News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 15
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը


Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի (մայիսի 2-3) կապակցությամբ կողմերը հանդես են եկել հետևյալ համատեղ հայտարարությամբ, որը ներկայացվում է ստորև։

Մայիսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ մեկնարկելու ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը։ Երկխոսության ընթացքում Հայաստանը և ԱՄՆ-ն վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները բոլոր ուղղություններով։

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակներում քննարկումների այս փուլը համընկել է Հայաստանի և ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ։ Պատվիրակությունները դրական են գնահատել երկկողմ կապերի առկա մակարդակը և անդրադարձ կատարել գործընկերության ընդլայնման ներուժին։ Հայկական պատվիրակության կազմում էին Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը, Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, Պաշտպանության նախարարության պաշտոնյաներ։ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստին մասնակցում էին նաև ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը և Պետդեպարտամենտի ու Պաշտպանության գերատեսչության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նույնպես ներկա էին։

Ժողովրդավարական հետագա բարեփոխումներ և փոխադարձ բարեկեցության խթանում

Պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Դոնֆրիդը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի իր ամուր աջակցությունն ու համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ՝ պատասխանատու ժողովրդավարական և տնտեսական ինստիտուտների կառուցման գործում, որոնք կարտացոլեն ընդհանուր արժեքները և կապահովեն ավելի արդյունավետ կառավարում և բարեկեցություն:

Պատվիրակությունները համապարփակ երկխոսություն են ունեցել Հայաստանի դրական ժողովրդավարական ուղուն սատարելուն ուղղված ԱՄՆ աջակցության շուրջ։ Այն ներառում է մարդու իրավունքների, մեդիագրագիտության, սոցիալական պաշտպանության, արդարադատության ոլորտի բարեփոխումների և Ոստիկանության նոր պարեկային ծառայության աջակցության ծրագրեր: Պատվիրակությունները քննարկել են նաև դատական իշխանության անաչառության և խոսքի ազատության ամրապնդմանն առնչվող հարցեր։

Քննարկման առանցքային թեմաներից էին նաև տնտեսական ոլորտում փոխադարձ բարեկեցությանը նպաստող մեխանիզմները, ներառյալ՝ էներգետիկ համագործակցությունն ու աշխատուժի զարգացումը՝ առևտուրի ու ներդրումների ոլորտում երկկողմ կապերը խթանելու և խորացնելու նպատակով:

Անվտանգություն, խաղաղություն և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորում

Երկու պատվիրակությունները քննարկել են հարցեր, որոնք վերաբերում են սահմանային անվտանգությանը և պաշտպանության ու անվտանգության ոլորտում գործընկերությանը` աղետների կառավարման, պաշտպանական բարեփոխումների, բժշկական աջակցության և խաղաղապահության միջոցով: Պատվիրակությունները մտքեր են փոխանակել անվտանգության հարցերի շուրջ և նշել Միացյալ Նահանգների դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր` օժտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու մանդատով:

Շոշափելի արդյունքների հասնելու ձգտում

Նախարար Միրզոյանը և հայկական պատվիրակությունը կառուցողական հանդիպումներ են ունեցել նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանտա Փաուերի, պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի և այլոց հետ։ Վաշինգտոնում գտնվելու ընթացքում պատվիրակության անդամները ստորագրել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ Քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ, որը կծառայի որպես մեխանիզմ, որի միջոցով երկու կառավարությունները կարող են ավելի ամուր կապեր հաստատել միջուկային ոլորտի փորձագետների, արդյունաբերության և հետազոտողների միջև: Հայաստանը և Միացյալ Նահանգները ստորագրել են նաև հակակոռուպցիոն և իրավապահ ոլորտում բարեփոխումների երկու համատեղ գործողությունների ծրագիր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում է գտնվել Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ զորքերի հրամանատարության բարձրաստիճան պաշտոնյա․ 168․am
Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի ցամաքային զորքերի հրամանատարության ազգային գվարդիայի հրամանատարի տեղակալ…
ԱՄՆ փոխպետքարտուղար Դոնֆրիդը վերահաստատել է տրանսպորտային ուղիների բացմանն աջակցելու ԱՄՆ առաջարկը
Նա կողմերին կոչ է արել թուլացնել սահմանների լարվածությունն ու խրախուսել երկխոսության շարունակումը...
ԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկում է ապաշրջափակման հարցում տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավորությունը
Դիվանագիտական մեծ ներգրավվածություն կա...
USAID-ն նոր ծրագիր է գործարկել նոր խնդիրներին եւ մարտահրավերներին դիմակայելու համար. Առաքելության ղեկավար
Դա, Ջոն Ալելոյի խոսքով, թույլ կտա Հայաստանին ապահովել ինչպես տնտեսության զարգացումը, այնպես էլ սեփական քաղաքացիների բարեկեցությունը...
ԱՄՆ դեսպանատունը պարզաբանել է՝ ինչու են հավաքագրում կապի կամավորների
Ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանությունները պարբերաբար հավաքագրում են...
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մտահոգված է իր քաղաքացիների անվտանգությամբ. կամավորների են հավաքագրում
Համայնքային կապի կամավորից պահանջվում է հասանելի դարձնել ԱՄՆ քաղաքացիների համար վարչական տեղեկատվությունները, ինֆորմացիա…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ