News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 30
USD
407.21
EUR
423.54
RUB
7.75
Տեսնել լրահոսը


Իշխանությունը պետք է քաղաքական կամք գտնի ու փոխի Ընտրական օրենսգիրքը։ Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը։

«Փոփոխությունները, որոնց մասին իրենց քաղաքական թիմը խոսել է սկսած 2018 թվականի հեղափոխությունից, 2018 թվականին ընդունած Կառավարության գործունեության ծրագրից, 2018 թվականին տված նախընտրական խոստումներից, 2020 թվականի նոյեմբերին Նիկոլ Փաշինյանի հրապարակած ճանապարհային քատեզից։ Այդ ընտրությունները փոփոխված Ընտրական օրենսգրքով իրականացնելը միակ ճանապարհն է, որը կարող է լուծել քաղաքական ճգնաժամը։ Քաղաքական ճգնաժամի համար մեզ պետք է քաղաքական մրցապայքարի տրամաբանության մեջ ընտրություններ»,- նշեց Իոաննիսյանը։

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիտարկմանը, որ օրենսգրքի փոփոխությունը լեգիտիմության խնդիր կառաջացնի՝ Իոաննիսյանն արձագանքեց. «ԼՀԿ-ի դիրքորոշումը մի քիչ անհասկանալի է, որովհետեւ էապես տարամիտում է 2018 թվականի իրենց դիրքորոշմանը։ Էդմոն Մարուքյան 2018 թվականին մեծ վստահությամբ պնդում էր՝ ոչինչ, ժամետները խնդիր չեն. այն ժամանակ 2 փորձ եղավ օրենսգիրք փոխելու, ընտրություններից 41 եւ 48 օր առաջ։ Մարուքյանը մեծ ուրախությամբ ասում էր՝ վերջապես շանս կա ազատվելու բիզնեսը քաղաքականություն բերող ռեյտինգային ընտրակարգից։ Թող բացատրեն՝ ինչն է փոխվել։ Իրենք 2016 թվականից ռեյտինգային ընտրակարգին դեմ են եղել ամենասկզբից։ Հիշում եմ, որ 2016 թվականի հենց այս օրերին, այս շենքում Մարուքյանն ասում էր՝ ռեյտինգային ընտրակարգը չարիք է»։

Հարցին՝ մինչեւ ընտրություններն արդյոք կհասցնե՞ն օրենսգրքի փոփոխությունների գնալ, Դանիել Իոաննիսյանն ասաց, որ ժամկետների հետ կապված խնդիր չկա. «2018 թվականին ընտրություններից 41 օր առաջ  քաղհասարակությունը, ՔՊ-ն, ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն միասին փորձում էինք ԱԺ-ում փոխել Ընտրական օրենսգիրքը։ Առայժմ մինչեւ ընտրությունները կա մոտավորապես 90 օր։ Հայաստանում վաղուց բոլորի համար կանխատեսելի սցենարն է, որ Ընտրական օրենսգիրքը փոխվելու է եւ համամասնական, սովորական ընտրակարգ է լինելու»։

Անդրադառնալով ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի այն խոսքին՝ եթե ռեյտինգային ընտրակարգը պահպանվում է, նշանակում է՝ հանցագործներ են ընտրվո՞ւմ,  Իոաննիսյանն ասաց. «2016 թվականից ասում ենք, որ խորհրդարանական հանրապետությունում, որում Սահմանադրությամբ սահմանված է համամասնական ընտրակարգ, պետք է իրար մեջ մրցեն քաղաքական ուժերը, որպեսզի քաղաքական լինի պրոցեսը։ Երկրորդը, տրամաբանությունը հետեւյալն է, մարդը 5 տարով տալիս է մանդատ կուսակցությանը՝ պետական իշխանություն իրականացնելու, մարդու համար պետք է հասկանալի լինի, որ ինքը 5 տարով տալիս է այդ մանդատը եւ 5 տարի հետո գնահատում է՝ այդ կուսակցությունը ոնց արեց իշխանությունը. լավ արեց, ապա նորից է ընտրում, եթե վատ արեց, ուրիշին է ընտրում։ Ռեյտինգայինի պատճառով մարդկանց ընկալումների մեջ սա չի գործում, որովհետեւ մարդիկ գնում ու ընտրում են իրենց մարզից, թաղից ինչ-որ մեկին, որը հեղինակություն ունի. տեղում հեղինակություն ունի, բայց ԱԺ-ում կարող է՝ մի ելույթ էլ չունենա։ Մարդկանց համար անհասկանալի է, այդ կապը, որ իշխանությունն իրենց է պատկանում, այդ մեխանիզմն անհասկանալի է։ Հասարակության 90 տոկոսը մեծ հաշվով չի հասկանում՝ ոնց է ձեւավորվում»։

Նա նշեց, որ սոցհարցման համաձայն՝ Հայաստանի հասարակության 74 տոկոսը կողմ է, որ Ընտրական օրենսգիրքը փոխվի։

«Մեր հանրային քննարկմանը հյուրընկալեցինք արտախորհրդարանական 7 ուժերի, 7-ն էլ ասացին, որ իրենց համար կանխատեսելին համամասնական ընտրակարգն է։ Հայաստանում արդեն երեք տարի է՝ բոլորը սպասում են, որ այդ ընտրակարգով լինեն ընտրությունները»,- ասաց Դանիել Իոաննիսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ֆոտոռեպորտաժներ