Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանի Էրեբունու նստավայրում քիչ առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել քաղաքացիական հագուստով ոստիկանի եւ դատարանի կարգադրիչի միջեւ։ Փաստաբան Տիգրան Սարգսյանը, ով ականատես է եղել միաջադեպին, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել ոստիկանի կողմից մեքենան ոչ ճիշտ վայրում կայանելու պատճառով։
«Դատարանի մուտքի մոտ տեսա, որ քաղաքացիական հագուստով անձը հարցեր էր պարզաբանում դատական կարգադրիչի հետ։ Նա իր մոտ կախված հրազեն ուներ։ Հետո նա կարգադրիչին հարվածեց եւ փորձում էր աստիճանավանդակից հրել նրան։ Այնուհետեւ դատարանից դուրս եկան այլ կարգադրիչներ ու դատարանի աշխատակիցներ, միջադեպն ավելի սրացավ։ Երբ ես սկսեցի նկարել, իրենք ծեծկռտուքը դադարեցրին»,– պատմեց Տիգրան Սարգսյանը։
Փաստաբանը դատական կարգադրիչներից պահանջել է, որ ահազանգեն եւ գործին ընթացք տան.
«Երբ դատական նիստի ավարտից հետո դուրս եկա, անձը, որը քաղաքացիական հագուստով եւ հրազենով էր, փորձեց համոզել ինձ, որ Ֆեյսբուքում տեղադրված տեսանյութը հեռացնեմ, բայց ես պնդել եմ, որ չեմ հեռացնելու։ Ասում էր՝ ուզում եմ Ձեր հետ խոսել։ Նա քաղաքացիական հագուստով ոստիկան էր։ Ես թե՛ որպես քաղաքացի, թե՛ որպես փաստաբան՝ մերժում եմ նման բարդակը մեր երկրում եւ նման դեպքում իմ պարտքն եմ համարում հրապարակում անել։ Օրենքն ու դատարանը չհարգողները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ըստ կարգադրիչի՝ ինքը խնդրել է, որ քաղաքացիական հագուստով ոստիկանը մեքենան ճիշտ վայրում կայանի, նրանք էլ հակադարձել են, որից էլ վեճն առաջացել է»։
Տիգրան Սարգսյանը փոխանցեց, որ դատարանի կարգադրիչները միջադեպի առթիվ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել։











