News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Այս ամենում ակնհայտ է թուրքական ձեռագիրը․ թուրքագետը՝ Թուրքիային թշնամի չհամարելու իշխանության դիրքորոշման մասին Թուրքիայի հանդեպ վերաբերմունքում «մոտեցումները շտկելու» ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը պետական արժանապատվության և ազգային ինքնասիրության դիրքերից նահանջ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

«Սա մի մեծ ծրագրի մաս է։ Այդ հայտարարությունը պիտի համադրել իշխանության այլ ներկայացուցիչների համանման հայտարարությունների հետ։ Դրանք նույն «օպերայից» են, մասնավորապես Արագածոտնում և Արմավիրում Փաշինյանի այն տավտալոգիան, թե ինչքան մենք ենք թշնամի համարում, այնքան էլ մեզ են թշնամի համարում», համոզված է թուրքագետ պրոֆեսորը։

Հիշեցնելով իշխանական թևի պատգամավորների հայտարարությունները, թե կան լավ թուրքեր, թուրքերի հետ պիտի բանակցել-հաշտվել, ինչպես նաև պետական ապարատից հնչող նույնաբովանդակ տեսակետները, թուրքագետը փաստում է, որ ԱԽ քարտուղարն այս առումով միակը չէ, պարզապես նրա պաշտոնն ու նման հայտարարությունը միմյանց հետ խորը հակասության մեջ են։

«Նա կոչված է ֆիքսել ու չեզոքացնել ազգային անվտանգության սպառնալիքները, իսկ նրա հայտարարությունը խոսում է այն մասին, որ նա չի գիտակցում, թե ինչ վտանգներ են բխում Թուրքիայից, չի գիտակցում Հայաստանի հանդեպ Թուրքիայի մոտեցումները։ Այս պարագայում, թե ինչ շտկումների մասին են խոսում, հայտնի է միայն իրենց է և այդ ծրագիրը գծած շրջանակներին», ասել է Ռուբեն Մելքոնյանը։

Ի պատասխան՝ Ցեղասպանության հերթական տարելիցին ընդառաջ, երբ խոսվում է այն մասին, թե ԱՄՆ նախագահը հնարավոր է իր ելույթում «Ցեղասպանություն» բառը շեշտի, նման օրակարգ առաջ մղելու նպատակը ո՞րն է՝ հարցին, Ռ․Մելքոնյանն ասաց, որ Բայդենը հնարավոր է կկիրառի այդ բառը, սակայն ինքը դեմ է այդ հարցի ֆետիշացմանը։

«Այնքան էլ կողմ չեմ, որ ամբողջ ազգով սրտատրոփ սպասենք՝ Բայդենն այդ եզրույթը կօգտագործի, թե ոչ։ Բայց դա եթե ոչ իրավական, ապա քաղաքական կարևոր քայլ է։ Դրան հասնելու համար տասնամյակներով աշխատել է և մեր պետությունը, և սփյուռքը։ Այսօր մի վիճակ է ստեղծվել, որ իշխանությունները պայքարում են մեր պետականության, պետական առաջնահերթությունների դեմ։ Իշխանության այսօրվա քայլերը կարող են էական վնաս հասցնել մեր արտաքին քաղաքական ուղղություններին, այդ թվում ԱՄՆ նախագահի կողմից ցեղասպանությանն իրավական գնահատական տալուն», նշել է նա։

Ապրիլի 24-ին ընդառաջ այս կարգի հայտարարությունները թուրքագետը պատահական չի համարում, ավելին, կարծում է, որ դրանք շահեկան են միայն Թուրքիային։

Դիտարկմանը, թե այս թիմը իշխանության գալու առաջին իսկ օրերից հետևողականորեն «թուրքին ներելու», ապա պատերազմից անմիջապես հետո Թուրքիայի և Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ կառուցելու, առևտուր անելու մասին է խոսում, հիմա էլ առաջարկում է թշնամի չհամարել այդ երկրներին, այս քաղաքականությունն ու՞ր է տանում։ Ռ․ Մելքոնյան առաջարկեց ավելի հետ գնալ ու հիշել, թե ընդդիմություն եղած ժամանակ ինչ էին ասում այսօրվա իշխանության ներկայացուցիչները․

«Այդ մարդիկ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական համակեցության, երկխոսության գծի կրողներն էին։ Ի բարեբախտություն մեզ, այն ժամանակ նրանք լծակներ, իշխանություն չունեին։ Իրենց գրանտներն էին վայելում ու հոդվածներ գրում։ Ցավոք, 2018-ին այդ մտածողությունը եկավ իշխանության ու կանխատեսելի էր, որ իրենց հավատամքից բխող քայլեր էին անելու։ Նրանց գրանտային, ՀԿ-ական մտածողության համեմատ պետական մտածողությունը չդարձավ դոմինանտ»։

Ռ․Մելքոնյանի կարծիքով, այս ամենի համապատկերում հնարավոր է տնտեսական որոշակի փոփոխություններ լինեն՝ հայ-թուրքական բիզնես ծրագրեր, սահմանների բացում, որոնց հայանպաստ համարելը խիստ վիճելի է, քանի որ անտեսվում է այդ ամենում քաղաքական բաղադրիչը։

«Թուրքիայի հետ տնտեսական կապերի զարգացումը կարող է մեր պետականության, անվտանգության հիմքերին վնասել։ Այսօրվա գործընթացները տանում են այս հանգրվանին։ Հույս ունեմ, որ հասարակությունն իր մեջ ուժ կգտնի ու սթափ կնայի իրականությանը, կընդունի խաբված լինելը և կանի համապատասխան քայլեր», ասել է թուրքագետը։

Տարիներ շարունակ սփյուռքը Ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության հարցերն է առաջ մղել, ստեղծել է կայացած օղակներ այս հարցը միջազգային հանրության առջև բարձրացնելու համար, այսօրվա իշխանությունը, փաստորեն, այս քաղաքականությամբ զրոյացնու՞մ է նրանց աշխատանքը, սփյուռքն ի՞նչ խնդիրների առաջ կկանգնի․  «Միանշանակ այստեղ ակնհայտ է նաև թուրքական ձեռագիրը։ Թուրքական թիրախներից մեկը հայկական սփյուռքն է ու հատկապես այս հարցով նրա գործունեությունը՝ միտված Հայ դատին, պահանջատիրությանը, ցեղասպանության ճանաչմանը։ Որոշակի շրջանակից ուղղորդվող այս քայլերը Հայաստան-Սփյուռք հարաբերությունները կարող են վնասել, կարող է նոր անջրպետ, պառակտում առաջանալ հայկական շահերը առաջ տանող շրջանակների և իշխանությանը տիրացած ապազգային մտածողությամբ մարդկանց խմբակի միջև, որից տուժելու են համահայկական խնդիրները, մեր ժողովուրդը և հավաքական նպատակները»,-շեշտեց Ռուբեն Մելքոնյանը։

 

 

Տպել
Ամենաշատ