News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2020 թվականին Լեռնային Ղարաբաղի համար պատերազմից հետո տարածաշրջանի այն հատվածը, որտեղ դեռ նախկինի պես հայեր են բնակվում, եւ որը չի վերադարձվել Ադրբեջանին հրադադարի մասին համաձայնագրից հետո, փաստացի դարձել է Ռուսաստանի պրոտեկտորատը, իսկ ԵՄ-ի հեղինակությունը տարածաշրջանում վատթարանում է: Այսպես է կարծում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Հարավային Կովկասի հարցերով տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Ֆելիքս Հեթը, որը մասնակցել է հուլիսի 6-ին կայացած առցանց քննարկմանը՝ կազմակերպած Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությանը (ԳՍԴԿ) մոտ գտնվող գերմանական հիմնադրամի կողմից: Գերմանացի փորձագետը քաջածանոթ է հակամարտության պատճառներին եւ հետեւանքներին, սակայն ոչ գերմանացիների մեծամասնությանը, գրել է Deutsche Welle-ն:

Քննարկման հենց սկզբում Հեթը նշեց, որ այժմ քիչ օբյեկտիվ տեղեկություններ կան Ղարաբաղի տարածաշրջանի վերաբերյալ: Ֆելիքս Հեթը ներկայումս գտնվում է Թբիլիսիում, որտեղ է Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակը: Նա հիշեցրեց, որ 2014 թվականին Բաքուն փակել էր հիմնադրամի գրասենյակը Ադրբեջանում, իսկ Երեւանի հետ հիմնադրամը սերտ կապեր է պահպանում:

Ըստ Հեթի՝ հրադադարի մասին հայտարարությունից հետո Լեռնային Ղարաբաղի բնակիչների մեկ երրորդը՝ շուրջ 110 հազար մարդ, փախել է Հայաստան: Հետագայում նրանցից 70 հազարը վերադարձել է, բայց ոչ այն քաղաքներ ու գյուղեր, որտեղ նրանք ավելի վաղ բնակվում էին , եւ որոնք այժմ վերահսկվում են Ադրբեջանի կողմից: (Հրադադարի արդյունքում Ադրբեջանը փաստացի հաղթեց 44-օրյա պատերազմում եւ կրկին մուտք գործեց Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում գտնվող տարածքներ, որոնք մինչ այդ զբաղեցնում էին հայերը):

Այդ պատճառով Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության տարածքը պակասեց, իսկ վերադարձող հայերի պատճառով բնակիչների թիվն ավելացավ: Հետեւաբար, այժմ կացարանի, աշխատանքի եւ ջրամատակարարման հետ կապված սուր խնդիր կա: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի պատճառով (միջազգային իրավունքի համաձայն՝ այն չճանաչված պետություն է), Կարմիր խաչից բացի ոչ մի միջազգային կազմակերպություն օգնություն չի տրամադրում, ասել է Ֆելիքս Հեթը:

Բայց որպես օգնականներ, այդ թվում՝ ենթակառուցվածքների վերականգնման գործում, հանդես են գալիս ռուս զինվորականները (փորձագետը նրանց անվանում է խաղաղապահներ): Այժմ տարածաշրջանում կա 4 հազար ռուս զինծառայող: Նրանց մնալու մասին համաձայնագիրը կնքվել է 5 տարի ժամկետով եւ ավտոմատ կերպով կերկարաձգվի նույն ժամանակահատվածով, եթե կողմերը չդադարեցնեն այն, ընդգծում է գերմանացի փորձագետը:

Ըստ նրա` հայերը, այդ թվում` Ղարաբաղում բնակվողները, ելնում են նրանից, որ ռուսները երկար կմնան տարածաշրջանում: Ռուսաստանի նկատմամբ քննադատական ​​տրամադրությունները, որոնք կային պատերազմից առաջ էր, այժմ չեն նկատվում: Ղարաբաղի բնակիչները ռուս զինվորականների ներկայությունը գնահատում են որպես իրենց անվտանգության երաշխիք, քանի որ զինվորականներն օգնում են նրանց հասնել արոտավայրերին եւ ջրամբարներին, գերեզմաններին, որոնք գտնվում են ադրբեջանական դիրքերին մոտ:

Խոսելով Ղարաբաղյան հակամարտության հարցում Ռուսաստանի դիրքորոշման մասին՝ փորձագետը նշում է, որ կան տարբեր մեկնաբանություններ, թե ինչու է Մոսկվան «թույլ տվել» Ադրբեջանին հաղթել: Այս վարկածներից մեկն այն է, որ Հայաստանը, պարտվելով պատերազմում եւ կորցնելով 1994 թվականի պատերազմի արդյունքում ստացած տարածքների մի մասը, դարձել է քաղաքականապես էլ ավելի կախված Ռուսաստանից: Սա համապատասխանում է ՌԴ արտաքին քաղաքական հայեցակարգին, որը ձգտում է դեպի բազմաբեւեռ աշխարհ՝ առանց ԱՄՆ հեգեմոնիայի: Եվ այս հայեցակարգում Ռուսաստանը Կովկասը դիտում է որպես իր ազդեցության ոլորտ:

Հարավային Կովկասում Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի խոսքով՝ Ղարաբաղյան պատերազմից հետո ԵՄ-ի եւ Գերմանիայի հեղինակությունը մեծապես տուժել է այս տարածաշրջանում: Եվրամիությունը դեմ էր Ղարաբաղում պատերազմին, բայց այն տեղի ունեցավ: Հետեւաբար, տարածաշրջանում ԵՄ-ին նախատում են այն բանի համար, որ դիվանագիտությունը չի աշխատել: Բացի այդ, Հայաստանի կողմից, ընդգծում է Ֆելիքս Հեթը, քննադատություն է հնչում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու մասին, որը պատերազմը սկսեց Թուրքիայի բացահայտ աջակցությամբ:  

Ըստ Հեթի՝ Ղարաբաղի շուրջ հակամարտությունը խաղաղ, դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու ԵՄ փորձը ձախողվեց: Միեւնույն ժամանակ, նա ուշադրություն է հրավիրում այն ​​փաստի վրա, որ ավելի վաղ ԵԱՀԿ շրջանակներում Մինսկի խմբի բոլոր ջանքերը նույնպես ոչ մի արդյունքի չեն բերել, քանի որ հակամարտության կարգավորման մասին համաձայնության հիմնական պայմանը՝ տարածքների դիմաց Ղարաբաղի կարգավիճակը, հակամարտության կողմերը հրաժարվեցին կատարել:

Սակայն այս ամենը չի նշանակում, որ հակամարտությունը եւ դրա հետեւանքները չեն վերաբերում եվրոպացիներին, ընդգծում է փորձագետը: Չնայած այն հանգամանքին, որ ամենը տեղի է ունենում ԵՄ սահմաններից հեռու, չի կարելի հաշվի չառնել այն փաստը, որ նավթի վաճառքով հարստացված փոքր երկիր պատերազմ սկսեց՝ հրաժարվելով հակամարտության լուծման խաղաղ ճանապարհից: Դա շատ է անհանգստացնում եվրոպացիներին՝ իրենց իսկ անվտանգության համատեքստում: Ինչպես նաեւ այն փաստը, որ Ադրբեջանում պետական ​​լրատվամիջոցները շարունակում են ատելություն սերմանել հայերի նկատմամբ, եւ Բաքուն փորձում է ավելի ամրապնդել պատերազմում հաղթածի իր դիրքերը, ասում է Ֆելիքս Հեթը:

Ի տարբերություն ԵՄ-ի եւ Գերմանիայի, Թուրքիան նշանակալի դեր խաղաց հակամարտության եւ նրա ռազմական կարգավորման գործընթացում, որին դեմ էր Արեւմուտքը: Նախագահ Էրդողանը բացահայտ ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, շեշտում է հիմնադրամի գերմանացի փորձագետը: Թուրքական կողմի տրամադրած զենքի, մասնավորապես՝ նորագույն անօդաչուների շնորհիվ, որոնց դեմ հայկական ՀՕՊ համակարգը գործնականում անզոր էր, ռազմական գործողություններում Ադրբեջանը հաղթանակ տարավ:

Ինչպես շեշտում է Ֆելիքս Հեթը, անհասկանալի է, թե ինչ էր ուզում ձեռք բերել Թուրքիան՝ մասնակցելով պատերազմին, եւ անհասկանալի է նաեւ, թե ինչու է նա հայտարարված հրադադարից հետո շարունակում արգելափակել Հայաստանի հետ սահմանը, որը փակել էր դեռ 90-ականների սկզբին՝ վկայակոչելով հայկական զորքերի կողմից Ադրբեջանի շրջանների օկուպացիան: Սակայն Երեւանը, որը, ըստ էության, շահագրգռված է տնտեսական պատճառներով վերադառնալ նորմալ ռեժիմի, սահմանը բացելու հեռանկարը սպառնալիք է համարում իր անվտանգության համար, ընդգծում է Հեթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ