Դադիվանքի վանական համալիրի բակը երեկ կրկին մարդաշատ էր։ Ուխտավորների անվտանգության երաշխավորներն այստեղ ռուս խաղաղապահներն են։ Պատերազմից հետո նրանց ուղեկցությամբ են հավատացյալներն անցնում Դադիվանք՝ մոմ վառում, աղոթում, մասնակցում պատարագի։ Ուխտագնացություն դեպի Դադիվանք Արցախի թեմը պարբերաբար է կազմակերպում, մասնակիցների թիվը գնալով ավելանում է։

«Աստված տա ավելանալով ավելանան. որքան շատ ուխտավոր, այնքան ավելի պայծառ եկեղեցի»,- ասում է Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

Կիրակնօրյա պատարագից հետո Դադիվանքում նաեւ պսակադրության արարողություն էր։ Զիինադադարից հետո Աստծո այս տաճարում՝ առաջինը, որոշումը փեսացուինն էր, պիտի ամուսնանային հոկտեմբերին, պատերազմի պատճառով ստիպված էին հետաձգել։

«Որոշեցինք ոչ միայն պսակադրություն անցկացնենք խորհրդանշական Դադիվանքում, այլ նաեւ հետպատերազմյան այս խավարի մեջ մի լույս վառենք։ Սա մի երախտիքի քայլ է բոլոր զոհվածների, նրանց ծնողների, հայրենիքի հանդեպ։ Ցույց տանք, որ Արցախն ապրում է»,- ասում է փեսան։

Պսակադրությունը Դադիվանքում կատարելու ամուսնու առաջարկն Իրինայի մոտ մտավախություններ առաջացրեց, որը ցրվեց Դադիվանքի սուրբ կամարների տակ։

«Մեր սա որակում եմ որպես հայ ազգի շարունակականության, իր՝ ապրելու, արարելու քայլ։ Սրանով մենք ուզում ենք կոչ անել բոլոր նորապսակներին, որ գան ու Դադիվանքում պսակադրվեն»,- նշում է հարսը։

Ընտանիք կազմող զույգին օրհնեց Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Հոգեւոր առաջնորդն է ընդգծում, որ ցանկացած դժվար ու ծանր պայմաններում էլ պետք է շարունակել ապրել ու արարել. «Մենք պիտի ապրենք, արարենք, ստեղծենք, շարունակենք մեր հայեցի կյանքը։ Պիտի ապացուցենք, որ մենք մեր պայքարի ճանապարհին ենք»։