News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը մայիսի 7-ին ընդունել է «Հարավկովկասյան Երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորած պատվիրակությանը:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարի պաշտոնակատարը կարևորելով գերատեսչության և ՀԿԵ-ի միջև ձևավորված համագործակցությունը՝ հույս է հայտնել, որ այն ավելի կընդլայնվի և կունենա շարունակական բնույթ: Անդրանիկ Փիլոյանն անդրադարձել է COVID-19-ի պատճառով հետաձգված համատեղ ծրագրերին, որոնք սկսել են շարունակաբար կյանքի կոչվել:

Ալեքսեյ Մելնիկովը նշելով, որ ամբողջ աշխարհում երկաթգիծը համարվում է բարձր վտանգավորության օբյեկտ, իր հերթին ևս կարևորել է կողմերի միջև փոխգործակցությունը: Նա տեղեկացրել է, որ ընկերությունում գործում է վերականգնողական ստորաբաժանում և առաջարկել՝ արդյունավետության բարձրացման նպատակով վերապատրաստել իրենց մասնագետներին ԱԻՆ-ում, և ապագայում նրանց դիտարկել որպես գերատեսչության այսպես կոչված «արտահաստիքային» աշխատակիցներ: Անդրանիկ Փիլոյանը ողջունել է առաջարկը և պատրաստակամություն հայտնել՝ աջակցել գործընթացին: Այդ համատեքստում նախարարը նշել է, որ պարբերաբար ուսումնավարժություններ են անցկացվում օդանավակայանի անձնակազմի հետ և ընդգծել, որ այդ աշխատանքներում հնարավոր է նաև ՀԿԵ-ի ներգրավումը:

Անդրանիկ Փիլոյանը կարևորել է նաև փրկարարական աշխատանքներում ընկերության տեխնիկայի ներգրավման հնարավորությունը: Մելնիկովը վստահեցրել է, որ այդ հարցում իրենք պատրաստակամ են:

Հանդիպման վերջում կողմերը ստորագրել են «Երկաթուղային ենթակառուցվածքում վտանգավոր բեռներով վթարային իրավիճակները վերացնելիս ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության և «ՀԿԵ» ՓԲԸ-ի փոխգործակցության մասին» հուշագիր:

Փաստաթղթի համաձայն՝ կողմերը պարտավորվում են անցկացնել համատեղ խորհրդատվություններ կամ մասնակցել կողմերի մարմինների, կառույցների աշխատանքներին, ստեղծել համատեղ աշխատանքային խմբեր, իրականացնել տեղեկատվության, կուտակած փորձի փոխանակում և այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ