News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Եթե բեռնափոխադրումների անվտանգությունն ապահովված չլինի, բեռնափոխադրումներ տեղի չեն ունենա. Եթե հայկական բեռները Ադրբեջանի տարածքով չանցնեն, ադրբեջանական բեռներն էլ Հայաստանի տարածքով չեն անցնի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Բնականաբար, երբ քննարկում ենք այդ հարցերը, նկատի ենք ունենում, որ բեռնափոխադրումները պետք է իրականացվեն: Պատկերացրեք ինչ անտրամաբանական կլինի, որ հանկարծ մենք երկաթուղի բացենք ու չօգտագործվի, հարց կառաջանա՝ բա ինչո՞ւ ներդրումներ արվեցին»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ Ադրբեջան-Նախիջեւան երկաթուղու շինարարության վերաբերյալ հնչում է 200 մլն դոլար արժեքը, որը շատ մոտավոր է:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ այս բանակցությունները հանգեցնեն խաղաղության պայմանագրի կնքման, Փաշինյանը պատասխանեց. «Իհարկե խաղաղության պայմանագրի կնքմամբ ու դրա շուրջ բանակցությունների մեկնարկով շահագրգռված ենք: Վերջերս համանախագահներն էլ բանակցային մի օրակարգ էին առաջարկել, որոնցից մեկը հենց խաղաղ ու համապարփակ կարգավորման խնդիրն էր: Մենք չենք հրաժարվել եւ չենք հրաժարվելու այդ թեմայով խոսել: Եթե մենք հռչակել ենք, որ խաղաղության դարաշրջան ենք ուզում բացել, անտրամաբանական կլինի, որ ասենք՝ չենք ուզում լսել խաղաղության պայմանագրի մասին: Դա մեր նպատակներից մեկն է:

Նաեւ քարոզչական քաոսի պատճառով անընդհատ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե մենք դեմարկացիայի եւ դելիմիտացիային դեմ ենք, չենք ուզում: Չկա նման բան: Տպվորություն է ստացվում, որ մենք ԼՂ խնդրի համապարփակ կարգավորմանը դեմ ենք, իհարկե կողմ ենք, իհարկե շահագրգռված ենք:

Եթե մեզ հաջողվի ձեւակերպել խաղաղության այնպիսի մոդել, որը ձեռնտու կլինի երկու կողմերին, այդ պարագայում գուցե թե բանակցային սեղանն ավելի պակաս հակամարտության կամ հակադրության դաշտ լինի եւ ավելի շատ դիմացինի տեսակետը հասկանալու եւ այդ տեսակետներից ինչ-որ ընդունելի դրույթներ դուրս բերելու եւ ինչ-որ նոր սխեմա ձեւավորելու հնարավորություն լինի»,-հայտարարեց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, Սոչիում եւ Բրյուսելում այդպիսի նախադրյալներ հստակ կային, բայց Սոչիից հետո տեղի ունեցան իրադարձություններ, որոնք լրջորեն կասկածի տակ դրեցին այդ խոսակցությունը. «Բրյուսելից հետո բարեբախտաբար այդպիսի իրադարձություններ տեղի չեն ունեցել, եւ ես հույս ունեմ, որ մենք կարող ենք առաջ շարժվել: Ես Սոչիի հանդիպումից գոհ եմ վերադարձել եւ դա արտահայտել եմ բրիֆինգում: Բայց հետո հնչեցին հայտարարություններ, որոնքք ստիպեցին մտածել, որ ինչ-որ բան ճիշտ չենք հասկացել փոխադարձաբար:

Բրյուսելի հանդիպումից առաջ էլ հնչեցին այդպիսի հայտարարություններ: Բրյուսելում եռակողմ խոսակցությունը լարված սկսեց, բայց հընթացս երբ տեսանք որ դա փակուղի է գնում, փորձեցինք հասկանալ դիմացինի տեսակետը: Այդտեղ ի հայտ եկան պրակտիկ խնդիրներ, որոնց լուծման հնարավորությունները գծագրած սկզբունքների շրջանակում ես տեսա: Ես կփորձեն դա ծառայեցնել ընդհանուր կարգավորման նպատակին»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ