News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այս հանդիպումից անմիջապես հետո գնալու եմ ուղիղ եթերում մասնակցելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների բանավեճին եւ հույս ունեմ այնտեղ տեսնել այս ընթացքում մեր մասին ամենաակտիվ հոխորտացողներին, յաթաղան պտտողներին։ Եկեք եւ ուղիղ եթերում կանգնեք ժողովրդի առաջ եւ ի ցույց դնենք, թե ով ով է, ով որտեղից է գալիս եւ ուր է գնում։ Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, Հանրապետության հրապարակում Հանրապետության hրապարակում  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Նախընտրական քարոզարշավի այս տասը օրերի ընթացքում մենք շրջեցինք մեր Հանրապետության բոլոր անկյուններում։ Մենք եղանք բոլոր մարզերում՝ կարճ ու երկար, պլանավորված ու չպլանավորված հանդիպումներ ունեցանք բոլոր մարզերի 75 բնակավայրերում՝ ներառյալ մայրաքաղաք Երեւանում, շփվեցինք տասնյակ հազարավոր մեր քաղաքացիների հետ։ Նախընտրական քարոզարշավը ընդունված է դիտել որպես հոգնեցուցիչ մի մրցավազք, որ սովորաբար սկսում են ոգեւորված եւ ավարտվում հյուծված։ Այս քարոզարշավը սակայն լրիվ հակառակ տրամաբանությունն ունեցավ մեզ համար։ Նախորդ 8 ամիսների դժոխքի ճանապարհը, նախորդ 8 ամիսները դժոխքի ճանապարհ էին մեզ համար։ Նախընտրական քարոզարշավ մենք մուտք գործեցինք պատերազմի, հետպատերազմական դժոխային ճանապարհից հյուծված, անեծքների ու հայհոյանքների, սպառնալիքների ու հոխորտանքների, դավադրությունների ու դավաճանությունների անվերջանալի թվացող շարքից խոցոտված։ Այս վիճակում մենք դուրս եկանք քարոզարշավի եւ փարվեցինք Հայաստանի Հանրապետության ժողովրդին, ժողովուրդը մեզ ընդունեց այնպես, ինչպես ընդունում են պանդխտությունից կամ գերությունից վերադարձած հարազատին։ Հազարավոր մայրեր մեզ գուրգուրեցին հարազատ մոր պես, հազարավոր հայրեր մեզ ուժ տվեցին հարազատ հոր նման, հազարավոր քույրեր մեզ թեւ տվեցին հարազատ քրոջ պես, հազարավոր եղբայրներ մեզ թիկունք եղան հարազատ եղբոր նման, հազարավոր երեխաներ մեզ խինդ ու երջանկություն պարգեւեցին հարազատ զավակի նման։ Հայաստանի ժողովուրդը մեզ դուխ տվեց եւ ուժ տվեց, վստահություն եւ սեր տվեց, մեզ իշխանություն տվեց՝ շարունակելու Հայաստանի Հանրապետության առաջնորդությունը եւ հիմա մնացել է դե ֆակտո այս իրողությունը արձանագրել նաեւ դե յուրե առաջիկա կիրակի օրը՝ 2021 թվականի հունիսի 20-ին գնալ ընտրատեղամասեր, վերցնել քվեաթերթիկ համար 3-ը, առանց գրիչով որեւէ նշում անելու այն դնել ծրարի մեջ, ընդհանրապես գրիչ պետք չի օգտագործել, քվեաթերթիկի վրա գրիչով որեւէ նշում անել չի կարելի։ Հոգ տանել, որ քվեատուփի մոտ դրոշմանիշ փակցնեն, ծրարը նետել քվեատուփի մեջ եւ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում ապագա կա»,- ասաց Փաշինյանը։

Նա հայտարարեց, որ արդեն ժամանակն է՝ խոսել ապագայի առանցքային ուրվագծերի մասին, ձեւակերպել, թե ինչ ապագա են իրենք պլանավորում.

«Ապագայի մասին մեր պատկերացումները հիմնված են չորս հենասյուների վրա։ Առաջին հենասյունը անվտանգությունն է, երկրորդ հենասյունը՝ տնտեսությունը, երրորդ հենասյունը՝ իրավունքը եւ արդարությունը, չորրորդ հենասյունը՝ մարդկային կապիտալի զարգացումը։ Այս թվագրումը զուտ պայմանական է, որովհետեւ մեր համոզմամբ, դրանք հաղորդակից անոթներ են մեր պետական օրգանիզմի կենսական գործառույթներ, եւ դրանիցից մեկի աշխատանքի խաթարումը հանգեցնում է ամբողջ օրգանիզմի ցնցմանը, հետեւաբար դրանք կարեւոր են հավասարապես։ Տնտեսության զարգացումը բերում է  նոր բյուջետային եկամուտներ, որը հնարավորություն է տալիս ավելի շատ ներդրում անել անվտանգության ոլորտում։ Անվտանգության ապահովումը հնարավորություն է տալիս ավելի շատ կենտրոնանալ մարդկային կապիտալի զարգացման հիմնահարցերի վրա։ Մարդկային կապիտալի զարգացումը հնարավորություն է տալիս ունենալ իրավունքի եւ արդարության ավելի բարձր մակարդակ եւ ստանդարտներ։ Իրավունքի եւ արդարության ավելի բարձր ստանդարտները նոր հնարավորություններ են ստեղծում տնտեսության զարգացման համար։ Այս 4 հենասյուների ներքին կապերը բազմաթիվ ու բազմապիսի են։ Այս է պատճառը, որ մենք ուղղություններից որեւէ մեկը չենք դիտարկում մյուսից մեկուսացած, ինչպես չի կարող մարդկային օրգանի որեւէ կենսական օրգան մեկուսացած կամ առանձնացած լինել մյուսներից։ Տնտեսության մասին մեր ռազմավարական պատկերացումը հետեւյալն է. այն պետք է լինի գիտելիքահենք՝ սկսած գյուղատնտեսությունից, շարունակած արտահանմամբ եւ առեւտրով, պետք է հենվի մինչ այժմ գոյություն ունեցած եւ նոր ի հայտ եկած ու եկող գիտելիքի, հմտության, իմացության վրա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ