News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մինչ դավադիր իշխանությունները ամենաանհեթեթ պատճառաբանություններով տապալեցին Ազգային Ժողովում Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծման մեր առաջարկը՝ Ադրբեջանը, բացի քաղաքական, դիվանագիտական, ռազմական ճնշումներից, նաև ենթակառուցվածքային ճնշում է կիրառում հայկական պետությունների նկատմամբ՝ իր կոմունիկացիոն ճիրանները պարուրելով Արցախի և Սյունիք շուրջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Սրա մասին են վկայում այսօր Ադրբեջանի կողմից հնչեցված մի քանի հայտարարություններ՝ Արցախի օկուպացված տարածքներում և դրանց շուրջը հիմնական նոր ճանապարհի կառուցման հետ կապված։

Կցված քարտեզից (քարտեզը մասնագիտական չէ, այն սխեմատիկ պատրաստել եմ, որպեսզի պատկերացնեք, թե ինչի մասին է խոսքը) կարող եք եզրակացնել, թե ինչպես է Ադրբեջանը խեղդամահ անելու Արցախը։

Կառուցվող ճանապարհներից հատկապես ուշագրավ են հետևյալ ենթակառուցվածքները՝

- Հորադիզ-Աղբենդ․օկուպացված Արցախի հարավում կառուցվող շուրջ 124կմ երկարությամբ այս ճանապարհը նախատեսում է այնուհետև Հայաստանի հարավով (Մեղրիի հատված) միավորվել Նախիջևանի հետ։

- Տողանա-Քարվաճառ-Իստիսու․ 83 կմ երկարությամբ այս ճանապարհը նախատեսում է Ադրբեջանի հյուսիս-արևմտյան հատվածից ուղիղ կապ ապահովել դեպի Քարվաճառ՝ այդ թվում Մռավ լեռան հատվածում 23 կմ երկարությամբ թունելի կառուցմամբ։

- Քարվաճառ-Լաչին․ 73 կմ երկարությամբ այս ճանապարհը նախատեսում է Արցախից մնացած հատվածը շրջանցել նաև արևմուտքից և հերթական ճանապարհը հարթել դեպի Լաչին և Շուշի։ Այսպիսով Ադրբեջանը Արցախը բոլոր կողմերից վերցնում է ենթակառուցվածքային օղակի մեջ։

- Խուդաֆերին-Սանասար-Լաչին․ 70 կմ երկարությամբ այս ճանապարհը հերթական ուղին է դեպի Լաչին։

- Այսպես կոչված «Հաղթանակի ճանապարհը»․ շուրջ 102 կմ երկարությամբ ճանապարհ դեպի Շուշի, որը այժմ շահագործվում է Ադրբեջանի կողմից։

Բացի նշված ուղղություններից՝ Ադրբեջանը նաև հայտարարել է Ախմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի՝ 82 կմ, Ֆիզուլի-Հադրութ՝ 13 կմ, Շուկուրբեյլի-Ջաբրայիլ-Հադրութ՝ 43 կմ, Բարդա-Աղդամ 45 կմ, Լաչինի «նոր միջանցք»՝ 23 կմ, Թալիշ-Տափկարակոյունլու ճանապարհների կառուցման մասին։

Մեզ համար այս իրավիճակը մի քանի լրջագույն մարտահրավերներ է պարունակում.

1. Արցախի ներսում կոմունիկացիաները խզված են, Արցախի մնացած ճանապարհների հետպատերազմյան ենթակառուցվածքը այնպիսին է, որ Արցախի մի կետից մյուս կետ հասնելու համար մեծ խոչընդոտներ է պետք հաղթահարել։ Նախկինում եղած ճանապարհների մի զգալի մասը այլևս մեր վերահսկողության տակ չէ, իսկ մյուս մասից միայն ռուս խաղաղապահների կարգավորիչ դերակատարությամբ կարելի է օգտվել։

2. Սյունիքում սեփական միջանցքն ունենալու Ադրբեջանի հետևողական և ագրեսիվ քայլերը:

3. Այս քարտեզից ակնհայտ է, որ ադրբեջանական պրոյեկտների հիմնական ուղղությունները գնում են դեպի Շուշի և Լաչին, ինչը նշանակում է, որ Հայաստանը Արցախի հետ կապող պորտալար Լաչինը և ռազմավարական նշանակության Շուշին ադրբեջանցիները մաքսիմալ ամրապնդում են։

4. Կա վտանգավոր հեռանկար, որ այս ամենը իրենք հետագայում կպցնելու են Սյունիքով դեռևս մարտին իմ կողմից բարձրաձայնված Նախիջևան-Սիսիան-Գորիս-Լաչին ավտոճանապարհին։ Հայաստանը ոչ թե օգտվելու է տարածաշրջանային «ապաշրջափակումից», այլ ընդամենը տարածք է դառնալու, որը ծառայելու է թուրք-ադրբեջանական ենթակառուցվածքային նախագծերին։

Ուշագրավ է, որ հիմնական այս նոր ադրբեջանական ճանապարհները Բաքուն նպատակ ունի ավարտին հասցնել մինչև 2024 թվականը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստվում է ռուսական խաղաղապահների մանդատի ժամկետի ավարտին ենթակառուցվածքային առումով պատրաստ լինել և փաստի առաջ կանգնեցնել ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Հայաստանին։

Հայաստանում մինչև իշխանափոխություն չլինի, այս խնդիրների խորքային գիտակցումը չի լինելու ։

Իշխանափոխությունը ընտրություններով չստացվեց և մենք հիմա ազգովի ժամանակ ենք կորցնում, այն դեպքում, երբ Ադրբեջանը զինվում է նաև ենթակառուցվածքներով ու պատրաստվում է Արցախը և Հայաստանը ենթարկել նաև կոմունիկացիոն էքսպանսիայի․․․»,- գրել է Աշոտյանը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ