News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


NEWS.am-ը զրուցել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկան, Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանի հետ։

Իշխանությունները ակտիվորեն սկսել են քննարկել Սահմանադրական փոփոխությունների հնարավորությունը՝ նպատակ ունենալով հասնել Ազգային ժողովի ինքնալուծարմանը և արտահերթ ընտրություններ նշանակել առանց վարչապետի հրաժարականի։  Արդյոք առանց հանրաքվեի հնարավո՞ր է խորհրդարանանի ինքնալուծարման վերաբերյալ փոփոխություններ ընդունել։ Արդյոք այս անգա՞մ էլ օրենսդիրին պետք չի գա Սահմանադրական դատարանի եզրակացությունը:

Եթե հարցը դիտարկենք զուտ իրավական տեսանկյունից, ապա գործող Սահմանադրությունը ԱԺ–ին հնարավորություն տալիս է պատգամավորների թվի տարբեր համամասնությամբ Սահմանադրության որոշ նորմերում՝ այդ թվում ձեր նշած հարցի վերաբերյալ փոփոխություններ անել, բնականաբար, ստանալով նախագծի՝ սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի եզրակացությունը։ Սակայն ակնհայտ է, որ այս հարցն ունի քաղաքական կողմ։ Ենթադրում եմ՝ տարբեր քաղաքական ուժերի հետ բանակցությունները չբերեցին իշխանությունների ցանկալի արդյունքի, դրա համար այլընտրանքային տարբերակ են մտածել՝ սահմանադարական փոփոխությունների միջոցով հասնել նրան, որ վարչապետը հրաժարական չտա և նրա գործունեության պայմաններում իշխանությունն իրականացնի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  երեկ  արդարադատության նախարարությունում հայտարարել է, որ դատական համակարգի բարեփոխումներին վերջին շրջանում շատ մեծ թափ է հաղորդվել: Ձեզ համար տեսանելի՞ են այդ  բարեփոխումները։ Ներկայումս դատական համակարգի անկախությանը սպառնացող ի՞նչ ռիսկեր եք տեսնում։

Շատ բարձրագոչ հայտարարություն է։ Երկուսուկես տարվա ընթացքում գործող իշխանությունը, բացի դատական իշխանությանը խանգարելուց, որևէ այլ բան չի արել՝ նպաստելու նրանց իրական առաքելության համար հիմքեր ստեղծելուն։ Իսկ իրական առաքելությունը՝ անկախ, անաչառ, օբյեկտիվ դատական համակարգի ստեղծումը, ձևավորումը և զարգացումն է։ Իմ կարծիքով՝ այս ընթացքում դատական իշխանությունը փորձեց ինքնակազմակերպվել և ինքնամաքրվել։ Այսօր որպես արդարացում հայտարարում են, թե դատարանները հանրության մոտ վստահություն չեն վայելում, սակայն նման բան չի կարելի ասել  դատական իշխանության հասցեին։ Առաջին հերթին իշխանությունը պետք է այդ վստահությունը ներշնչի դատական համակարգին և համապատասխան պայմաններ ստեղծի նրա կայացման համար, ոչ թե անընդհատ վարկաբեկի համակարգը։ Հատկապես Սահմանադրական դատարանի հետ կապված են հայտարարում, թե իբր հանրային վստահություն չի վայելում։ Այդ ո՞վ է չափել այդ վստահությունը, այդ ո՞վ է այդքան առնչվել ՍԴ–ի հետ, որ նման գնահատական է տալիս։ Ակնհայտ է, որ ՍԴ–ի կազմը փոխելու հիմքում քաղաքական նպատակներ էին, մինչդեռ ամենից շատ հենց Սահմանադրական դատարանը պետք է անկախ լինի գործող իշխանությունից։

Այսօր քաղաքական օրակարգում է մինչդատական վարույթների նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող, ինչպես նաև հակակոռուպցիոն  դատարաններ ստեղծելու հարցը։ Ներկայումս որքանո՞վ է արդարացված նման մասնագիտացված դատարանների ստեղծումը և ի՞նչ նպատակ է այն իրականում հետապնդում։

Մինչդատական վարույթների նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտի ներդրման հարցը նախկինում էլ է քննարկվել, սակայն այն ենթադրում էր լուրջ ֆինանսական ծախսեր, որի պատճառով այդ գաղափարը չիրագործվեց։ Ներկա իրողության պայմաններում, երբ հետպատերազմյան Հայաստանը գտնվում է սոցիալական և  ֆինանսատնտեսական լուրջ ճգնաժամի մեջ, անընդունելի է նման հրատապությամբ մասնագիտացած դատարանների ստեղծումը։ Անգամ մասնագիտացած դատավորների պատրաստման ընթացակարգն են արագացրել։ Իհարկե, իշխանությունների շտապողականությունը հասկանալի է, իսկ նպատակն ակնհայտ է՝ դատական համակարգը համալրել ցանկալի դատավորներներով, ցանկալի դատավճիռների հասնալու իմաստով։ Ինչ վերաբերում է հակակոռուպցիոն դատարան ստեղծելուն, ապա փորձում են հանրության աչքին թոզ փչել, թե այս դատարաններով պիտի վերացնեն կոռուպցիան, մինչդեռ կոռուպցիոն հանցագործությունները սովորական հանցագործություններ են, ինչպես քրեական օրոնսգրքում առկա պետության կամ մարդու դեմ ուղղված մյուս հանցագործությունները։ Չկա որևէ ցուցանիշ, որ կոռուպցիոն գործերն ուղարկվել են դատարաններ, և դատարանները տապալել են դրանք, կամ այդ գործերը քննած դատավորները ոչ պրոֆեսիոնալ են եղել և այլն։ Չէ՞ որ նոր կառույց ստեղծելիս  պետք է հիմնավորել, որ եղածները չեն կարողանում լուծել այն խնդիրը, որն իրենց առջև դրված է։ Երեք տարում կոռուպցիոն գործով լուրջ դատավճիռ չտեսանք։ Ոչ մի վիճակագրություն, եզրակացություն, ամփոփում չկա, բայց նոր համակարգ են ստեղծում։ Հակակոռուպցիոն կոմիտե, հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարան, Վերաքննիչ դատարան և այլն. պատկերակցնու՞մ եք՝ ինչ ծախսերի հետ գործ ունենք։ Իսկ եթե անգամ հիմնավորեն, թե ֆինանսավորումը լինեու է այլ աղբյուրներից, դա ավելի վտանգավոր է. չէ՞ որ ով վճարում է, նա էլ պատվիրում է։ Դատարաններն առանձնացնում են, զուգահեռ մի բուրգ են ձևավորում, առանց անհրաժեշտության 20-30 հաստիքով կեղծ մասնագիտացած դատարաններ են ստեղծում, իսկ ներկա իրավիճակում նման ծախսեր անելն անընդունելի է։

Այս պայմաններում արդյոք դատական իշխանությանը կհաջողվի՞ պահել իր անկախությունը։

Մեծ ցանկություն ունեմ, որպեսզի դիմանա։ Այսօր դատարանները փորձում են լինել ապաքաղաքական, բայց իշխանությունը դա չի հանդուրժում, փորձում է քաղաքականացնել։ Աղոթենք, որպեսզի դա նրանց չհաջողվի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝  NEWS.am–ի տեսանյութում։

Տպել
Ամենաշատ