News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Հնէաբանները ժամանակակից կետերի հնագույն նախնու՝ կատաղի ծովային գիշատչի գանգ են հայտնաբերել, որը ժամանակին ապրել է ներկայիս Պերուի տարածքի մի մասը ծածկած նախապատմական օվկիանոսում, փոխանցում է Reuters-ը:

Լավ պահպանված գանգը՝ մոտ 36 միլիոն տարեկան, պեղվել էր անցյալ տարի Պերուի հարավային Օկուկահե անապատի չոր ժայռերից, հայտնել է Պերուի ազգային համալսարանի հնէաբանության ղեկավար Ռոդոլֆո Սալասը:

Գիտնականները կարծում են, որ հնագույն կաթնասունը բազիլոզավր էր՝ ջրային կաթնասունների ընտանիքի անդամ, որի ժամանակակից ժառանգները կետերը, դելֆինները եւ ծովախոզուկներն են:

Բազիլոզավր նշանակում է «արքայական մողես»՝ չնայած այս կենդանին սողուն չէր, նրա երկար մարմինը կարող էր շարժվել հսկա օձի նման։ Գիշատիչը հավանաբար մոտ 12 մետր երկարություն է ունեցել: 

«Դա ծովային հրեշ էր», - ասել է Սալասը՝ հավելելով, որ գանգը, որն արդեն ցուցադրված է համալսարանի թանգարանում, կարող է բազիլոզավրի նոր տեսակ լինել:

Գիտնականները կարծում են, որ առաջին կետանմաններն առաջացել են կաթնասուններից, որոնք ապրել են ցամաքում մոտ 55 միլիոն տարի առաջ՝ մոտ 10 միլիոն տարի անց այն բանից հետո, երբ աստերոիդն ընկել է ներկայիս Մեքսիկայի Յուկատան թերակղզու մոտ եւ ոչնչացրել կյանքի մեծ մասը Երկրի վրա, այդ թվում՝ դինոզավրերին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ