News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզից գերեվարված զինծառայողների հարազատներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում  Շիրակի մարզպետարանի դիմաց. նրանք փակել են մարզպետարանի դիմացի փողոցները և պահանջում են անհապաղ հանդիպում Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ։ Այս մասին հայտնում է Irakanum.am-ը:

«Բողոքի ակցիայի մասնակիցները Irakanum.am-ին հայտնեցին, որ չեն պատրաստվում հեռանալ այստեղից, քանի դեռ չեն հանդիպել մարզպետին։ Հավաքվածների զայրացրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը գերիների վերաբերյալ։

Irakanum.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև Շիրակի մարզպետից, սակայն Նազելի Բաղդասարյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»,- հայտնում է աղբյուրը։ 

Այս պահին Երեւանում՝ կառավարության շենքի դիմաց, անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատները մի քանի ժամ է՝ փակել են Տիգրան Մեծի պողոտայի՝ Հանրապետության հրապարակ մտնող հատվածը: Նրանք պնդում են, որ չեն հեռանա, մինչեւ իրենց պահանջը չկատարվի՝ իրենց մոտ չգա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ պատասխան չտա գերիներին դասալքության մեջ մեղադրելու համար:
Ավելի վաղ ոստիկանները փորձում էին բերման ենթարկել ակցիայի մասնակից, անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանին: Հավաքված այլ հարազատներ ոստիկաններին կոչ էին անում բերման չենթարկել, քանի որ նա վատառողջ է, եւ որ բողոքի ակցիա են իրականացնում նաեւ հավաքված մյուս հարազատները, իսկ հնչեցվող պահանջը միասնական է:

Կառավարության առջեւ բողոքի ակցիա իրականացնող հարազատները պահանջել էին, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գա եւ պատասխան տա գերիներին դասալիք անվանելու համար, ապա, իրենց խոսքով՝ պահանջի իրականացումն արագացնելու համար, փակեցին Տիգրան Մեծի պողոտան: Ոստիկանները հորդորեցին նրանց դուրս գալ երթեւեկելի հատվածից՝ նշելով, որ փողոց փակելու իրավունք չունեն, հարազատներն էլ, ի պատասխան, բերելով 2018թ. ապրիլ-մայիս ամիսների ժողովրդական շարժման ժամանակ փողոցներ փակելը, պնդեցին, որ իրենք էլ, հատկապես՝ իրենց երեխաների ճակատագիրը պարզելու հարցով, նույնպես կարող են փողոց փակել:

Ժամեր առաջ «Դեժավյու» տելեգր ամյան ալիքը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միջոցառումներից մեկի ժամանակ քաղաքացու հետ զրույցում ասում, թե գերիներն իր համար «արդեն չկան»: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ձայնագրությանն ու իր խոսքերին, Ալեն Սիմոնյանն ասել էր, թե կան զինվորներ և սպաներ, որոնք իրենց պարտականությունը չեն կատարել ու հայտնվել են գերության մեջ՝ ՀՀ սահմանը պաշտպանելու փոխարեն նախընտրել են հանձնվել։

Ավելի ուշ ԱԺ նախագահի խոսնակը հրապարակել է զրույցի ամբողջական սղագրությունը, ըստ որի եւ շրջանառվող ավելի ընդարձակ տեսանյութի՝ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով գերիների հարցին, ասել է.
«Եթե ես հիմա պետք է էդ գերիների պատճառով պիտի Սյունիք  կորցնեմ, եթե ես պիտի Սիսիան կորցնեմ, կներես, մի քիչ կարող է սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին  համարում եմ, որ արդեն  իրենք չկան, իմ համար չկան:   Իսրայելը, երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում,  ինքը խփումա էդ ինքնաթիռը: Մենք պետք է հասկանանք՝ մի նժարի վրա ինչա դրած, իսկ  մյուսի վրա ինչա դրած: Այո, բնականաբար, մենք այդ տղերքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում: Բայց մենք չենք կարա ամբողջ Հայաստանը, Արցախը, ամբողջ հայությունը  պատանդ դնենք: Իսկ գիտե՞ս, թե ովքեր են էդ գերիները: Էդ էն մարդիկ են, որոնք  զենքը դրել եւ փախել են, մոլորվել են: Ես սա բարձր չեմ կարող ասել: Իրենք զենքը դրել եւ փախել են: Հայտնվել են գերության մեջ: Բնականաբար, մենք էդ տղերքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում: Էս մեր մեջա մնում, սա չբարձրաձայնեք խնդրում եմ ձեզ: Ես սա բարձրաձայն չեմ ասի, որովհետեւ նախ ծնողներին կվիրավորեմ եւ այլն, եւ այլն… Բայց մենք պետքա հասկանանք…»:

 

Տպել
Ամենաշատ