News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նախորդ տարի նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ բանակցությունների հետո Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ օրեր անց Մոսկվայում հանդիպելու են երեք երկրների փոխվարչապետներն ու ձեռք բերված պայմանավորվածությունների մասին են հայտարարելու: Դեկտեմբերի 1-ին հանդիպումը կայացավ, բայց չավարտվեց՝ փոխվարչապետները պետք է նորից հանդիպեին, քանի որ համաձայնությունների հասնել չէր հաջողվել: Հանդիպումն այդպես էլ չշարունակվեց, որեւէ պայմանավորվածության մասին չհայտարարվեց, եւ փոխվարչապետներն արդեն կես տարի է՝ չեն հանդիպել:

Մայիսի 12-ին Դուշանբեում Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ մայիսի 16-17-ին Մոսկվայում կոմունիկացիաների ապաշրջափակման օրակարգով երեք երկրների փոխվարչապետները կհանդիպեն, եւ նույն օրերին Մոսկվայում կկայանա նաեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հայ-ադրբեջանական հանձնաժողովի երկկողմ հանդիպումը։ Ոչ կոմունիկացիաների, ոչ էլ սահմանազատման հարցերով հանդիպումներ, սակայն, Մոսկվայում չկայացան: Ավելին, Միրզոյանի հայտարարությունից հետո հանդիպումների պայմանավորվածության մասին տեղեկությունն ադրբեջանական կողմը իշխանամերձ Haqqin.az-ի հրապարկմամբ հերքեց:

Մայիսի 5-ին, կոմունիկացիաների ապաշրջափակման բանակցությունների վերաբերյալ հարցում էինք ուղարկել եռակողմ աշխատանքային խմբում Հայաստանի ներկայացուցիչ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, որին նրա գրասենյակից պատասխանել են այսօր։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ապրիլի 28-ին հայտնել էր, որ մոտ ժամանակներս Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի աշխատանքային խմբի նիստ է կայանալու։ Ռուսաստան կատարած պաշտոնական այցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խումբն առաջիկայում կկարողանա փաստաթղթեր մշակել եւ համաձայնեցնել ՀՀ տարածքով երկաթուղային եւ ավտոճանապարհների շինարարության հարցով։ Արդյո՞ք փոխվարչապետերի մակարդակով հանդիպում անցկացնելու վերաբերյալ կա արդեն հստակ պայմանավորվածություն։ Եթե այո, ապա ե՞րբ է այն կայանալու եւ կոնկրետ ի՞նչ օրակարգով։

Նախնական պայմանավորվածությունների համաձայն այս ամսվա ընթացքում պետք է հանդիպում տեղի ունենա։ Կոնկրետ ամսաթիվը համաձայնեցման փուլում է:

Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ հանգամանքներով պայմանավորված նախորդ ամիսներին փոխվարչապետերի մակարդակով հանդիպումներ չեն կայացել. ադրբեջանակա՞ն կողմն է ձգձգում աշխատանքները, եթե այո, ապա ի՞նչ հարցերի շուրջ ունեցած անհամաձայնությունների հիմքով։ 

Փոխվարչապետերի մակարդակով հանդիպումներ վերջին շրջանում չեն կայացել, սակայն փորձագիտական մակարդակով աշխատանքներ ընթացել եւ ընթանում են։ Ինչ խոսք, կան տարաձայնություններ տարբեր հարցերի շուրջ, որոնք դեռեւս քննարկման եւ համաձայնեցման կարիք ունեն։

Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջեւանին կապող երկաթուղային եւ ավտոճանապարհային ուղիները, ըստ ավելի վաղ հնչած հայտարարությունների, պետք է անցնեն ՀՀ Սյունիքի մարզով։ Միաժամանակ, ըստ ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահի՝ ապրիլի 19-ի հայտարարության, ռուսաստանյան կողմը պատրաստ է մասնակցել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման նախագծերում ինչպես Սյունիքի, այնպես էլ այլ մարզերում։ Արդյո՞ք կոմունիկացիաների ապաշրջափակման բանակցություններում քննարկվում է նաեւ Ղազախ-Իջեւան երկաթգծի վերականգնման եւ վերագործարկման հնարավորությունը, թե՞ խոսքը միայն Սյունիքի մարզով նախատեսվող ուղիների մասին է։

Ինչպես նախկինում ասվել է, քննարկվում են տարածաշրջանային բոլոր հնարավոր ուղիների ապաշրջափակման վերաբերյալ հարցերը։ Այլ հարց է, թե բանակցությունների արդյունքում տեխնիկական պարամետրերից եւ հաշվարկներից ելնելով որ տարբերակներն առավել արդյունավետ կհամարվեն եւ քննարկումներում առաջնահերթություն կունենան։

2021թ․ դեկտեմբերին հայտարարել էիք, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է վերականգնել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու 45 կմ հատվածը, որի համար կծախսի մոտ 200 միլիոն դոլար: Ֆինանսական ի՞նչ միջոցներով է նախատեսվում իրականացնել վերականգնողական աշխատանքները։ Արդյո՞ք բանակցություններ են վարվում ռուսական կողմի հետ երկաթուղու այդ հատվածի վերականգնողական աշխատանքներում ներգրավվելու, ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցով։

Այս պահին երկաթուղու այդ հատվածի վերականգնողական աշխատանքներում ներգրավվելու կամ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցով ռուսական կողմի հետ առանձին բանակցություններ չեն վարվում, բայց դա չի նշանակում, որ ռուսական ընկերություններ վերականգնողական աշխատանքներում չեն ներգրավվելու

Իլհամ Ալիեւը վերջին օրերին հայտարարել է, որ ադրբեջանական կողմը երկաթուղու իր հատվածի կառուցումը մինչեւ Հայաստանի հետ սահման կավարտի տարեվերջին, իսկ ավտոճանապարհը պատրաստ կլինի քիչ ավելի ուշ։ Նա նաեւ մեղադրել է Հայաստանին իր հատվածում աշխատանքները ձգձգելու եւ Սյունիքով անցնող հավանական ուղիների աշխարհագրական կոորդինատները չտրամադրելու մեջ։ Ինչպե՞ս կարձագանքեք Ադրբեջանի նախագահի այս հայտարարություններին։ Ի՞նչ փուլում է Հայաստանի տարածքում նախատեսված աշխատանքների նախապատրաստման ընթացքը։

Վարչապետի 2022 թվականի հունվարի 14-ի որոշմամբ Հայաստանի Հանրապետության երկաթուղու Երասխ-Ադրբեջանի Հանրապետության սահման եւ Մեղրիի հատվածների վերականգնման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանի գլխավորությամբ։

Բրյուսելում ապրիլի 6-ին կայացած եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել էր նաեւ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը, եւ Եվրամիությունը պատրաստակամություն էր հայտնել աջակցել այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ այդ թվում իր «Տնտեսական եւ Ներդրումային պլանի» եւ նախագծերի որոշման նպատակով տնտեսական խորհրդատվական ֆորումի անցկացման շրջանակում։ Արդյո՞ք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոմունիկացիաների ապաշրջափակմանն առնչվող հարցերով բանակցություններ են տարվում նաեւ ԵՄ միջնորդությամբ եւ նշված առաջարկների շրջանակում։

Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը բանակցվում է միայն Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։

Այսօր Մհեր Գրիգորյանի գրասենյակը նաև պատասխանել է «Ազատություն» ռադիոկայանի հարցմանը, որում նշել է, որ Հայաստանի կառավարությունում հույս ունեն դեպի Ադրբեջան ու Իրան ձգվող երկաթուղու վերագործարկման շուրջ ներկայիս բանակցությունների արդյունքում մոտ ապագայում Բաքվի ու Թեհրանի հետ ստորագրել մաքսային և սահմանային հսկողությանն առնչվող փաստաթղթեր։

«Երբ խոսք է գնում տարածաշրջանային նշանակություն ունեցող ենթակառուցվածքի մասին, ակնհայտ է, որ պետք է նաև հարաբերություններ կարգավորվեն դրա հետագա շահագործման հետ կապված այն հարևան երկրների հետ, որոնք իրենց հերթին, իրենց ենթակառուցվածքներով, միանում են այդ ենթակառուցվածքին: Տվյալ դեպքում դա Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունն է: Համապատասխանաբար, մաքսային և սահմանային հսկողության հետ կապված բոլոր այն հարցերը, որոնք այս պահին կարգավորված չեն կողմերի միջև, պետք է կարգավորվեն: Բնականաբար, պետք է կարգավորվեն նաև ենթակառուցվածքի լիարժեք շահագործման նպատակով կողմերի՝ շինարարական աշխատանքների զուգահեռ անելիքները և դրանց ժամանակացույցը: Այս պահին որևէ փաստաթուղթ դեռ չի ստորագրվել, բայց հույս ունենք, որ մոտ ապագայում կհամաձայնեցվի և կստորագրվի»,- «Ազատության»  հարցմանն ի պատասխան հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Ինչպես հայտնել են փոխվարչապետի գրասենյակից, երկաթուղու Երասխ-Ադրբեջանի Հանրապետության սահման և Մեղրիի հատվածների վերականգնման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով  վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խմբի առաջարկության հիման վրա «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամը նշված երկաթուղային ենթակառուցվածքի հայաստանյան հատվածների ինժեներական, գեոդեզիական և գործիքային հետազոտություններ է իրականացրել։ Այս պահին Հիմնադրամի կողմից դաշտային և լաբորատոր աշխատանքներն ավարտված են, պատրաստվել են համապատասխան հաշվետվություններ, որոնք ներկայացվել են աշխատանքային խմբին և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։

«Փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքների շրջանակներում ստեղծվել են երկու ենթախմբեր, որոնք տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման համատեքստում փորձագիտական մակարդակով ուսումնասիրել են միջազգային փոխադրումների հետ կապված տեխնիկական և ենթակառուցվածքային հնարավորությունները, սահմանային, մաքսային և այլ տիպի հսկողության իրականացման հարցերը՝ ԱՊՀ նորմատիվ իրավական բազայի, ինչպես նաև այլ բազմակողմ միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների կարգավորումների շրջանակներում, որոնց Հայաստանի Հանրապետությունը միացած է կամ կողմ է հանդիսանում: Նույն համատեքստում գնահատվել են նաև տարածաշրջանի այլ երկրների տրանսպորտային ենթակառուցվածքների և ուղիների հետ հնարավոր կապերի տնտեսական ու լոգիստիկ էֆեկտները»,- «Ազատությանը» հայտնել են փոխվարչապետի գրասենյակից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ