News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 04
Տեսնել լրահոսը

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 22.06.2021թ․ մերժեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը և ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 15․01․2020 թվականի վճիռը թողեց անփոփոխ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Hayc.am-ը:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Լ․Գրիգորյանի, բավարարել էր մեր վստահորդ Ամատունի Վիրաբյանի պահանջը՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի 07.09.2020 թվականի թիվ 354-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու վերաբերյալ:

Վերոնշյալ հրամանը ճանաչվել էր անվավեր: Դատարանը վճռել էր վերականգնել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության նախկին տնօրենին իր պաշտոնում, ինչպես նաև՝ պատասխանող ՀՀ արդարադատության նախարարությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ գումար որպես պետական տուրք, պատասխանող ՀՀ արդարադատության նախարարությունից հօգուտ հայցվոր Ամատունի Վիրաբյանի բռնագանձել 50.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Միևնույն ժամանակ, ՀՀ ՔԿ Արաբկիրի քննչական բաժնում կարճվել էր նաև պարոն Վիրաբյանի նկատմամբ 14․08․2020թ․ հարուցված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Հիշեցնենք նաև, որ վերոնշյալ քրեական գործը հարուցվել էր քաղաքացու անհիմն բողոքի հիման վրա, որից հետո, պարոն Վիրաբյանի հավաստմամբ, իրեն հրավիրել էին նախարարություն և առաջարկել ազատման դիմում գրել, քանի որ իրեն չեն վստահում։ Նա, բնականաբար, հրաժարվել էր։

Արդյունքում, «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը ՀՀ արդարադատության նախարարի 07․09․2020թ․ հրամանով ազատվել էր աշխատանքից՝ այլ հիմքով։ Վիրաբյանի պնդմամբ, որոշումն անհիմն էր, քանի որ որպես աշխատանքից ազատման պատճառ նշվել էր, թե 2016-2018 թթ. Հայաստանի ազգային արխիվը հարկեր չի վճարել և պետությանը հասցրել է վնաս։ Մինչդեռ իրական պատմությունն այն է, որ 2016-ին պետությունը որոշել էր, որ բոլոր ՊՈԱԿ-ները պետք է ԱԱՀ վճարեն, բայց բյուջեից այդ նպատակով գումար չէր հատկացվել։ Այսինքն՝ այդ պահին բոլոր ՊՈԱԿ-ները չէին վճարել այդ հարկը։ Ավելի ուշ պետությունը պահուստային ֆոնդից բոլոր ՊՈԱԿ-ներին հատկացրել էր գումարը, այդ թվում՝ Հայաստանի ազգային արխիվին՝ մոտ 800 միլիոն դրամ, և հարկերը վճարվել էին։

«Հայց» փաստաբանական գրասենյակի փաստաբան Տիգրան Գրիգորյանի կարծիքով, նախարարի որոշումը ոչ իրավաչափ էր, քանի որ դեպքը տեղի էր ունեցել, երբ Հայաստանի Ազգային արխիվը գտնվել է մեկ այլ նախարարության կազմում, իսկ տվյալ նախարարը տեղի ունեցածի մասին իմացել էր, բայց որևիցե ներգործություն չէր իրականացրել, քանի որ հիմքեր չէին եղել։ Հետևաբար, դեպքից երկու տարի անց նման հիմքով հրաման արձակելն առնվազն վկայում էր արդարադատության նախարարի գործողությունների՝ անձնավորված լինելու մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել