News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պաշտոնական տվյալներով՝ հունվար-հոկտեմբերին արտահանման ծավալը տարեկան կտրվածքով աճել է 16,9%-ով, իսկ ներմուծմանը՝ 11,8%-ով։ Չնայած աճի գերազանցող տեմպերին, արտահանումը ծավալային առումով, այնուամենայնիվ, զգալիորեն զիջում է ներմուծմանը։ Միեւնույն ժամանակ, ըստ ընթացիկ տարվա ամիսների, արտաքին առեւտրում աճում է դիսբալանսը (տե՛ս գծապատկերը):

Մեր արտահանման լուրջ թերությունների մասին քիչ չի խոսվել։ Սակայն վերջին ժամանակներս ծանր խնդիրներ են առաջացել ներմուծման ոլորտում՝ երկրի տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող ռազմավարական ապրանքների հարցում։

Մեր ներմուծման զգալի մասը ավանդաբար կազմում են բնական գազը եւ նավթամթերքները (հիմնականում ավտոմոբիլային վառելիքը՝ բենզինը եւ դիզվառելիքը): Այսպես, առաջին կիսամյակում ներմուծման ընդհանուր ծավալի գրեթե 17%-ը բաժին է ընկել հենց այդ ապրանքներին։ Հայաստանում ավտոմոբիլային տրանսպորտն աշխատում է կամ սեղմված գազով (արտադրվում է ներմուծվող ռուսական բնական գազից) կամ բենզինով եւ դիզվառելիքով։ Մենք չափազանց քիչ էլեկտրամոբիլներ ունենք՝ բնական գազի եւ ավտոմեքենաների վառելիքի ներկրումից մեր կախվածությունը նվազեցնելու համար։

Ներքին ցանցում բաշխվող բնական գազն ամբողջությամբ ներկրվում է Ռուսաստանից։ Իրանական գազը Հայաստանին է մատակարարվում բարտերային հիմունքներով՝ դրանից արտադրվող էլեկտրաէներգիայի դիմաց։ Բենզինի եւ դիզվառելիքի ներմուծման աշխարհագրությունը շատ ավելի լայն է, քան բնական գազինը։ Բայց, այնուամենայնիվ, Հայաստանին այդ ապրանքների առաջատար մատակարարներն են Ռուսաստանն ու Իրանը։

Առաջին կիսամյակում Հայաստան ներկրված նավթամթերքի ընդհանուր ծավալից Ռուսաստանի մասնաբաժինը 71% է, իսկ Իրանինը՝ 24%-ը։ Չնայած մեր հարավային հարեւանի հետ սահմանին ճանապարհային դժվար պայմաններին, տրանսպորտային լոգիստիկան դեռեւս ուներ իր առավելություններն այս ուղղությամբ։ Բացի այդ, Իրանից ներկրվող ավտոմոբիլային վառելիքը (բենզին եւ դիզվառելիք) որոշ չափով ավելի էժան էր, քան Ռուսաստանից ներկրվածը։

Սակայն իրավիճակը այս ոլորտում բառացիորեն աղետալի վատթարացել է։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանը «մաքսակետեր» է տեղադրել Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ Հայաստանը Իրանին կապող առանձին հատվածներում։ Այս «մաքսակետերի» աշխատակիցները սկսել են իրանական բեռնատարների վարորդներից ուղեվարձ պահանջել։ Սա արդեն իսկ հանգեցրել է իրանական բենզինի ու դիզվառելիքի թանկացման, որն այժմ ավելի թանկ է, քան ռուսականը։

Տաթեւով անցնող շրջանցիկ ճանապարհը պիտանի չէ խոշոր բեռնատարների եւ բենզատարների համար։

Գալիք ձմռանը բնական պայմանների վատթարացման պատճառով այս հատվածում տրանսպորտի երթեւեկությունը կարող է կաթվածահար լինել։ Այդ դեպքում Հայաստանը կզրկվի նավթամթերքների, ինչպես նաեւ Իրանից բերվող այլ ապրանքների ներկրվող ռեսուրսների քառորդ մասից։ Սա իր հերթին Հայաստանի տնտեսությունում կհանգեցնի քաոսի, բենզինի եւ դիզվառելիքի (ինչպես նաեւ մի շարք այլ ապրանքների) առեւտրում՝ խափանումների, եւ դրանց մանրածախ գների կտրուկ աճի։

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ