Ոչ թե կոնկրետ անձի՝ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն է պահպանվում, այլ կառավարության շենքը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով մեղադրանքներին, թե ոստիկանությունը ծառայում է գործող իշխանություններին

«Եթե շենքը չպահպանվի, դուք հիշում եք նոյեմբերի 10-ի դեպքերը: Թույլ տանք նորից ներս մտնե՞ն: ու սադրանքներ անե՞ն»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր առավոտվանից ոստիկանական ուժերը մի քանի շարքով շղթա են կազմել կառավարության շենքի շուրջը: Նրանք սաղավարտներով ու վահաններով են:

Հիշեցնենք, որ ընդդիմությունը երեկ հայտարարել էր, որ շրջափակելու են կառավարության շենքը եւ թույլ չեն տալու, որ Նիկոլ Փաշինյանը եւ կառավարության մյուս անդամները կարողանան մտնել շենք, որպեսզի  կառավարության նիստը չկայանա: