News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցավ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքում ընդունվեց  համատեղ հայտարարություն, որը նախատեսում է Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմը դադարեցրած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրականացման հետագա աշխատանքը: Հիշեցնենք, որ 9-րդ կետում նշվում է «տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային հաղորդուղիների, մասնավորապես Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման մասին, ընդ որում՝ վերհսկողությունն իրականացնելու են ռուս սահմանապահները, նշում է Միջազգային գործերով ռուսական խորհուրդը:

Հունվարի 11-ի հայտարարությամբ նախատեսվում է փախվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի ստեղծում, որի աշխատանքի մեկնարկը նախանշված է մինչեւ 2021 թվականի հունվարի 30-ը, փորձագիտական խմբերի ստեղծում, մինչեւ 2021 թվականի մարտի 1-ը միջոցառումների ցանկի եւ ժամանակացույցի ներկայացմամբ: Ինչպես տեսնում ենք, ժամկետները բավականին սեղմ են: Ընդ որում՝ առաջնահերթություն է հռչակվել երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցությունը, եւ ենթադրվում է «տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնում եւ նոր օբյեկտների կառուցում»:

Կարծում ենք՝ նման լարված ժամանակացույցը կապված է արտատարածաշրջանային խաղացողների, առաջին հերթին ԱՄՆ-ի կողմից նոյեմբերի 9-ի համաձայնագրի ռեւիզիայի հնարավոր փորձերին խանգարելու ձգտման հետ: Մենք վաղ ենք հաշվից հանել Վաշինգտոնին, որն իրականում Լեռնային Ղարաբաղի համար ժամանակ չուներ ո՛չ անմիջականորեն նախագահական ընտրություններից առաջ, ո՛չ  դրանցից անմիջապես հետո: Միանգամայն հնարավոր է, որ իր երդմնակալությունից հետո Ջո Բայդենը անընդունելի կհամարի կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի փաստացի դուրսմղումը (ինչպես, ի դեպ, նաեւ Ֆրանսիայի, բայց Փարիզը, կարծում ենք, քիչ թե շատ բավարարված է այսօրվա իրավիճակով, երբ Ռուսաստանը «խաղաց» ամբողջ Մինսկի խմբի փոխարեն եւ փրկեց ԼՂՀ-ի մնացորդները) եւ համապատասխանաբար՝ տարածաշրջանային քաղաքականության մեջ Ռուսաստանի կշռի ու դերի ուժեղացումը:  Հնարավոր է, որ Վաշինգտոնն այս դեպքում սկսի խաղարկել հայ համայնքում առկա պատմական տրավմայի եւ ամբողջ աշխարհից, առաջին հերթին Ռուսաստանից վիրավորանքի տրամադրությունը: Եվ դա այն դեպքում, երբ Արեւմուտքը, ըստ էության, 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը թողեց բախտի քմահաճույքին՝ զինված հակամարտությունը դադարեցնելու համար լուրջ դիվանագիտական քայլեր չձեռնարկելով: Հիմա, իհարկե, կարելի է «մասնակցել» խաղաղ գործընթացին՝ դրա մեջ մտնելով ինչպես փիղը սպասքի խանութ, միայն թե սահմանափակվի ռուսական ազդեցությունը: Միանգամայն հնարավոր է, որ նման գործողությունները ձեռնտու կլինեն հայկական իշխանության մեջ որոշ ուժերի, որոնք շահագրգռված են Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ ուժերի հավասարակշռության խաղի շարունակմամբ: Ինչպես ցույց է տվել վերջին տարիների փորձը, բացարձակապես անհեռանկարային խաղի:

Անհրաժեշտ է նշել, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ աշնանը տեղի ունեցածի մեջ մեղավորը Ռուսաստանը չէ: Տարօրինակ կլիներ մեղադրել նաեւ Ադրբեջանին, որն ուղղակի օգտագործեց հարմար պահը եւ իրականացրեց իր վաղուց մշակած ծրագրերը: Մեղավորը Երեւանն է, հայկական քաղաքական վերնախավը, որը հաղթողի ինքնահանգստացման մեջ էր ընկել՝ չհաշվարկելով Բաքվի գործողությունների ալգորիթմները, պատերազմից առաջ երկրի բանակի առավելագույնս թուլացած ղեկավարությունը, դրանից առաջ հետապնդելով այսրոպեական քաղաքական նպատակներ: Վերջապես, ամենածանր պահին Արցախին գործուն աջակցություն չցուցաբերելը. առողջ երիտասարդ տղաները խորհրդարանի եւ կառավարության շենքերը գրոհելու փոխարեն, ավելի լավ կլիներ, որ պաշտպանեին Շուշին: Էլ չենք խոսում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հիմնական մասի մասին: Երեւանի քաղաքական վերնախավն, ըստ էության, դավաճանեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Իրեն լավագույն կողմից չդրսեւորեց եւ բացարձակապես ապագոծնական եղավ նաեւ մյուս երկրներում հայկական սփյուռքը: Կամավորների գալու եզակի դեպքերը ընդհանուր պատկերը չեն փոխում:

Ադրբեջանն ինչո՞ւ հաղթեց տեղեկատվական պատերազմում: Որովհետեւ տասնամյակներ շարունակ Երեւանի եւ հայկական սփյուռքի տեղեկատվական քաղաքականության հիմնական ուղղությունը ուղղված էր գրեթե բացառապես հայկական աշխարհին, իսկ Բաքվի տեղեկատվական քաղաքականությունը՝ իր բոլոր բացասական կողմերով, իր ամբողջ փաստացի արատավորությամբ, ուներ մեկ հասցեատեր՝ մյուս երկրների հասարակությունները:

Ադրբեջանում հունվարյան հանդիպման արդյունքներն ընկալվեցին որպես հերթական հաղթանակ. «Հայաստանը ստացավ երկրորդ ջախջախիչ պարտությունը»: Հայաստանի հանրության զգալի մասը այն ընդունեց որպես Ն. Փաշինյանի կողմից հերթական դավաճանություն: Երկու մեկնաբանությունն էլ իրականությունը չեն արտացոլում: Բայց Հայաստանն, ըստ էության, հունվարի 11-ի հանդիպմանը հանդես եկավ որպես «հետեւող»՝ գրավելով միտումնավոր թույլ եւ պասիվ դիրքորոշում ու չորոշելով անգամ բանակցությունների թեման: Ադրբեջանը հետեւելով ռուսական դիրքորոշման ուղուն՝ իրացրեց, ի դեպ, սեփական շահերը եւ հաջողությամբ արգելափակեց խոսակցությունն, ըստ ամենայնի, այլ ուղղությամբ տանելու հայկական փորձերը:

Հայակական կողմը ակնհայտորեն փորձում էր բարձրացնել եւ ինչ-որ կերպ երկու հարց լուծելու փորձ կատարել՝ ռազմագերիների վերադարձի (դեկտեմբերի սկզբին Հադրութի շրջանում գերեվարված հայ զինծառայողների, որոնց թիվը սկզբում 62 էր, հետո՝ 120) եւ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին: Անգամ առաջին հարցով չհաջողվեց ինչ-որ առաջընթացի հասնել. ադրբեջանական կողմը համաձայնվում է խոսել միայն 5 ռազամագերու մասին՝ մնացյալին համարելով ձերբակալված դիվերսանտներ եւ խոստանալով նրանց դատի տալ: Ինչեւէ, կարծում ենք, որ Ռուսաստանի օգնությամբ այս հարցն, այնուամենայնիվ, կհաջողվի լուծել:

Կարգավիճակի հարցի հետ կապված իրավիճակը շատ ավելի բարդ է. այն դրված է «ամենահեռավոր տուփի» մեջ, ընդ որում՝ կարծես, նոյեմբերի 9-ին երեք երկրների ղեկավարների համաձայնությամբ: Այն, որ 44-օրյա պատերազմում Լեռնային Ղարաբաղի պարտությունից հետո կարգավիճակի հարցը կորցրել է իր արդիականությունը, առաջին հերթին իր՝ Երեւանի «վաստակն» է, որը չճանաչեց ԼՂՀ-ի անկախությունը: Կարելի է երկար դատողություններ անել այն մասին, թե ինչու դա տեղի ունեցավ, բայց փաստը մնում է փաստ. համենայնդեպս, մոտ հեռանկարում բանակցությունների թեմա չկա՝ այն պատճառով, որ հայկական կողմը կորցրել է իր հիմնական եւ գրեթե միակ հաղթաթուղթը՝ նախկին ԼՂԻՄ-ի շուրջ օկուպացված շրջանները: Հիմա Երեւանն ու Ստեփանակերտը բանակցություների սեղանին դնելու փաստացի ոչ մի բան չունեն:

Այս պատճառով փոխադարձ համաձայնությամբ, համենայնդեպս՝ Մոսկվայի եւ Բաքվի (Երեւանն այլ տեղ չուներ գնալու) կարգավիճակի հարցը վերադարձվել է այնտեղ, որտեղ այն չի լուծվելու՝ ԵԱՀԿ Մինսկի խումբ: Հայկական կողմը կարող է, իհարկե, հետագայում եւս նրա վրա հույս դնել, բայց Մինսկի խմբում ինչպես հարցի ոչ մի առաջընթաց չի եղել 1992 թվականից, այդպես չի լինի նաեւ հետագայում: Մինսկի խումբը նման է շատ թանկագին հանգուցյալի. նա արդեն վաղուց է կյանքից հեռացել, բայց ոչ մեկը չի ուզում դա ընդունել, ուստի ավելի լավ է գոյատեւել այդպիսի ծանոթ ու հարմար ձեւաչափով, քան ապրել նոր իրողության մեջ եւ առանց նրա:

Հիմա տարածաշրջանում անվտանգության եւ Ղարաբաղի հայերի խաղաղ ապագայի միակ երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է: Ռուս խաղապահները երաշխավորում են Լաչինի միջանցքով Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ե՛ւ կայուն, ե՛ւ անվտանգ կապի պահպանումը: Հաղորդուղիների ապաշրջափակումը եւ առավել եւս հայկական ու ադրբեջանական կողմերի միջեւ գոնե նվազագույն վստահության մթնոլորտի ստեղծումը շատ երկար գործընթաց է, այն չի լուծվի 5 եւ անգամ 10 տարում: Ուստի անհրաժեշտ է ընդունել, որ տարածաշրջանում ռուս խաղաղապհները երկար կմնան:

Հաղորդուղիների ապաշրջափակումն, իհարկե, համապատասխանում է ոչ միայն Բաքվի ու Մոսկվայի, այլեւ Երեւանի շահերին, բայց Հայաստանի ներքին շուկան մեծ չէ, եւ այստեղ մեծ շահում չի լինի: Մյուս կողմից՝ ճանապարհների բացումը Թուրքիայի շահերի շրջանակում է, որն իր տրամադրության տակ ստանում է մի քանի հոյակապ տրանսպորտային միջանցքներ: Հնարավոր է, որ հենց այս պատճառով Անկարան բավարարվեց քչով՝ սահմանափակվելով Աղդամի շրջանում ռուս-թուրքական մոնիթորինգի համատեղ կենտրոնի ստեղծմամբ, որտեղ յուրաքանչյուր կողմից լինելու է 60-ական զինվորական: Դա, իհարկե, միայն այս փուլում, հետագայում թուրքական մասնակցության ձեւաչափը կարող է փոփոխվել, բայց առայժմ Անկարայի հավակնությունները մեծ չէին:

Միանգամայն ակնհայտ է, որ առաջին փուլերում (հավանաբար, բավականին երկար ժամանակահատվածում) Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տրանսպորտային հաղորդուղիները գործելու են «կնքված վագոնների» ռեժիմով, չարժե տեսանելի հեռանկարում այստեղ սպասել ուղեւորատար ավտոտրանսպորտի եւ ուղեւորափոխադրող գնացքների երթեւեկություն: Այսպիսով, տրանսպորտային հաղորդակցության վերակագնումն ինքնին չի անդրադառնա հայ եւ ադրբեջանցի հանրությունների միջեւ հաղորդակցությունների վերականգնման վրա: Նրանց միջեւ հարաբերությունների վերակենդանացման գործում ցանկության դեպքում զգալի դեր կարող են խաղալ հենց հասարակական կազմակերպությունները: Նրանց գործունեության համար սա մի ամբողջ դաշտ է, եթե, իհարկե, հովանավորները անհրաժեշտ համարեն դրա համար գրանտներ հատկացնել:

Միեւնույն է՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին վաղ թե ուշ ստիպված կլինեն վերադառնալ, եւ դրա լուծումը, հավանաբար, կգտնվի արդեն ոչ Մինսկի խմբի շրջանակում, կողմերի միջեւ համաձայնագրի ճանապարհով: Այդպիսի համաձայնագրի երաշխավոր կարող է լինել միայն Ռուսաստանը, չնայած, հավանաբար, ավելի կայուն ու հաստատուն որոշումը կլինի այն, որը կկարողանա ունենալ մի քանի երաշխավոր, այսինքն՝ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան: Ի դեպ, բացի ԼՂՀ-ի անկախության տարբերակից, հնարավոր են նաեւ այլ տարբերակներ. օրինակ՝ համատիրություն, այսինքն՝ համատեղ տիրակալում: Սակայն դժվար է այդքան հեռու տեսնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ