեզ ասում է, որ սա է ձեր սահմանը, և դուք եք նկարագրել այդ սահմանը: Մենք ձեր սահմանից դուրս ինչպե՞ս կարող ենք միջամտություն անել: Եվ ես ստացել եմ և ստանում եմ բազմաթիվ հավաստիացումներ, և մենք ունենք պայմանագրեր, որ եթե, Աստված մի արասցե, ռազմական գործողություններ սկսվեն մեր սահմանից ներս, այդ ժամանակ արդեն բոլորովին ուրիշ ռեժիմ է գործելու:

Ինչ վերաբերում է Արցախին՝ Արցախի հարցը բոլորովին ուրիշ հարց է և միջազգայնորեն ճանաչված հարց է: Իրենք մեզ ասում են՝ փաստորեն եթե մենք այդ սահմանով ենք կանգնում, ուրեմն Ղարաբաղի հարցը փակում ենք, դե եթե դա ճիշտ է, ուրեմն դուք 2010 թվականին ընդունած օրենքով Ղարաբաղի հարցը փակել եք»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ այցելելու է Կապան, Գորիս եւ Մեղրի քաղաքներ, սակայն անվտանգության մեծաթիվ աշխատակիցների ուղեկցությամբ եղավ միայն Սառնակունք գյուղում, ապա Սիսիան քաղաքում։ Սիսիանի եկեղեցիում տեղի ունեցավ միջադեպ. եկեղեցու քահանան ցուցադրաբար հրաժարվեց սեղմել նրա ձեռքը։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից Գորիսի բազմաթիվ բնակիչներ փորձում էին փակել Սյունիք մտնող ճաապարհը՝ Զանգերի հատվածում, սակայն մեծաքանակ ոստիկանական ուժերը փակել են ճանապարհը եւ թույլ չէին տալիս նրանց հասնել Զանգեր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերվանից ոստիկանության զորքերից թվով 2000 անձնակազմ շարժվել է դեպի Սյունիքի մարզ՝ Սյունիքի դարպասներ Զանգերի մոտ, որտեղ սյունեցիները պետք է իրականացնեին իրենց բողոքի ակցիան։

Հիշեցնենք, որ Փաշինյանի մուտքը Սյունիք՝ արգելելու մասին գորիսեցիների բողոքի ակցիայի վերաբերյալ նախապես հայտարարած Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին այսօր՝ վաղ առավոտյան ձերբակալվել է։