News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 31
Տեսնել լրահոսը

Հարավային Ֆլորիդայի Սուրֆսայդ քաղաքում օվկիանոսի ափին գտնվող 12 հարկանի բնակելի շենքը մասամբ փլուզվել է, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, եւս 51-ը անհետ կորած են համարվում: Դեպքի վայրում աշխատում են հարյուրավոր հրշեջներ ու փրկարարներ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Մայամի-Դեյդ շրջանի կոմիսար Սալի Հեյմանի խոսքով՝ իշխանություններին դեռ չի հաջողվել կապ հաստատել 51 մարդու հետ, ովքեր «ենթադրաբար» բնակվել են այս շենքում: Բնակիչների թվում եղել են ընտանիքներ, որոնք գալիս են ձմեռելու Ֆլորիդայում:

Հրշեջներից մեկը հայտնել է, որ շենքից 35 մարդ է փրկվել: Նրանցից երկուսը դուրս են բերվել փլատակների տակից:

Տեղական իշխանությունների հետ խոսելուց հետո Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսն ասել է, որ փլատակների տակ կարող են այլ զոհեր լինել: Նա հավելել է, որ մտադիր է անձամբ այցելել դեպքի վայր:

«Մենք ամենալավի հույս ունենք, բայց պատրաստվում ենք վատ լուրերի՝ հաշվի առնելով ավերածությունների մասշտաբը»,- ասել է Դեսանտիսը՝ Տամպայի մերձակա համայնքային քոլեջում կայացած միջոցառման ժամանակ:

1981 թվականին կառուցված շենքում կար ավելի քան 130 բնակարան, որից շուրջ 80-ը զբաղված էր:

Փլուզումը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 2-ին: Անհասկանալի է, թե այդ պահին քանի մարդ է եղել շենքի ներսում:

«Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող էր դա պատահել»,- լրագրողներին ասել է քաղաքապետ Չարլզ Բերկետը,- «Շենքերը հենց այնպես չեն փլվում»:

Նրա խոսքով՝ տանիքում շինարարական աշխատանքներ էին ընթանում, բայց անհասկանալի է՝ արդյոք որեւէ ծանր տեխնիկա է օգտագործվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ