News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը եւս մեկ հանդիպում է նախաձեռնել արցախյան պատերազմներում զոհված զինծառայողների հարազատների հետ: Այս անգամ հավաքույթը կազմակերպվել է Կառավարական առանձնատանը:

Ապրիլի 7-ին ընդառաջ, վարչապետի կինը հրավերներ է ուղարկել նաեւ որդեկորույս այն ծնողներին, որոնք նախորդ միջոցառմանը չէին հրավիրվել: 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներից շատերի ծնողները մերժել են Աննա Հակոբյանի հրավերը:

Պատերազմում զոհված Տիգրան Շահբարյանի մայրը՝ Արմինե Հարությունյանը, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ իր հետ կապվել են Ավանի թաղապետարանից եւ հայտնել, որ ապրիլի 7-ի առթիվ վարչապետը հրավիրել է կառավարական առանձնատուն: Արմինե Հարությունյանը մերժել է հրավերի առաջարկը:

«Իմ տղային ուղարկել են գրավված Հադրութ, տղայիս սպանողը եղել է ղեկավարությունը, ոչ թե իր հրամանատարը, որը նույնպես զոհվել է: Քրեական գործ է հարուցված, մինչեւ այսօր մեզ մեկը չի զանգել, ասի, կներեք, չենք գտնում մեղավորին: Ես համարում եմ, որ մեղավորը վարչապետն է, ես ինչո՞ւ պետք է հրավերն ընդունեի, իսկ եթե մեղավոր չի, թող մեղավորներին գտնի, 76 հոգուց կազմված վաշտից մեկը չի փրկվել, դա նշանակում է, որ իրենք գնացել են գրավված Հադրութ, ո՞վ պետք է իմանար Հադրութը գրավված է եղել, թե՞ ոչ, իմ տղային  ծուղակ ուղարկողներին ես չեմ ներելու:

Էսքան ժամանակ է անցել, իրենք գիտե՞ն, որ ես ապրում եմ էսինչ հասցեում ու հերոսի մայր եմ, մեկուկես տարի է անցել: Անցած տարի էլ է եղել մարտի 8, ապրիլի 7, էդ ո՞նց է հիմա են հիշել, ես իմ երեխու գլուխը ուտողի հետ չեմ նստի խնջույքի սեղանին: Մեր խնջույքներն իրենք վերջացրել են էն ժամանակ, երբ պատերազմը սկսվել է»,- ասաց Արմինե Հարությունյանը:

44-օրյա պատերազմում զոհված Հենրի Հարությունովի մայրը՝ տիկին Աիդան, նույնպես մերժել է Աննա Հակոբյանի կազմակերպած միջոցառմանը մասնակցելու հրավերը: 

«Կենտրոնի թաղապետարանից զանգեցին, ասացին՝ ապրիլի 7-ի կապակցությամբ Աննա Հակոբյանը միջոցառում է կազմակերպում, ցանկանո՞ւմ եք մասնակցել, ասացի՝ ոչ, ես մարդասպանների կազմակերպած ոչ մի միջոցառման չեմ պատրաստվում մասնակցել, այն կողմում քար լռություն տիրեց, ասացին՝ կներեք ու անջատեցին: Այդ կինը անամոթաբար մարտի 8-ից հետո կրկին շարունակում է զանգել որդեկորույս մայրերին, ձեռք է առնում, ծաղրի առարկա ենք դարձել իր համար: Ես չեմ հասկանում այն մայրերին, որոնք համաձայնում են գնալ, գուցե վախից դրդված են գնում, բայց  ինչի՞ց եք վախենում, եթե որդի եք կորցրել, արդեն վախեցել՝ պրծել եք, էլ ինչի՞ց եք վախենում, նա ո՞վ է, որ դուք վախենում եք»,- ասաց Աիդա Խաչատրյանը:

Աննա Հակոբյանի հրավերը մերժել են նաեւ Կարապետյանները: «Վարչապետի կնոջ աշխատողներից ինչ-որ մեկն էր զանգել եղբորս կնոջը ու հրավիրել: Եղբորս կինն ասել է, որ նպատակահարմար չի համարում իրենց հետ սեղան նստել: Ո՞նց կարելի է մեր երեխաներին սպանողի հետ սեղան նստել: Չեմ հասկանում էն ծնողներին, որ սատարում են մեր երեխաներին սպանողներին,  մենակ մի բան կասեմ՝ անիծվի Նիկոլը իր յոթ պորտով: Ինձ տհաճ է իրենց մասին խոսելը, ատում եմ իրենց, իրենց անունը որ լսում եմ ամբողջ մարմնով դողում եմ»,- հրավերը մերժելն այսպես մեկնաբանեց պատերազմում զոհված Կարեն Կարապետյանի հորաքույրը՝ Կարինեն:

Նախորդ անգամ Աննա Հակոբյանը ռեստորաններից մեկում էր կանանց տոնի առթիվ միջոցառում կազմակերպել, որը քննադատությունների առիթ էր տվել՝ հատկապես միջավայրին ոչ հարիր երաժշտության պատճառով: Դրանից հետո Աննա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ում տեսաուղերձների շարք է սկսել, որտեղ խոսում է արցախյան տարբեր պատերազմների զոհվածների մայրերի, կանանց նկատմամբ հանրային վերաբերմունքի մասին, պնդելով, թե հասարակությունը բացասական վերաբերմունք ունի նրանց նկատմամբ, որոնք վերադառնում են բնականոն կյանքի, կամ էլ որոշում են երեխա ունենալ:

«Մեր հերոսների մայրերը բախվում են հանրային պարսավանքի, խանութ գնալու, խնամված լինելու, երեխա ունենալու համար»,- ասել էր Աննա Հակոբյանը:

Մոտ երեք ամիս առաջ է լույս աշխարհ եկել պատերազմում զոհված Հենրի Հարությունովի քույրը՝ Նելլին: Մայրը պատմում է, որ շրջապատում միմիայն դրական արձագանքներ է լսել կրկին երեխա ունենալու առիթով:

«Ես մարդկանց դեմքին միայն զարմանք եմ նկատել, այն էլ՝ լավ իմաստով: Ես վատ բան չեմ տեսնում, որ որդեկորույս մայրը մազերը կներկի, կամ էլ գունավոր շոր կհագնի: Խնդիրը Աննա Հակոբյանի մեջ է, Աննա Հակոբյանի հետ հաց կիսելու առիթ չպետք է ունենան որդեկորույս մայրերը: Իսկ ինքը խնդիրը շուռ տվեց, թե վատ մի նայեք նրան, երբ որդեկորույս մայրերը խնջույքի են մասնակցում, պարում, խնդիրն այն է, որ քեզ հետ չպետք է մասնակցեին այդ խնջույքին»,- նկատեց Աիդա Խաչատրյանը:

Պատերազմում զոհված Տիգրան Շահբարյանի մայրը՝ Արմինե Հարությունյանը, նույնպես բալիկի է սպասում: «Բարեկամներից, հարեւաններից սկսած անծանոթներով վերջացրած միայն լավ խոսքեր եմ լսել, հայացքներ տեսել՝ այս կարգավիճակով պայմանավորված: Չեք պատկերացնի՝ ինչքան մարդ է սպասում երեխայիս ծնվելուն, որ ինչ-որ նվեր առնի, ինչ-որ բանով օգնի: Երբ դեռ նկատելի չէր հղիությունս, շատերն ասում էին՝ երեխա ունեցիր, ես երբեք չեմ նկատել, որ ինչ-որ մեկը խեթ հայացքով ինձ նայեր կամ էլ նայի: Հարյուրավոր նամակներ եմ անծանոթներից ստանում, որոնք ջերմ խոսքեր են ասում, էմոցիաները շատ դրական են»,- ասաց տիկին Արմինեն:

Այսօրվա միջոցառման ավարտից հետո Աննա Հակոբյանը ֆեյսբուքում գրառում է արել՝ շնորհավորելով կանանց Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ։ «Դուք իրավունք չունեք խեղճանալու: Մեր ճակատագիրը ձեր ձեռքում է։ Անհանդուրժող եղեք ամենաչնչին կեղծիքի, անարդարության, կաշառակերության, անհավասարության, խաբեության, մեքենայությունների, անիրավության, ամբարտավանության, ծուլության, չարության եւ մեր երկրի հզորացմանը խոչընդոտող բոլոր մյուս արատավոր երեւույթների նկատմամբ։ Դարձեք այդպիսին, հսկեք բոլորին՝ հանո՛ւն մեր նահատակված տղաների հիշատակի»,– գրել է նա։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ