News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վերջերս հրապարակված Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում հատուկ սենսացիաներ չկան: Վարկանիշում կան միայն ընկերությունների փոխատեղումներ: Երկրի տնտեսության բարձր կոնցենտրացիան ինչպես եղել, այնպես էլ մնացել է:

Նշված կոնցենտրացիան հստակ նկարագրված է ստորեւ բերված գծապատկերներում: Երկրորդ գծապատկերում հարկ վճարողները բաժանված են 100 ընկերություններից բաղկացած խմբերի: Ինչպես տեսնում եք, «խոշոր» տերմինը հարմար է միայն «էլիտար» ընկերությունների համար, որոնք զբաղեցնում են ցուցակի առաջին հորիզոնականները: Հավելենք, որ 1000 «խոշորագույնների» մասնաբաժինը Հայաստանի պետական ​​բյուջեի ընդհանուր հարկային եկամուտներում շատ մոտ է 80 տոկոսի մակարդակին:

Ցուցակը կրկին գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» մենաշնորհային ՓԲԸ-ն: Ակամայից հիշում ես աֆորիզմ դարձած խոսքերը. «երբեք նման բան չի եղել, եւ ահա՝ կրկին»: Չէ որ վերջին երկու տարին անընդմեջ առաջին տեղը զբաղեցնում էր «Գրանդ Տոբակո» ՓԲԸ-ն: Դա հույս էր տալիս, որ մեր արտադրական արդյունաբերության առաջատարը կպահպանի իր առաջատար դիրքը վարկանիշում:

Բայց ազդեց կորոնավիրուսի գործոնը: Այդպես, ծխախոտի արտահանումն առաջին եռամսյակում տարեկան կտրվածքով նվազել է 34.4 միլիոն տուփով (կամ 14 տոկոսով): Ընդհանուր առմամբ, ամբողջ արդյունաբերության մեջ այս տարվա հունվար-մայիս ամիսներին ծխախոտային արտադրանքի արտադրությունը տարեկան կտրվածքով նվազել է 17 տոկոսով:

Արդյունքում «գազային» մոնոպոլիստը կրկին բարձրացավ վարկանիշի առաջին հորիզոնականը: Ճիշտ է, ընդ որում հարկերը վճարելով գրեթե 2.5 միլիարդ դրամով ավել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Ուղիղ մեկ տարի առաջ (ավելի ստույգ՝ հուլիսի 19-ին), բնական գազի սակագները որոշ սպառողների խմբերի համար, բացառությամբ բնակչության, բարձրացան: Այսպիսով, բազային ժամանակահատվածում՝ նախորդ տարվա հունվար-հունիս ամիսներին, «հին» սակագները դեռ գործում էին:
Տեղեկություններ կան 2021 թվականի առաջին եռամսյակի բնական գազի վաճառքի մասին: Դրա ընդհանուր ծավալում բնակչության տեսակարար կշիռը 46 տոկոս էր կազմում, այսինքն՝ գրեթե կեսը: Մնացածը բաժին է ընկնում էներգետիկ ոլորտին, արդյունաբերությանը, բենզալցակայաններին եւ այլն:

Այսպիսով, այս տարվա առաջին եռամսյակում բնակչությանը գրեթե 41 միլիոն խորանարդ մետրwv (կամ 13.4 տոկոսով) ավել բնական գազ է վաճառվել, քան մեկ տարի առաջ: Դա թույլ է տվել մոնոպոլիստին մասամբ փոխհատուցել արդյունաբերության կտրուկ անկումը (հասնելով գրեթե 69 միլիոն խորանարդ մետրի): Արդյունքում, ընդհանուր անկումը կազմել է «ընդամենը» 23 միլիոն խորանարդ մետր: Երկրորդ եռամսյակի տվյալները դեռ չեն հրապարակվել, ուստի կարելի է միայն կռահել, թե ինչն է, բացի սակագների բարձրացումից, նպաստել հունվար-հունիս ամիսներին մոնոպոլիստի վճարած հարկերի գումարի ավելացմանը:

Բնակչության մասով հունվար ամսվա մասնաբաժինը կազմել է առաջին եռամսյակում օգտագործված բնական գազի ծավալի գրեթե 43 տոկոսը: Դա հասկանալի է, քանի որ հունվարը շատ ավելի ցուրտ է, քան մարտը: Միեւնույն ժամանակ, հունվարին 19 տոկոսով (!) ավելի շատ բնական գազ է վաճառվել բնակչությանը, քան մեկ տարի առաջ: Միգուցե սառցե գլոբալ դարաշրջա՞ն է սկսվել, եւ մարդիկ հուսահատ փորձում էին պայքարել ցրտերի դեմ:

Բայց նշված ամսվա ընթացքում Հայաստանում օդի միջին ամսական ջերմաստիճանը նորմայից բարձր էր 1-2 աստիճանով (եւ նախորդ տարվա հունվարի ցուցանիշից տարբերվում էր միայն ... 1 աստիճանով): Այնպիսի տպավորություն է, որ «բնակչությունը» շտապել է տաքացնել իր ջերմոցները՝ բնակարանից խողովակ տանելով դեպի այս տնտեսություններ: Հիշեցնենք, որ նախորդ տարի սակագները բարձրացվել էին նաեւ ջերմոցների համար:

Հատուկ ընդգծենք, որ ներկայիս վարկանիշում 17-րդ տեղը զբաղեցնում է «Ալեքս էնդ Հոլդինգ» ՍՊԸ-ն (նախորդ տարվա հունվար-հունիս ամիսներին՝ 22-րդ տեղը): Մեկ այլ ընկերություն՝ «Սիթի» ՍՊԸ-ն, զբաղեցնում էր 19-րդ տեղը (նախորդ տարի՝ 15-րդ տեղը): Միասին դրանք ավելի բարձր տեղ կզբաղեցնեին վարկանիշում: Բոլորին հայտնի է, որ դրանք նույն մարդու՝ Սամվել Ալեքսանյանի ընկերություններն են:

Նշված գործարարը հայտնի է դարձել (բացի իր բազմաբնույթ առեւտրային գործունեությունից) նաեւ իր ընկերությունների անվանումներն անխոնջ ստեղծելու, միաձուլելու (կամ բաժանելու) եւ փոխելու անդիմադրելի ցանկությամբ: Ինչպես նաեւ՝ մի շարք ապրանքային շուկաներում մենաշնորհային (կամ առաջատար) դիրքի չարաշահման հետ կապված բազմաթիվ սկանդալներով: Ահա վերջերս բռնկվեց հերթական սկանդալը շաքարավազի մասով: Բայց, կարծում ենք, վճարելով, ինչպես միշտ, տուգանքներ, ձեռնարկատերը կվերադառնա իր բեղմնավոր գործունեությանը:

Անցյալ տարվանից սկզբունքորեն նոր բան էր վարկանիշում երկրի պաշտպանության նախարարության հայտնվելը: Անցյալ տարվա հունվար-հունիս ամիսներին գերատեսչությունը զբաղեցրել է 4-րդ տեղը: Ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում, 8.9 միլիարդ դրամով ավելի շատ հարկեր վճարելով, գերատեսչությունը տեղափոխվել է երրորդ տեղը:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ում փողոցային շարժական առեւտուրը կկարգավորվի նաեւ մարզերում. փոխնախարար
Փողոցային շարժական առեւտուրը կկարգավորվի նաեւ մարզերում...
Համլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով...
«Fly Arna» ավիաընկերության լիցենզիան դադարեցվել է ինքնաթիռներ չունենալու պատճառով. փոխնախարար
«Fly Arna» ավիաընկերության լիցենզիան դադարեցվել է...
ՀՀ-ում կզրկեն արտասահմանում կազմակերպված ինտերնետ տոտալիզատորներին մասնակցելու հնարավորությունից
Պետք է արգելվի արտասահմանում կազմակերպված ինտերնետ տոտալիզատորներին մասնակցելու հնարավորությունը...
ՀՀ իշխանությունները հրաժարվել են մասնավորեցնել Վրաստանի սահմանին մոտ գտնվող օդանավակայանը
Ստեփանավանի մոտ գտնվող օդանավակայանը հանվել է մասնավորեցման ենթակա գույքի ցուցակից...
Նախատեսվում է պետական տուրք մտցնել քաղավիացիայի շրջանակում մատուցվող ծառայությունների 13 տեսակների համար
Պետական տուրք մատուցվող ծառայությունների համար...
Ամենաշատ