News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Արդեն իսկ պարզ է, որ առաջիկա հնարավոր ընտրությունները լինելու են որպես ինքնիշխան պետություն Հայաստանի լինել-չլինելու ընտրությունը: Այս մասին ասվում է Լիա Իվանյանի հոդվածում:

Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:

«Արդեն իսկ պարզ է, որ առաջիկա հնարավոր ընտրությունները լինելու են որպես ինքնիշխան պետություն Հայաստանի լինել-չլինելու ընտրությունը։ Անկեղծ ասած, ընտրություններով չէ, որ պետք է հեռացվեր այս հայրենադավ բռնապետիկը, ում տեղը միայն ռազմական տրիբունալն է։ Սակայն,  ունենք այն ինչ ունենք և գնում ենք արտահերթ ընտրությունների՝ կանխատեսելով իշխանությունների ոչնչից չխորշելու տրամադրվածությունը։

Թող թույլ տրվի ասել, բայց քիչ թե շատ գիտակից մարդու համար ընտրության հարց չկա էլ, որովհետև մի կողմում լինելու է պատերազմը ծախած դավաճանի խամաճիկային կլանը, մյուս կողմում՝ երկիրը ճգնաժամից հանել փորձող ուժեր։

2018-ից իշխանություն հանդիսացող թիմը հետևողականորեն բռնել է մեր պետության կազմաքանդման ուղին՝ ոտնակոխ անելով ամեն ինչ։ Հիմա դատելով նրանց նախընտրական ժրաջանությունից, դեռևս կիսատ մնացած գործեր ունեն, հետևապես և կյանքի գնով վերարտադրվելու խնդիր ունեն։ Դրան են ծառայեցվում հապճեպ ընդունված օրենքները, որոնց միտումներն այնքան ակներև են, որ մնում է միայն անունով նշել, թե օրինակ ում քարոզարշավը խոչընդոտելիս քրեական պատասխանատվության կենթարկվես։

Խորհրդարանական ընդդիմություն համարենք, որ չկա․ ըստ էության չի էլ եղել երբեք։ Լսել ենք միայն բոցաշունչ ելույթներ, բայց անհրաժեշտ պահերին ոչ մի կոնկրետ գործ չենք տեսել ոչ ԲՀԿ-ի, ոչ էլ ԼՀ-ի կողմից։

Իշխանության վերարտադրման դեմ իրական պայքար է ծավալելու արտախորհրդանական ընդդիմությունը։ Ներկայումս ընթանում են քաղաքական ուժերի բանակցություններ, կազմավորվում են դաշինքներ։ Արդեն հայտնի է, որ մայիսի 9-ին Ազատության հրապարակում ՀՅԴ-ն, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը կհայտարարեն համագործակցության մեկնարկի մասին։

Այս փաստը հերթական անգամ ապացուցում է, որ Հայաստանում ընթանում է տեսակների պայքար՝ ազգասերների և աշխարահաքաղաքացիների միջև, քանի որ ազդարարվող դաշինքում միավորվել են ուժեր, որոնց համար հայրենիքը բարձրագույն արժեք է։ Նրանցից յուրաքանչյուրի անցած ճանապարհն է միակ ճշմարտությունը, և նրանց միավորումը միակ բնական ու ճիշտ քայլն է Հայաստանն այս աղետալի վիճակից հանելու համար։

Ճիշտ է, ՀՅԴ-ն անշուշտ մեղքեր ունի քավելու այն առումով, որ 2018-ի գարնանը սատարեց Նիկոլին, բայցևայնպես չմոռանանք, որ կուսակցության 130-ամյա պատմությունը հայապահպանման  ամենօրյա աշխատանքն  է ողջ աշխարհում։ Նաև Դաշակցությունն ունի մի կարևոր առանձնահատկություն՝ հայրենիքի համար օրհասական պահերին դառնում է թշնամուն հարվածող  հզոր անկասելի բռունցք, ինչը տեսել ենք ոչ մեկ անգամ։ Ողջ հանրապետությունում ՀՅԴ-ն ունի 30 տարում ձևավորված կառույցներ, որոնք մշտապես մասնակցել են քաղաքական կյանքին և ունեն մեծ փորձառություն, ինչն  էականորեն կնպաստի դաշինքի աշխատանքներին տեղերում։

«Վերածնվող Հայաստան» կուսակցության ստեղծումն ինքնին կյանքի թելադրանք էր, այլ ոչ թե քաղաքականություն մտնելու մեծ ցանկություն։ Կյանքը սահմանին՝ ադրբեջանցու հարևանությամբ և սեփական պետության կողմից դավաճանված վիճակում, ստիպեց Սյունիքի համյանքապետերին միավորվել։ Սյունեցիների ֆիզիկական անվտանգությունը, Սյունիքը երկրորդ Արցախ չդարձնելու մտավախությունն է «Վերածնվող Հայաստանը» ստեղծվել, և վստահաբար կարելի ասել, որ   առաջիկա ընտություններում սյունեցիների ընտրությունն արդեն արված է։ Սյունեցիները ցույց են տվել իրենց հստակ վերաբերմունքը դավաճանի դեմ, որովհետև մեծ հաշվով նրանց պայքարը կյանքի ու մահվան պայքար  է։

Շատ հետաքրքիր փոխակերպումներ կատարվեցին Ռոբերտ Քոչարյանի դեպքում վերջին երեք տարիների ընթացքում։ Այն ուժերը, որոնք նպատակադրվել էին սին մեղադրանքներով նրան ոչնչացնել, հենց իրենք նպաստեցին՝ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշն այսօր այնքան բարձր է, որ նա է դիտվում որպես իրական մրցակից։ Ապաշնորհ կառավարմամբ, անհավասարակշիռ ու ղեկավարի  չպատշաճող պահվածքով, պատերազմը տանուլ տալով՝ Նիկոլն ինքը ստիպեց մարդկանց վերհիշել Քոչարյանի կառավարման տարիները։ Էյֆորիայից սթափված մարդիկ արդեն համեմատում են մեկի հիստերիկ դատարկաբանությունները մյուսի գրագետ ու պրոֆեսիանալ վերլուծությունների հետ։  Տեսնում են  Քոչարյանի հետևողականությունն ու արժանապատիվ կեցվածքը դատարանում․․․ երեք տարի առաջ նա ասաց՝ «կնստեմ ու կապացուցեմ, որ արդար եմ», և պահեց իր խոսքը։ 

Խայտառակ պարտությունը ստիպեց շատերին հիշել 90-ականնների կեսերի պանծալի հաղթանակը և այն կերտողներին։ Հայրենիքի ինքնիշխանության կորստի վախը շատերին ստիպեց ռեալ գնահատել լիդերի ցանկալի հատկություները, և շատերն են ընդունում, որ միայն ուժեղ անհատը կարող է իրավիճակ շտկել։ Աստիճանաբար շատերի ընկալման մեջ է Ռոբերտ Քոչարյանը պայքարի և հաջողության սիմվոլ դառնում, և արդեն անգամ նրան չսիրողներն են Հայի փրկության հույսը կապում միայն նրա հետ։

Մայիսի 9-ին, ապականված Եռատոնի օրը, միակ սփոփանքը կազմավորվող դաշինքի մասին հայտարարությունը կլինի։ Հույս կարթնանա, որ հայ մարդը ուշքի կգա և իր լուման կներդնի Հյարենիքի փրկության և զարգացման գործում։ Իրական հայրենասեր ուժերի միավորումն է այդ հույսը տալիս»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ի՞նչ գնումներ է կատարել Քրիստիննե Գրիգորյանը
Արտաքին հետախուզական ծառայության մասին սա, թերեւս, միակ տեղեկությունն է, որ հայտնի է։ Որեւէ մեկին...
«Ժողովուրդ». Գյուղատնտեսությունը անկում է ապրել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 183
Ժողովուրդ օրաթերթը համադրելով պաշտոնական տեղեկությունները, պարզեց, որ իրականում Հայաստանում...
«Հրապարակ». Փաշինյանին չի հաջողվում ՔՊ-ն դարձնել եվրոպական ազդեցիկ կուսակցություններից որեւէ մեկի անդամ
Դեռ շաբաթներ առաջ ՔՊ-ական մեր աղբյուրներն ասում էին, որ կարծես որոշում ունեն եւ անդամակցության հայտ են...
«Հրապարակ». Լեւոն Քոչարյանը կուսակցություն կբացի՞
Չկան կուսակցություն բացելու մտադրություններ, իսկ հիմա զբաղված եմ, շտապում եմ քննարկման...
«Ժողովուրդ». Դատական համակարգում ՍԴ դատավորի նոր հավանական թեկնածուի անուն է շրջանառվում
Քաղաքական իշխանությունը իր «սրտի» թեկնածուին է փորձում առաջ տանել, իսկ դատական համակարգը չի...
«Հրապարակ». Միլիարդներ նորաստեղծ ՊՈԱԿ-ների համար
Նախագծից տեղեկանում ենք նաեւ, որ ստեղծվելիք ՊՈԱԿ-ը պետք է զբաղվի ինչ-որ համակարգչային ծրագրերի...
Ամենաշատ