News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Փարիզն անհրաժեշտ է համարում շարունակել աֆղանցիների տարհանումը օգոստոսի 31-ից՝ Վաշինգտոնի կողմից սահմանված վերջնաժամկետից հետո: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը, փոխանցում է AFP-ն:

«Մենք մտահոգված ենք օգոստոսի 31-ի վերջնաժամկետով, որը սահմանել է Միացյալ Նահանգները: Ընթացիկ գործողություններն ավարտելու համար լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ»,- ԱՄԷ-ի «Ալ-Դաֆրա» ավիաբազայում, որտեղ Ֆրանսիան օդային կամուրջ է տեղադրել Քաբուլից տարհանվածների համար, լրագրողներին ասել է Լե Դրիանը:

Ֆրանսիական պատվիրակությունը հայտնել է, որ Ֆրանսիան «պատսպարել է» օգոստոսի 17-22-ն ընկած ժամանակահատվածում Աֆղանստանից փախած մոտ 1200 մարդու, այդ թվում՝ Ֆրանսիայի մոտ 100 քաղաքացու եւ 1000 խոցելի աֆղանցիների, ինչպես նաեւ տասնյակ այլ ազգությունների ներկայացուցիչների:

Լե Դրիանն ասել է, որ Քաբուլի օդանավակայան մուտք գործելը տարհանման առաքելությունների առջեւ ծառացած հիմնական խնդիրն է: «Մենք դեռ պետք է բարելավենք մեր համակարգումը տեղական մակարդակում՝ Միացյալ Նահանգների եւ տեղում գտնվող մեր գործընկերների հետ»,- նշել է նա:

Պաշտպանության նախարար Ֆլորենս Փարլին ասել է, որ Փարիզն ունի նախապես հաստատված ծրագիր՝ պաշտպանելու իր քաղաքացիներին եւ աֆղանցիներին, ովքեր աշխատել են Ֆրանսիայի հետ: «Մենք օդային փոխադրումները մինչեւ Քաբուլի անկումն էինք սկսել պլանավորել»,- ասել է նա:

Սպիտակ տան գնահատականներով՝ օգոստոսի 14-ից ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների ինքնաթիռներով Աֆղանստանից մոտ 25 100 մարդ է տարհանվել:

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ G7-ի վիրտուալ գագաթաժողովում Միացյալ Նահանգներին կոչ է անելու երկարաձգել ժամկետը՝ Քաբուլից արեւմտյան քաղաքացիների եւ աֆղան գործընկերների տարհանումը ավարտելու համար:

Սակայն «Թալիբան»-ի ներկայացուցիչ Սուհայլ Շահինը Sky News-ին հայտարարել է, որ թալիբները չեն համաձայնի վերջնաժամկետի որեւէ երկարաձգման հետ՝ նշելով, որ ցանկացած հետաձգում կդիտվի որպես «օկուպացիայի երկարաձգում»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ