News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 21
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը:

Վարչապետն արձանագրել է, որ խորհրդի գործունեությունը որոշակի հանգրվանի է հասել այն իմատով, որ Պարեկային ոստիկանությունը Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ իրողություն է: «Այն էական փոփոխություն է մեր հանրապետության  կյանքում: Տեսնում ենք, որ այդ պրոցեսն առանց ընդհատման շարունակվում է: Ներկայումս ընթանում է Պարեկային ոստիկանության ներդրման գործընթացը Շիրակի և Լոռու մարզերում:

Իհարկե, այս ընթացքում նաև ի հայտ են եկել որոշ խնդիրներ, որոնք պետք է քննարկվեն, որպեսզի գործընթացն ավելի արդյունավետ լինի և Պարեկային ոստիկանության աշխատանքներն ավելի արդյունավետ լինեն: Պիտի ընդգծեմ նաև, որ Պարեկային ոստիկանության բարեփոխումները կամ ներդրումը շատ կարևոր գործընթաց է, բայց դա Ոստիկանության բարեփոխումների միակ բաղադրիչը չէ և մենք մտադիր ենք ամբողջապես իրականացնել այս գործընթացը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը կարևորել է առկա խնդիրների արձանագրումը և դրանց լուծումը՝ համակարգված աշխատանքների արդյունքում:

Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը քննարկել է «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին»  2020 թվականի ապրիլի 23-ի թիվ 638-Լ որոշմամբ հաստատված գործողությունների ծրագրով 2021 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքների և Պարեկային ծառայության ու Օպերատիվ կառավարման կենտրոնի ներդրմամբ պայմանավորված՝ վերհանված խնդիրները:  Մանրամասն ներկայացվել են Պարեկային ծառայության կազմակերպման գործընթացը, պարեկային ծառայողների կողմից օպերատիվ իրավիճակի վերահսկման, վարչական իրավախախտումների արձանագրման և հանցագործությունների բացահայտման, կանխարգելմանն ուղղված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև ծառայության ընթացքում արձանագրված խնդիրները, որոնց ուղղությամբ հնչեցվել են պարզաբանումներ, ներկայացվել են դրանց լուծման մի շարք առաջարկություններ:

Նշվել է, որ շարունակվում են պարեկային ծառայողների մեթոդական և պրակտիկ դասընթացները, որոնք ևս էապես կնպաստեն պարեկային ծառայողների գործունեության արդյունավետության բարձրացմանն ու մասնագիտական կարողությունների զարգացմանը:

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի գործունեության ընդլայնմանը: Մասնավորապես, ներկայացվել են Շիրակի և Լոռու մարզերում վերջիններիս ներդրմանն ուղղված աշխատանքների ընթացքը, պարեկային ծառայողների ընտրության ու դասընթացների կազմակերպման գործընթացը:

Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է աշխատանքներն իրականացնել սահմանված ժամկետներում՝ շահագրգիռ գերատեսչությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համակարգված աշխատանքների արդյունքում: Կառավարության ղեկավարը տվել է մի շարք կոնկրետ հանձնարարականներ՝ ներկայացված խնդիրների լուծման նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ