News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում խաղողագործության ոլորտում ճգնաժամի հիմնական պատճառը չի լուծվում գրեթե 50 տարի: Բանն այն է, որ մեզ կոնյակ պետք չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Գինու ազգային կենտրոնի» նախագահ Ավագ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ կոնյակը (որքան էլ տարօրինակ հնչի - խմբ.) խանգարում է տնտեսության զարգացմանը:

«Բայց մենք մեզ սոցիալական պետություն ենք հռչակել, այլ ոչ թե բիզնես շահեր հետապնդող երկիր, եւ այդ պատճառով այսօր նման իրավիճակում ենք հայտնվել: Մենք ձգտում ենք պաշտպանել, պահպանել այն, ինչ պետք չէ, իսկ դա բերում է աղքատության, գյուղացիական տնտեսությունների անկման, ոլորտում «ստվերի» աճի», - ասաց նա:  

Փորձագետը պարզաբանեց, որ մեկ շիշ գինուց կարելի է առնվազն 1-2 դոլար եկամուտ ստանալ, իսկ լավ գինու արտադրության դեպքում` նույնիսկ 3 դոլար: Ընդ որում, նույն ծավալով 3 կամ 4 աստղանի լավ կոնյակ արտադրելիս (Հայաստանում արտադրվող կոնյակի ավելի քան 90 տոկոսը հենց 3 կամ 4 աստղանի է)՝ եկամուտը լավագույն դեպքում 10-20 ցենտ է: Այսինքն, ռեսուրսները կարող էին ավելի նպատակահարմար օգտագործվել:

«Պետությունը դեռեւս բարեփոխումներ չի անցկացնում եւ չի հրաժարվում նրանից, ինչի կարիքը չկա: Կառավարությունը պետք է խթանի «խաղողը որպես կոնյակի հումք» հասկացությունից անցումը դեպի «խաղողը որպես գինու հումք» հասկացությանը: Տարիներ շարունակ գործարարները գյուղացիներին կոչ էին անում անցնել գինու համար նախատեսված խաղողի սորտերի կամ այլ՝ ավելի թանկ սորտերի աճեցման, որոնք կարող են վաճառվել բավականին բարձր գներով (1 կգ-ի դիմաց՝ 200-400 դրամ): Սակայն այս ամենը դեռ արձագանք չի գտել: Խաղողը դարձել է քաղաքական գործիք, լուծում է քաղաքական հարցեր, իսկ ֆերմերները գիտեն, որ ճանապարհներ փակելով՝ կստանան իրենց ուզածը: Այսինքն՝ խաղողի ինքնարժեքով կամ 20 դրամով ավելի թանկ վաճառքից ստացված օգուտը ավելի կարեւոր է, քան խնդրի համակարգային լուծումը», - ընդգծեց Հարությունյանը:   

Նա նշեց, որ մեկ այլ խնդիր է արտադրվող ալկոհոլային խմիչքների ոչ ճշգրիտ վիճակագրության վարումը:

«Թվերը պարզապես նկարում են, իսկական տվյալները երբեք չեն ներկայացվել: Օրինակ, գրել են մոտ 280 հազար տոննա, մինչդեռ իրական թվերը 120 հազար տոննա են կազմել», - ասաց փորձագետը:

Ինչ վերաբերում է արցախյան ձեռնարկություններին, Հարությունյանը հայտնեց, որ 2020 թվականի պատերազմի հետեւանքով թշնամուն անցած երկու գործարանների ներկայացուցիչներն այժմ փորձում են արտադրություն կազմակերպել Երեւանում, մեկ այլ գործարանի ներկայացուցիչներ՝ Արցախում:

««Կատարո» գործարանի արտադրանքը, որը գործում էր Արցախի Հադրութի շրջանի տարածքում, փորձում են վերականգնել ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում: Մնացած ձեռնարկությունները կորցրել են արտադրական եւ ռեսուրսային հնարավորությունները: Ընդհանրապես, քաղաքական միջավայրը հուսադրող չէ, եւ բոլորը դեռ սպասման ռեժիմում են», - եզրափակեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ