News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


«Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը սկսեց ամփոփիչ ելույթը ՍԴ-ում աստվածաշնչյան մեջբերմամբ՝ ուրիշի հետ այնպես վարվիր, ինչպես կցանկանայիր, որ վարվեին քեզ հետ։

«Նախկին իշխանություններն այժմ ընդդիմություն են, եւ հակառակը։ Հասկանո՞ւմ ենք արդյոք այս սկզբունքի խորությունը»,- նշեց Զոհրաբյանը։

Անցնելով իր դիմումի կետերին՝ նա հիշեցրեց, որ Սահմանադրության 149 հոդվածի 2-րդ մասը անդրադառնում է վարչապետի հրաժարականի հարցին։ «Կարո՞ղ է արդյոք նման տրամաչափի պաշտոնյայի պաշտոնը թափուր մնալ։ Նախագահի պարագայում (144 հոդված)՝ հրաժարականի դեպքում, մինչեւ նոր նախագահը՝ լիազորությունները կատարում է խոսնակը։ Սա՝ պետության ղեկավարի դեպքում, եւ ոչ մի ահավոր բան տեղի չի ունենում։ Խոսնակին փոխարինում է տեղակալներից մեկը։ Վարչապետի բացակայության դեպքում փոխարինում է փոխվարչապետերից մեկը։ Վարչապետը կարող է 30 օրով արձակուրդ գնալ։ Եվ նրան նույնպես փոխարինում է տեղակալը։ Եվ երկիրը չի քանդվում»,- թվարկեց Զոհրաբյանը։ Նա հիշեցրեց Սերժ Սարգսյանի ոչ այնքան վաղուցվա հրաժարականը վարչապետի պաշտոնից։ «Ի՞նչ կլիներ, եթե Սերժ Սարգսյանը մնար հրաժարականից հետո եւ ինքն անցկացներ ընտրությունները։ Հրաժարականն է հենց էությունը. ժողովրդի ճնշման տակ մարդը հրաժարական է տալիս։ Այստեղ քննարկվեց՝ արդյո՞ք այդպիսին էր Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Իմ կարծիքով՝ անկասկած, այդ մասին վկայում է հայտարարության տեքստը։ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 25-ից հետո չէր կարող լինել վարչապետի պաշտոնակատար»,- ընդգծեց Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ ընտրություններն անցկացվել են այն նույն օրենսդրությամբ, ինչ եւ նախկինում, որոշ կոսմետիկ շտկումներով։ Նա հիշեցրեց հայտարարություններն այն մասին, որ բոլոր ընտրությունները, բացի 1999թ. ընտրություններից, վատն էին եւ չեն արտացոլել ժողովրդի կամքը, եւ նշվել էին մի քանի խնդիրներ, որոնց ուղղումից հետո ընտրությունները պետք է բարելավվեին։ «Դրանց թվում ցուցակները։ Այդ խնդիրը լուծված չէ։ Բացառել կրկնակի քվեարկության հնարավորությունը նույնականացման օգնությամբ։ Անհանգստությունն այն էր, որ կարող էին լինել ուռճացված ցուցակներ եւ անհրաժեշտ էր հրապարակել ցուցակներն ու նույնականացնել ընտրողներին։ Համակարգը ենթադրում էր, որ եթե քաղաքացին փորձում է քվեարկել ուրիշի փոխարեն, համակարգը դա պարզում է։ Համակարգը չի ներդրվել։ Այն, ինչի դեմ բողոքում էր ներկայիս կառավարող ուժը, մնացել է անփոփոխ։ ՍԴ-ն չպարզեց քաղաքացիների այդ կարգի տվյալները, չնայած ԱԱԾ-ն համաձայն էր տեղեկություն տալ հարցման դեպքում։ Տարօրինակ է նաեւ ԿԸՀ արձագանքը։ Կասկածներն այս մասով ոչ միայն չեն ցրվել, այլեւ խորացել են»,- փաստեց Զոհրաբյանը։

Իրավաբանը հիշեցրեց, որ նույն կազմն է իրականացրել 2017թ. ընտրություններն ու դրանից առաջ։ «Ես անձամբ գիտեմ շատերին ու բարձր կարծիքի եմ նրանց մասին։ Բայց այդ ինչպե՞ս է ստացվում, որ մինչեւ 2018թ. ընտրությունները եղել են վատը (կառավարող ուժի գնահատմամբ)։ Ինչպե՞ս է ստացվել, որ այն ժամանակ ԿԸՀ-ն խախտում էր, իսկ հիմա դարձել է օրինավոր։ Կամ կառավարող ուժը մեզ առաջ խաբում էր՝ մեղադրելով ԿԸՀ-ին, կամ նրան պետք են ԿԸՀ ծառայությունները»,- եզրակացրեց Զոհրաբյանը։

Փաշինյանի կողմից ագրեսիվ հռետորաբանության օգտագործման մասին վարչական դատարանի որոշման հետ կապված՝ Զոհրաբյանն ընդգծեց. շատ կարեւոր է, թե ով է նման հայտարարություններ անում, չէ՞ որ այդ դեպքում այդ անձի ենթակայության տակ են ուժային կառույցները։ Էլ ավելի կարեւոր է, որ այդ անձը անցյալում հասցրել էր իրականացնել նման սպառնալիքները. մարդկանց փռում էին ասֆալտին՝ օրինակ։ «Այդ մարդու սպառնալիքները փաստ են»,- նշեց Զոհրաբյանը։ Նա փաստեց, որ ՍԴ-ն չի պարզել հանրային ծատայողների թիվը, չնայած այդ կարգը առավել խոցելին է՝ ուղղակի ենթակայության տակ գտնվելով։ Նրա խոսքով՝ այն մթնոլորտում, երբ ցանկացած քննադատություն դառնում էր «նախկինների» հետ նույնականացվելու պատրվակ, ոչ մեծ կուսակցություններն իրենց ծրագրերը արժանավայել ներկայացնելու քիչ շանսեր էին ունենում։ Նա նաեւ փաստեց, որ դատարանը քննության առարկա չդարձրեց  ԿԸՀ 183 А որոշումը՝ համարելով, որ այն ինքնըստինքյան կքննի դիմումի առարկայի հետ՝ 184 А որոշմամբ։ Ընդհանուր առմամբ, ՍԴ-ն չբավարարեց մի շարք միջնորդություններ՝ զրկելով լրացուցիչ ապացույցներ ստանալու հնարավորությունից։

Արա Զոհրաբյանը հիշեցրեց, որ անցյալում նախագահ Արմեն Սարգսյանը եղել է դեսպան Մեծ Բրիտանիայում։ «Արմեն Սարգսյանին ընտրել են նախկին իշխանությունները։ Հիմա նա «նախկի՞ն» է, թե՞ ոչ։ Ունի՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը կոմպրոմատ նրա դեմ, ինչի պատճառով Արմեն Սարգսյանը զրկված է իր գործառույթները կատարելու հնարավորությունից և անգործություն է ցուցաբերում»,- հարցրեց Զոհրաբյանը՝ նաեւ ենթադրելով, որ մենք գործ ունենք մարդկանց խմբի հետ, որոնց գործողությունները չեն համապատասխանում պետության շահերին։ «Իշխանություններն օգտագործեցին վարչական ռեսուրսը, ճնշումը։ Գործելով այն նույն համակարգով, որը քննադատում էին այդ նույն ԿԸՀ-ով, ՀՀ քաղաքացիներին զրկեցին ազատ ընտրություն կատարելուց»,- ամփոփեց Արա Զոհրաբյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ