News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Առաջիկա մեկ տարում Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումը քիչ հավանական է, եթե շփման գծում պարբերական փոխհրաձգությունները չհամարենք ռազմական գործողություն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի Սեւծովյան-կասպիական կենտրոնի փորձագետ Էդուարդ Պոպովը:
«Չնայած կազանյան հանդիպման համեստ ու սպասելի արդյունքներին, հակամարտության կողմերը հստակ արձանագրեցին, որ պատրաստ են լինել բանակցային համատեքստում: Վատ խաղաղությունը լավ վեճից նախընտրելի է», - նշեց Պոպովը` ավելացնելով, թե համաշխարհային հանրությունը եւս խիստ բացասաբար կընդունի նման անկայուն տարածաշրջանում պատերազմի հրահրումը:

«Այս փոքր տարածքում չափազանց շատ «մեծ» շահեր կլինեն վտանգված: Այդ պատճառով առաջիկայում մեծ տերությունների ջանքերով պատերազմը կզսպվի: Նրանց կարծիքով, բանակցային գործընթացում կարգավորման հնարավորությունները չեն սպառվել: Դա միակ ճիշտ դիրքորոշումն է: Սակայն շատ բան կախված է Երեւանի եւ Բաքվի դիվանագիտական ջանքերի ներուժից: Կողմերը պետք է թույլ չտան ռազմական գործողությունների վերսկսում, այլապես հետեւանքները տարածաշրջանի համար կլինեն անկանխատեսելի: Պատերազմի վերսկսման դեպքում միջազգային հանրությունը եւ Ռուսաստանը որպես առաջատար կովկասյան տերություն կհայտնվեն ծայրահեղ բարդ իրավիճակում: Այդ պատճառով կարվի հնարավոր ամեն ինչ այդպիսի սցենարը թույլ չտալու համար», - վստահ է փորձագետը:

Ստատուս-քվոյի պահպանման եւ Բաքվի ռազմաշունչ հայտարարությունների ցուցադրական բնույթի վարկածի մասին Պոպովը նշեց. «Կհամաձայնեմ, որ կողմերից յուրաքանչյուրն այսօրվա իրավիճակում շահեկան է համարում սեփական դիրքերը: Հայաստանը շահեկան է համարում չճանաչված ԼՂՀ-ի պաշտպանության համար հարմար տարածքների վերահսկողությունը, Ադրբեջանը` ավելի հզոր դեմոգրաֆիական եւ տնտեսական ներուժը: Բաքուն հայտարարում է, որ Ադրբեջանի պաշտոնական ռազմական բյուջեն գերազանցում է Հայաստանի ամբողջ բյուջեն: Կարծում եմ` Բաքվում իրատեսորեն են գնահատում իրավիճակը եւ այդ հանգամքն օգտագործում են Երեւանի դեմ դիվանագիտական պատերազմում: Պարբերաբար հնչող ռամզաշունչ հայտարարությունների գլխավոր հասցեատերն էլ միջազգային հանրությունն է», - ամփոփեց Էդուարդ Պոպովը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ