News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ցածր եկամուտ ունեցող երկրներում պարտքի բեռը համավարակի ֆոնին ավելացել է 12 տոկոսով՝ հասնելով ռեկորդային 860 միլիարդ դոլարի, ինչը դրդել է Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մալպասին խնդրի լուծման «համապարփակ ծրագրի» մշակման կոչ անել:

«Պարտքի կայուն մակարդակը կենսական նշանակություն ունի տնտեսության վերականգնման եւ աղքատության նվազեցման համար», - ասել է նա, հաղորդել է AFP-ն:

Նրա խոսքով՝ Covid-19-ի դեմ պայքարում գործադրվող ջանքերը ավելի են խորացրել պարտքի արդեն իսկ աճող մակարդակը, եւ  խնդիրը լուծելու համար կպահանջվի վարկատուների աջակցությունը:

Իրավիճակը հրատապ լուծման կարիք ունի, քանի որ G20-ի երկրների կողմից անցյալ տարվա սկզբին մեկնարկած Պարտքի սպասարկման կասեցման նախաձեռնությունը (DSSI), որը թույլ է տալիս երկրներին Covid-19-ի դեմ պայքարի ժամանակ հետաձգել պարտքերի վճարումները, ավարտվում է 2021 թվականի վերջին:

Մալպասը նախազգուշացրել է, որ հաշվի առնելով աղքատ երկրների պարտքի հետ կապված խնդիրները, DSSI-ը կարող է երկարաձգման կարիք ունենալ: «Կարծում եմ, որ աշխարհը պետք է մտածի, թե ինչ անել հունվարի 1-ից հետո: Իսկ կասեցման հարցը կարելի է դիտարկել», - ասել է նա:

«Շատ զարգացող երկրներ 2020 թվականին հայտնվել են խոցելի վիճակում, երբ պետական ​​արտաքին պարտքն արդեն բարձր մակարդակի վրա է, կառավարություններն աննախադեպ ռեսուրսներ են տրամադրել՝ վարակն ու դրա տնտեսական հետեւանքները զսպելու համար», - ասվում է զեկույցում:

Համաշխարհային բանկը եւ ԱՄՀ-ն նույնպես մեծացրել են հատկապես ամենախոցելի երկրներին տրվող աջակցությունը:

Այնուամենայնիվ, որոշ աղքատ երկրներում պարտքի բեռն ավելացել է մինչեւ 20 տոկոսով, եւ դրանցից շատերում տնտեսական աճն ու եկամուտը, ինչպես նաեւ արտահանումը չեն ավելացել:

Մալպասն ասել է, որ համավարակը «ողբերգական հետընթաց» է առաջացրել աղքատ երկրների զարգացման մեջ:

«Ծայրահեղ աղքատությունը նվազեցնելու ուղղությամբ առաջընթացը տարիներ շարունակ դանդաղել է, որոշ երկրներում՝ մեկ տասնամյակով, միջին եկամուտները նվազել են, այլ ոչ թե աճել, եւ կանայք ու երեխաները կրում են տնտեսական անկման սարսափելի հետեւանքների բեռը», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ