News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բունդեսթագը անձեռնմխելիությունից զրկել է իշխող կոալիցիայի անդամ Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) պատգամավոր Ակսել Ֆիշերին, որպեսզի քննչական մարմիններին խուզարկություններ կատարելու եւ ապացույցներ գտնելու իրավունք տա: Հինգշաբթի, մարտի 4-ին, պլենումը միաձայն որոշում է կայացրել՝ հետեւելով Մյունխենի գլխավոր դատախազության եւ Արդարադատության դաշնային նախարարության համապատասխան առաջարկություններին: Ըստ ամենայնի, որոշումը կապված է Ֆիշերի լոբբիստական գործունեության հետ՝ հօգուտ Ադրբեջանի իշխանությունների, հայտնում է DW-ն:

Dpa-ի հարցմանն ի պատասխան՝ Մյունխենի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ հետաքննությունն ընթանում է կաշառակերության կասկածով: Ըստ այդ տեղեկատվության՝ խուզարկություններ արդեն իրականացվել են վեց օբյեկտներում՝ Բադեն-Վյուրթեմբերգում եւ Բեռլինում, մասնավորապես, Բունդեսթագի պատգամավորական գրասենյակում եւ բնակելի տարածքներում: Գործողությանը մասնակցել են դատախազության եւ քրեական գործերի դաշնային գրասենյակի շուրջ 60 աշխատակիցներ: Խուզարկություններին նախորդել են լայնամասշտաբ քննչական գործողություններ՝ ուղղված Բունդեսթագի նախկին եւ ներկա պատգամավորների դեմ, որոնք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) գերմանական պատվիրակության կազմում էին:

Transparency International միջազգային իրավապաշտպան կազմակերպության գերմանական մասնաճյուղը ողջունել է Բունդեսթագում Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն սկանդալի մասշտաբային հետաքննությունները, որոնցում ներգրավված է ոչ միայն Ակսել Ֆիշերը: «Արդեն մի քանի տարի է, մենք արդարությունից եւ քաղաքականությունից պահանջում ենք կոնկրետ եզրակացություններ ադրբեջանական խարդախությունից»,- ասել է Transparency Deutschland-ի նախագահ Հարթմուտ Բյոմերը: Նա հիշեցրել է, որ 2019-ի մարտին կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ գերմանացի խորհրդարանականներ Կարին Շտրենցի եւ Էդուարդ Լինտների՝ մեղադրելով նրանց կաշառք ստանալու մեջ:

Երկար տարիներ Ադրբեջանի իշխանությունները կապեր են հաստատում գերմանացի քաղաքական գործիչների հետ՝ փորձելով բարելավել երկրի իմիջը: Նրանք լոբբիստների ցանց են ստեղծել Բունդեսթագի նախկին անդամ Էդուարդ Լինտների շուրջ: Դրան մասնակցում էր նաեւ ՔԴՄ-ի պատգամավոր Կարին Շտրենցը: 2020 թվականի հունվարին Շտրենցի եւ Լինտների կողմից օգտագործված տարածքներում այդ կապակցությամբ խուզարկություններ են կատարվել:

2019 թվականի մարտին Կարեն Շտրենցը տուգանվեց 20 հազար եվրոյով՝ Ադրբեջանից լրացուցիչ եկամուտների մասին Բունդեսթագին անհապաղ չտեղեկացնելու համար: Նրա դեմ կասկածներն ի հայտ եկան 2017-ին ԵԽԽՎ-ում կոռուպցիոն սկանդալի ժամանակ: Մասնավորապես, նրա անունը նշված է մի խումբ անկախ փորձագետների 2018-ի ապրիլին հրապարակված զեկույցում, որը Եվրոպայում Բաքվի շահերը լոբբինգ անելու համար կաշառքների մասին է: Այս մեղադրանքների կապակցությամբ 2018-ի սկզբին Շտրենցը կրկին չէր առաջադրվել ԵԽԽՎ-ում:

Շտրենցի հետ կապված դրվագը Ադրբեջանի լոբբիստական գործունեության վերաբերյալ «Խավիարային դիվանագիտություն» խորագրով խոշոր զեկույցի միայն մի մասն էր, որը Եվրախորհրդում կոռուպցիոն սկանդալ էր առաջացրել: Փաստաթղթում նշվում էր, որ Բաքուն զբաղվել է ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի զեկուցողներին կաշառելով, որոնք վերահսկում էին այն պարտավորությունների կատարումը, որոնք Ադրբեջանը ստանձնել էր ԵԽ-ին անդամակցելուց հետո: Որպես կաշառք օգտագործվել են բազմաթիվ նվերներ, այդ թվում՝ խավիար, գորգեր, թանկարժեք ալկոհոլ եւ զարդեր:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ