News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 13
Տեսնել լրահոսը


Մեր պատվի գործն է առաջիկա ընտրություններին ընդդիմության հաղթանակով հեռացնել պետության կառավարումը ձախողած, ժողովրդի ապագան ու պետականությունը վտանգի տակ դրած, պատվազուրկ և կապիտուլյանտ իշխանություններին, վերականգնել ՀՀ լիարժեք ինքնիշխանությունը, վերադարձնել մեր ժողովրդին իր հայրենիքում խաղաղ ապրելու, անվտանգ և արժանապատիվ արարելու իրավունքն ու վաղվա օրվա նկատմամբ հավատը: Հայաստանի Հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունների կողմից «Պատիվ ունեմ» հուշագրի ստորագրությունից առաջ իր ելույթում ասաց ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը»

«Մեր պատվի գործն է առաջիկա ընտրություններին ընդդիմության հաղթանակով հեռացնել պետության կառավարումը ձախողած, ժողովրդի ապագան ու պետականությունը վտանգի տակ դրած, պատվազուրկ և կապիտուլյանտ իշխանություններին, վերականգնել ՀՀ լիարժեք ինքնիշխանությունը, վերադարձնել մեր ժողովրդին իր հայրենիքում խաղաղ ապրելու, անվտանգ և արժանապատիվ արարելու իրավունքն ու վաղվա օրվա նկատմամբ հավատը: Մենք չենք կարող և բարոյական իրավունք չունենք մի կողմ քաշվել և անտարբեր հետևել պետության կործանման ընթացքին»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական զարգացումները, գրեթե ամենուր լարվածության աճը, Հայաստանի հարևանությամբ տեղի ունեցող իրադարձությունները, երկրին անմիջականորեն սպառնացող վտանգները և այս ամենի ֆոնին ՀՀ գործող իշխանությունների ոչ համարժեք վարքագիծը լավատեսության ոչ մի հիմք չեն տալիս՝ հուսալու, որ նման պայմաններում հնարավոր է այսօր կկարողանալ գրագետ, ճիշտ հաշվարկված քայլերով կանխել վերահաս վտանգը, դուրս գալ կործանարար շրջափուլից ու պետության ընթացքը տեղափոխել անվտանգ ու զարգացման ռելսերի վրա:

«Իսկ դա հնարավոր է, միանգամայն հնարավոր է առանց իշխանությունը զավթած պոպուլիստների, որոնք պետությունը լայն քայլերով տանում են դեպի վերջնական կործանում»,-ասաց Սերժ Սարգսյանը: 

ՀՀ 3-րդ նախագահն ասաց՝ ժամանակին իրենք ժողովրդին հաղթանակ են բերել. «Հայրենիքում, թե աշխարհի որևէ ծայրում հայը քայլել է գլուխը բարձր՝ որպես հաղթանակած ժողովրդի զավակ, որպես հաղթանակած ժողովրդի ներկայացուցիչ, մենք այդ հպարտությունը վերադարձնելու ենք, անհնարին ոչինչ չկա»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը, խոսելով «Հայրենիք»-ի հետ դաշինք կազմելու մասին, նշեց, որ Արթուր  Վանեցյանը ժամանակին է զգացել վտանգները և խոսել այդ մասին, բայց, ավաղ, նրան չեն լսել:

«Արթուր Վանեցյանը ժամանակին գիտակցեց նորելուկ շնագայլերի ողջ իրական էությունը, անձամբ կանգ առավ և կոչ արեց նաև մյուսներին: Ավաղ, նրան չլսեցին: Ասեմ ուղիղ՝ դժվար թե գտնվի մի մարդ, ով այս իշխանությունների հետապնդումներից ավելի է տուժել, քան ես, իմ ընտանիքն ու մերձավոր շրջապատը: Սա ասելով, իհարկե, ես հասկանում եմ, որ յուրաքանչյուր մարդ իր պրոբլեմը, իր ցավն ամենացավոտն է համարում: Սակայն անձնական զգացողությունները, ամբիցիաներն ու քաղաքական կոնյուկտուրան անցողիկ են և խիստ երկրորդական՝ այն առաքելության համեմատ, որ ունի յուրաքանչյուր գիտակից հայ գործիչ մեր երկրում ստեղծված ճգնաժամի պարագայում:
Ի դեպ, ընտանիքի մասին: Այսօր ինչպես մեր, այնպես էլ ՄԱԿ-ի անդամ մյուս երկրներում նշվում է ընտանիքի օրը: Որպես կյանքի բովով անցած մարդ և ճակատագրի հարվածները պատվով ընդունած հայ տղամարդ՝ մի խորհուրդ տամ բոլորին՝ ամուր, սիրով և համերաշխությամբ պահեք ձեր ընտանիքը, այն որ ոչ միայն ձեր, այլև մեր երկրի իրական հարստությունն է: Ընտանիքը նաև ազգային պահպանողական մեր կուսակցության՝ Հանրապետականի համար հասարակության հիմքն է:
Հայաստանում պետք է ոչ թե 5 000 նոր գերեզման ավելանար, այլ 5 000 նոր հարսանիք, կնունք ու ծնունդ լիներ: Եռագույնները պիտի ծածանվեին ոչ թե մեր հերոսների շիրիմներին, այլ հայոց բանակի հաղթական շքերթներին: Մեր արցունքները պիտի ուրախության, այլ ոչ թե ողբերգության հույզերից ծնվեին: Եվ այդ լուսավոր տղաներին, նրանց ընտանիքներին, մեր ողջ ժողովրդին բոլորս պարտք ենք արժանապատվություն, հույս և խաղաղ ու անվտանգ, բարեկեցիկ և հզոր Հայաստան:
Կյանքի ճշմարտություններից է՝ երբ չես գնահատում այն, ինչ ունես, ապա շատ արագ կորցնում ես: Ցավոք, այդ ճշմարտությունը հիշեցրեց իր մասին, և մեր ժողովուրդն այսօր ցավ է ապրում իր Հայրենիքի մի հատվածի և որդիների կորստից: Ընդգծում եմ ևս մեկ անգամ՝ անցյալին վերադարձ չի լինելու: Բայց այսօր ուզում եմ նաև ուղիղ ասել՝ ով չի խոստովանում անցյալի սխալները՝ չունի քաջություն, ով չի գնահատում անցյալի ձեռքբերումները՝ չունի ազնվություն»,- իր խոսքում ասաց 3-րդ նախագահը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ