Ներկա պահին Արմեն Չարչյանը գտվում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, նրան տեղափոխել են հուլիսի 3-ին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի արդեն նախկին ղեկավար, բժիշկ Արմեն Չարչյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը:
«Այնպես չէ, որ նրա առողջական վիճակը լավ է: Ունի շաքարային դիաբետ, շատ բարձր է ներկա պահին: Երբ նրան տեղափոխում էին, կար բժշկի կողմից տրամադրված համապատասխան տեղականք, ուղեգիր, որ բժշկական հսկողության կարիք ունի, և այդ բժշկական հսկողությունը փաստացի նրան այս պահի դրությամբ չի ապահովվում»,- ասաց պաշտպանը:
Նա նշեց, որ արդեն ձեռնարվում են համապատասխան միջոցներ Դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու համար:
Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։
Նրան կալանավորելու որոշում է կայացրել առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը։ Նա գտել էր, որ քննությանը խոչընդոտելու հիմքն առկա է։
Հավելենք, որ Չարչյանին ձերբակալելը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ։ Նա ազատ արձակվելուց հետո ասուլիս էր տվել, որի ժամանակ անդրադարձել էր հարուցված քրեական գործին ու պնդել, որ այն «կարված գործ է»։
Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էր մի ձայնագրություն, ըստ որի Չարչյանը բժշկական կենտրոնի իր աշխատակիցներին հորդորում էր՝ մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ըստ պաշտպանական թիմի ՝դատարան է ներկայացվել այդ ձայնագրության մոնտաժված տարբերակը, ամբողջական տարբերակում, ըստ պաշտպանների, սպառնալիք կամ ճնշում չի գործադրվել իր աշխատակիցների նկատմամբ։











