News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 16
Տեսնել լրահոսը

Կլիմայի արագ փոփոխությունը հրահրում է գլոբալ ջերմաստիճանի բարձրացում, այդ իսկ պատճառով ծայրահեղ ջերմային ալիքները սովորական երեւույթ են դառնում երկրի շատ տարածքներում: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ գիտնականները որոշել են պարզել, թե ինչ առավելագույն ջերմաստիճանի կարող է դիմանալ մարդու մարմինը, հայտնում է Planet-today-ը՝ հղում անելով Live Science-ին:

Ո՞ր առավելագույն ջերմաստիճանին կարող են դիմանալ մարդիկ: ՆԱՍԱ-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիաների աշխատակիցները հայտնում են, որ դա 35 աստիճանն է՝ ըստ Ցելսիուսի: Կարեւոր է նշել, որ խոսքը խոնավ ջերմաչափի ջերմաստիճանի մասին է, որը տալիս է օդի ջերմաստիճանի հետ չհամընկնող ցուցանիշներ: Խոնավ ջերմաչափի ջերմաստիճանը չափվում է խոնավ շորով ծածկված ջերմաչափով եւ, համապատասխանաբար, ցուցանիշը կախված է ինչպես ջերմությունից, այնպես էլ խոնավությունից: Սա կարեւոր է, քանի որ ուժեղ խոնավության դեպքում քրտինքը ավելի վատ է գոլորշիանում մարմնից, ինչը հանգեցնում է օրգանիզմի գերտաքացման:

«Երբ խոնավության եւ ջերմաստիճանի ցուցանիշները չափազանց բարձր են, խոնավ ջերմաչափի ջերմաստիճանը կարող է դառնալ կրիտիկական՝ մարդու մարմինը չի կարող սառչել, ուստի անհնար է դառնում կարգավորել ներքին ջերմաստիճանը»,- ասում է ՆԱՍԱ-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի աշխատակից Քոլին Ռեյմոնդը:

Նշենք, որ եթե օդի ջերմաստիճանը կազմում է 46 աստիճան, իսկ հարաբերական խոնավությունը պահպանվում է 30 տոկոսի սահմաններում, ապա խոնավ ջերմաչափի ջերմաստիճանը կլինի 30,5°C, ինչը ընդունելի է: Բայց եթե 39°C-ի դեպքում խոնավությունը բարձրանա մինչեւ 77 տոկոս, խոնավ ջերմաչափի ջերմաստիճանը կդառնա կրիտիկական: Հայտնվելով նման պայմաններում՝ մարդը կյանքի համար վտանգավոր հիպերթերմիկ վիճակում կլինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ