News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վարդենիսի բնակիչները երեկ՝ կեսգիշերին, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը բացել են՝ սահմանային իրավիճակի լարվածությունը հաշվի առնելով։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Միասնական Վարդենիս» դաշինքի անդամ Դավիթ Շահնազարյանը։

Վարդենիսի բնակիչներն ի աջակցություն «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանի՝ փակել էին Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը եւ իրենց պահանջներն էին ներկայացնում։

Նշենք, որ Վարդենիսում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո, երբ «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» դաշինքները կոալիցիա կազմելու մասին հայտարարություն տարածեցին, «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին Սեւանի քննչական կոմիտեն հրավիրել է հարցաքննության ու ձերբակալել։

«Մենք հայտարարեցինք, որ բացում ենք ճանապարհն այն պայմանով, որ ազատ արձակեն մեր թեկնածուին։ Հաշվի առնելով, որ սահմանային իրավիճակը լարվել էր, ունեինք վիրավորներ, որպեսզի որեւէ պրոցեսի չխոչընդոտեինք, որոշեցինք ճանապարհը բացել։ Բայց նորից կվերսկսվեն, եթե Արամ Հարությունյանին ազատ չարձակեն»,- ասաց նա։

Դավիթ Շահնազարյանը նշեց, որ որեւէ պաշտոնատար անձի կողմից որեւէ արձագանք չի եղել. «Տարածքում եղել են միայն ոստիկանության ներկայացուցիչները»։

Նշենք, որ Վարդենիսի ՏԻՄ ընտրություններում «Ահարոն Խաչատրյան» դաշինքը ստացել է 16.51 տոկոս, «Միասնական Վարդենիս» դաշինքը՝ 37.76 տոկոս։ Եվ ընտրությունների արդյունքում ձայների 46.11%-ը ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի համամասնական ցուցակը գլխավորում է Վարդենիսի գործող քաղաքապետ Արամ Մելքոնյանը, չկարողացավ տեղական իշխանություն ձեւավորել:

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել՝ ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Սադրանքի հետեւանքով հայկական կողմից թեթեւ հրազենային վիրավորում էր ստացել երկու զինծառայող։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ