News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայ ժողովուրդը ձևավորվել է Արարատյան դաշտավայրում և շրջակայքում, այլ ոչ Հայկական լեռնաշխարհի արևմուտքում, ինչպես ժամանակին ընդունված է եղել կարծել։ Այսպես է համարում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր Արմեն Պետրոսյանը։

Հայոց ազգածագման վերաբերյալ ժամանակակից գիտության տվյալների տեսությունը և իր տեսակետը գիտնականը շարադրել է մի շարք հոդվածներում և գրքերում, որոնցից վերջինը՝ «Հայ ժողովրդի ծագման խնդիրը», հայերեն լույս է տեսել 2017 թ․ Երևանում, և անգլերենով՝ («The problem of Armenian origins») Վաշինգտոնում, 2018 թ․։

Գրքում Արմեն Պետրոսյանը ներկայացրել է հայ ժողովրդի ծագման վերաբերյալ բոլոր գիտական տեսակետները, ինչպես նաև՝ իր տեսակետի հիմնավորումները։

Ըստ գիտնականի,  այժմ շրջանառվում է հայոց ազգածագման ևս երկու գիտական վարկած, ըստ հայ ցեղանվանը վերագրվող ծագման։ Ըստ մի տեսակետի, հայ ցեղանունը առաջացել է խեթերի՝ կենտրոնական Փոքր Ասիայի հին բնակչության «խատտի» անվանումից, իսկ երկրորդի համաձայն այն ծագում է խեթական արձանագրություններում Հայկական լեռնաշխարհի արևմուտքում հիշվող Խայասա թագավորության անունից։ Բայց այստեղ, Արմեն Պետրոսյանի խոսքով, մի փոքրիկ խորամանկություն կա․ պետք է ցույց տալ, թե ինչպես է խատտիի և Խայասայի «խ»-ն դառնում «հ» (օրինակ, խատտի  ցեղանունը եբրայերենում և հին հունարենում գրվել է, համապատասխանաբար, խ-ով և ք-ով, ինչը բացառում է հ-ով ձևը)։ «Այդ հակասությունը, գոնե տեսականորեն, լուծելի է․ խատտի–հայ անցումը հնարավոր կլիներ, եթե ենթադրենք որ եղել է նաև, ասենք, բարբառային հաթի ձևը, իսկ արգոնավորդների հունական առասպելի մանրամասն քննությունից պարզ է դառնում, որ հնագույն Կոլխիդան համապատասխանել է Խայասային և հունարեն կոչվել է Այա, որը կարող էր Հայասայի հունարեն արտացոլումը լինել։ Այսպիսով, այս վարկածները մնում են տեսական հնարավորությունների սահմանում», - ասում է գիտնականը։

Ինչպես նշում է Արմեն Պետրոսյանը, հայոց ծագման և նախապատմության խնդիրներով զբաղվող նախորդ գիտնականները հիմնականում հաշվի չեն առել մեր ունեցած ներքին տվյալները, մասնավորապես, Հայկի և նրա առաջին սերունդների ավանդությունը։ Այն սովորաբար դիտվել է երկու մոտեցմամբ․ 1. այսպես ասած, ճակատային գրոհով՝ հին ավանդությունը պատկերացվել է որպես պատմական աղբյուր և ըստ այդմ էլ քննարկվել 2. այն ամբողջությամբ համարվել է հորինվածք, որը չի կարող (կամ համարյա չի կարող) աղբյուրի դեր կատարել գիտության համար։ Առաջին մոտեցման կողմնակիցներ են եղել հիմնականում 18-19-րդ դարերի գիտնականները, ասենք՝ Չամչյանը, և այլք, իսկ երկրորդի՝ Աճառյանը և որոշ արևմտյան հեղինակներ։ Մինչդեռ հարցն այդքան պարզ չէ։ Ավանդությունն իրականում առասպելախառն էպոս է, ինչպիսին են և որոշ այլ ժողովուրդների ազգածին ավանդությունները։ Եվ այն կարելի է ուսումնասիրել մի շարք ուղղություններով, որպես հատկապես բանահյուսական և ազգագրական աղբյուր, բայց այնտեղ էպիկական մակարդակով արտացոլված են նաև պատմական՝ ազգածագմանը վերաբերվող տեղեկություններ։

«Ես երկար տարիներ զբաղվել եմ համեմատական առասպելաբանությամբ, և կարող եմ ասել, որ Հայկից մինչև Արա Գեղեցիկ հայոց ավանդական նահապետների պատմությունը հին հայկական աստվածների ծագման (դիցածնության, հունական տերմինով՝ թեոգոնիայի) առասպելն է, որ տեղափոխվել է վիպական՝ էպոսի մակարդակ։ Իսկ առասպելը վիպականանալով, իր մեջ է ներառում պատմական իրողություններ: Հայկը և նրա ժառանգները առասպելական կերպարներ են, բայց նրանց տեղաշարժերը կարող են վկայություններ լինել հին մարդկանց իրական տեղաշարժերի մասին», - պարզաբանում է նա։

Ըստ ավանդության Հայկը, գալով Հայկական լեռնաշխարհ, սկզբնապես հաստատվում է Հարքում՝ Վանա լճի շրջանում, բայց նրա ավագ որդի Արամանյակը տեղաշարժվում է Արարատյան դաշտավայր, որտեղ և նրա որդի Արամայիսը կառուցում է հայոց առաջին մայրաքաղաք Արմավիրը։ «Ապա հիշենք Արարատյան դաշտը եզերող լեռների անվանումները՝ Արագած, Արայի լեռ, Գեղամա լեռներ, Մասիս, որոնք, ըստ ավանդության ծագում են Հայկի ժառանգների՝ Արայի, Գեղամի և Ամասիայի անուններից։  Այստեղ գործում է մեկ սկզբունք. անվանումն առասպելաբանության մեջ համազոր է արարմանը: Այսինքն, հայոց առաջին նախնիների երկրի՝ «հայոց տիեզերքի» արարումը, կենտրոնացած է Արարատյան դաշտում։ Եվ Հայաստանի մայրաքաղաքները՝ Արամավիրից մինչև Երևան, հիմնականում գտնվել են Արարատյան դաշտում (Երվանդաշատ, Արտաշատ, Դվին, Վաղարշապատ)։ Այն արդեն նախապատմական ժամանակներից եղել և մնում է Հայաստանի քաղաքական, տնտեսական, կրոնական, մշակությաին կենտրոնը։ Այստեղ է ազգածին առասպելը տեղայնացնում նախնական Հայաստանը, և դա հորինված բան չէ, փաստ է», - ասում է Արմեն Պետրոսյանը։

Գիտնականը նշում է, որ հայերենը հնդեվրոպական լեզու է, և այդ լեզուների նախահիմքը՝ մայր լեզուն պետք է խոսվեր ինչ-որ մի ժամանակ, ինչ-որ սահմանափակ տարածքում՝ հնդեվրոպական «նախահայրենիքում»: Այդ նախահայրենիքի վերաբերյալ եղել են մի շարք վարկածներ (Հարավային Ռուսաստան, Փոքր Ասիա, Բալկաններ, Հայկական լեռնաշխարհ և այլն)։ Ներկայումս ամենատարածված և հիմնավոր կարծիքի համաձայն, այն գտնվել է Հարավային Ռուսաստանում, բայց տեղի հին մարդկանց մնացորդների գենետիկական քննությունը, ինչպես և հնդեվրոպական նախալեզվի մեջ հին մերձարևելյան մի շարք բառերի առկայությունը ցույց է տալիս, որ այնտեղ եղել է նաև Հայկական լեռնաշխարհից և մերձակայքից տեղափոխված մարդկանց ներհոսք։ Այդ տեսակետը թերևս առավել հիմնավոր հաստատում կստանա ներկայումս առավել արագ զարգացող ուղղության՝ գենետիկական ուսումնասիրությունների արդյունքում։

Բայց հնդեվրոպական հայրենիքը հեռավոր անցյալ է։ «Մեր խնդիրն է հասկանալ, թե երբվանից և հատկապես որտեղ են Հայկական լեռնաշխարհում ի սկզբանե ապրել հայերենով խոսող մարդիկ։ Մեր լեռնաշխարհը հսկայական տարածք ունի, այստեղ հնում բազում ցեղեր են ապրել, բազում լեզուներով են խոսել, և միայն հետո են բոլորը անցել հայերենի», - ասում է գիտնականը։ 

Այն երկրամասը, որտեղ ըստ ավանդության հիմնավորվել են Հայկի ժառանգները՝ հետագա Այրարատ նահանգը, իր կենտրոնական Արարատյան կամ Արայի դաշտավայրով, ուրարտական արձանագրություններում կոչվել է Էթիունի կամ Էթիուխի: Սա հենց պիտի հայերի հնագույն ցեղանվան՝ հաթիո ձևի սեպագիր հաղորդումը լիներ (սեպագրում չկա հ, որը բաց է թողնվել, ա-ն կարող էր հաղորդվել է-ով, իսկ օ-ն հաղորդվում է որպես ու): Եվ Էթիունին էլ պիտի լիներ  հայերեն խոսող մարդկանց կենտրոնը սկսած հնագույն ժամանակներից։

Հնդեվրոպացիների՝ Հայկական լեռնաշխարհում հայտնվելու դարաշրջանի մասին կարող ենք կարծիք կազմել հնագիտական տվյալների հիման վրա։  Մ.թ.ա. չորրորդ հազարամյակի կեսից ﬕնչև երրորդ հազարամյակի կեսերը Հայկական լեռնաշխարհում ծաղկում է ապրում այսպես կոչված հին բրոնզեդարյան Կուր-արաքսյան մշակույթը: Նրա բնորոշ հատկանիշներն են նստակյաց կյանքը բնակավայրերում, սոցիալական շերտավորման բացակայությունը և խաղաղ, երկրագործական կացութաձևը, որոնք ուղղակի անհամատեղելի են գիտնականների պատկերացրած հնդեվրոպական քաղաքակրթության հետ: Մ.թ.ա. շուրջ 2500 թվականից պատկերը փոխվում է։ Հայտնվում են նոր մարդիկ․ ի հայտ են գալիս նշանակալի մարդկային և նյութական ռեսուրսների տիրապետող ռազմական առաջնորդներ, ճոխ թաղումներ, ռազմական տեսարաններով թանկարժեք սպասք։ Սկսվում է Միջին բրոնզի դարաշրջանը։ Այս մարդկանց հատուկ է վառ արտահայտված ռազմատենչ գաղափարախոսությունը, խիստ բնորոշ հնդեվրոպական ցեղերին, որոնք ի վերջո տիրեցին բնակելի աշխարհի նշանակալի մասին՝ Հնդկաստանից մինչև Արևմտյան Եվրոպա։ Հայկական լեռնաշխարհում հաստատված այդ մշակույթներից առավել նշանավորն է այսպես կոչված Թռեղք-վանաձորյան մշակույթը, որի կրողներն են թողել վիշապ քարակոթողները և հզոր առաջնորդների ճոխ ու թանկարժեք գույքով թաղումները։

Հետագա մեկուկես հազար տարվա ընթացքոում Հայկական լեռնաշխարհի մեծ մասում (բացի ծայր արևելյան և հարավային որոշ շրջաններից) ձևավորվում է մեկ միասնական մշակութային դաշտ։ Էթիունիի՝ որպես ցեղային միավորման մասին կարելի է խոսել թերևս արդեն մ․թ․ա․ երկրորդ հազարամյակից։

Հետաքրքիր են Ուրարտուի և Էթիունիի առնչությունները։ Ուրարտուի կենտրոնը Վանն էր, բայց ուրարտական մեծ աստվածների պաշտամունքի կենտրոնները գտնվել են Վանից շատ հեռու՝ հարավում, Ուրարտուի բուն տարածքներից դուրս, և այնտեղ, հեռավոր Մուծածիր քաղաքում էին թագադրվում նրանց արքաները։  Ըստ այդմ, պետք է կարծել, որ այս պետությունը ձևավորվել է մ․թ․ա․ երկրորդ-առաջին հազարամյակների սահմանին լեռնաշխարհի ծայր հարավից եկած մարդկանց կողմից, որոնց մոտ դեռ թարմ էր իրենց հին հայրենիքի և «աստվածների բնակավայրերի» հիշատակը։

«Մինչ ուրարտական մշակույթի կրողների ներթափանցումը լեռնաշխարհի մշակույթը հիմնականում նույնական էր էթիունյանին։ Ուրարտական ներխուժմամբ ամեն ինչ փոխվում է: Նրանց խեցեղենն ու զենքերն ուրիշ են, ամրոցների և տաճարների կառուցման ձևը լրիվ այլ է, անգամ աղյուսները ուրիշ են։ Այդ մշակույթը ծագումով լեռնաշխարհի ծայր հարավից է, ընդ որում նրանում էական է նաև ասորեստանյան կայսերական մշակույթի ազդեցությունը։ Այդ մշակույթը, այսպես ասած, ամրոցների կամ քաղաքների մշակույթ էր։ Իսկ երկրի՝ քաղաքներից դուրս ապրող բնակչությունը, շարունակում էր ապրել հին կենսակերպով», - պատմում է Արմեն Պետրոսյանը։ 

Հետաքրքիր է, որ ուրարտական արձանագրությունները հաղորդում են միայն իրենց արքաների՝ տեղական ցեղերի և հարևանների դեմ տարած հաղթանակների մասին, բայց ասորեստանյան աղբյուրները հայտնում են նաև Ուրարտուում էթիունցիների գործած ավերածությունների մասին։ Այսինքն, Ուրարտական պետությունը և Էթիունին, ինչպես նվաճված մյուս տարածքների ցեղերը մշտական դիմակայության մեջ են եղել, և ուրարտական թագավորները պարբերաբար արշավանքներ են կազմակերպել լեռնաշխարհի՝ նախկինում գրավված երկրները վերանվաճելու համար։

«Ինչու՞ է Արգիշտին կառուցել Արարատյան դաշտի հզոր ամրոցները՝ Էրեբունին, Արգիշտիխինիլին, Ռուսան՝ Թեյշեբայինի քաղաքը։ Կառուցել են տեղացիների, այսինքն՝ էթիունցիների դեմ: Ինչպես որ Ռուսաստանը Չեչնիայում կառուցել է Գրոզնի քաղաքը հենց չեչենների դեմ», - ասում է գիտնականը։ Բայց ի վերջո, հավանաբար, հենց էթիունցիներն են, թերևս սկյութների օգնությամբ, կործանել Ուրարտուն։

Արմեն Պետրոսյանը նշում է, որ ուրարտական արքաները, ասորեստանյանների նման, տեղի ժողովուրդներին ճնշելու հատուկ քաղաքականություն ունեին՝ մի տարածքից դեպի այլ, անգամ շատ հեռու տարածքներ, գերիներ էին տանում ու վերաբնակեցնում: Այսպես, Էրեբունիում Արգիշտի Առաջինը 6600 մարդ է բնակեցրել լեռնաշխարհի ծայր արևմուտքից՝ Ծոփքից և Եփրատի մյուս ափից: Բայց, դատելով արձանագրություններից, անհամեմատելիորեն շատ ավելի գերիներ են տարվել Էթիունիից և հարակից շրջաններից։ Արգիշտի Առաջինի հայրը՝ Մենուան, ըստ մի արձանագրության, կես միլիոն գերի է տարել Էթիունիից (սա, իհարկե, չափազանցություն է թվում): Բայց հսկայական քանակով էթիունյան գերիների վերաբնակեցումը պետք է նպաստեր լեռնաշխարհում էթիունյան լեզվի այսինքն՝ հնագույն հայերենի տարածմանը, որն ի վերջո պիտի դառնար լեռնաշխարհի տիրապետող լեզուն», - ասում է նա։ 

Անահիտ Սարգսյան

Տպել
Ամենաշատ