News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շատ ծանր օրեր ենք ապրում. Փաստ է, որ մեր հայրենիքի մի կարևոր հատված՝ Սյունիքի հատվածը, վտանգի տակ է. թեև երկրի իշխանությունները մեզ ասում են, որ ոչ մի «միջանցք» չկա, բայց բոլորս էլ գիտենք, որ Ալիևն իր գործընկեր ու համախոհ պետություններին հայտարարեց, որ կարող են այդ «միջանցքով» առևտուր անել և այլն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ի աջակցություն «Սիսիական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանի կազմակերպված ակցիայի ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում ասաց արցախյան երեք պատերազմների վավերագրող, ռեժիսոր, սցենարիստ Սամվել Թադևոսյանը։

«Իսկ Աշոտ Մինասյանը՝ բոլորիս հայտնի, լեգենդար «Աշոտ Երկաթը» այն մարդկանցից, հրամանատարներից մեկն է, ով ուղղակի վտանգ է ներկայացնում»,- ասաց նա:

Թադեւոսյանը հիշեցրեց, որ Աշոտ Մինասյանն ընդամենը մեկ շաբաթ առաջ կրկին հայտարարել էր, որ կազմ-պատրաստ է՝ պաշտպանելու Սյունիքի սահմանները։ Այժմ, սակայն, նա էլ է կալանքի տակ, ինչպես Առուշ Առուշանյանը, Մանվել Փարամազյանը, որոնք բոլորն էլ հզոր անհատականություններն են։

«Պարզ ասեմ, որ Աշոտ Մինասյանն այն հրամանատարն է, որը վտանգ է ներկայացնում, որովհետև նա ամեն վայրկյան կարող է համախմբել նվիրյալներին և նրանք դուրս կգան պաշտպանելու հայրենիքի սահմանները»,- ընդգծեց Թադևոսյանը։

Նա նշեց նաև, որ իր համար անհեթեթ ու աբսուրդային է, երբ ձերբակալվում են ազգի նվիրյալները․ անհասկանալի է նաև, թե երկրի շուրջ ստեղծված անվտանգային այս իրավիճակում ում կամ ինչի վրա են հույսը դրել գործող իշխանությունները։

Հիշեցնենք, որ դատախազը Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել՝ պնդելով, թե Մինասյանն ապօրինի ձեռք է բերել մեծաքանակ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր եւ սարքեր, դրանք տեղափոխել եւ պահել իրեն պատկանող շինությունում՝ քննության տվյալ փուլում ինքնությունը դեռեւս չբացահայտված անձանց հետ նախնական համաձայնությամբ։ Վճռաբեկ դատարանն արձանագրել էր, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու դրվագով առկա է հիմնավոր կասկած, իսկ ահա Փաշինյանի սպանության ենթադրյալ նախապատրաստման եւ իշխանության յուրացման դրվագներով՝ ոչ։

Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է դատախազության բողոքը եւ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Առաջին ատյանի դատարանը վերջերս քննել է Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը եւ կրկին մերժել։ Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ կալանավորել Մինասյանին, ինչն այսօր բավարարվել է։

Տպել
Ամենաշատ