Մեր խմբակցությունը հրավեր ստացել է, բայց չեմ կարծում, որ մենք կարող ենք գնալ այդ գունագեղ միջոցառմանը. Մենք հրաժարվել ենք մասնակցելուց: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը (ֆոտոռեպորտաժ)։
Անդրադառնալով նրան, որ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Վրաստանի վարչապետն իրեն է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իր հետ հանդիպելու առաջարկը, Սեյրան Օհանյանն ասաց. «Ես գտնում եմ, որ մենք չունենք այն պայմանները, որ կարող ենք Թուրքիայի նախագահի, Ադրբեջանի նախագահի հետ գնալ հանդիպումների: Նրնց հետ հանդիպումների գնալու միակ նախապայմանը խաղաղությունն է, այն պայմաններն են, որ հակամարտող պետությունները դառնան հարեւան պետություններ: Դեռեւս մենք հարեւան պետություններ չենք: Թուրք-ադրբեջանական հռետորաբանությունը, նրանց գործողությունները Սյունիքի, Գեղարքունիքի սահմաններին միակողմանի ճնշման տակ են պահում Հայաստանին: Այդ իրավիճակից պետք է դուրս գալ: Այսօր ՀՀ իշխանություններն առաջին հերթին հենց նրանց պետք է պատասխանեն, ոչ թե այստեղ Եռաբլուրում կամ այլ տեղերում մեր բնակչության նկատմամբ ճնշումներ գործադրեն»: