News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 30
USD
408.31
EUR
429.75
RUB
7.83
Տեսնել լրահոսը


Օրեր առաջ հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ էլեկտրոնային անծանոթ հասցեից ստացել են մոտ 256 000 քաղաքացիների անձնական տվյալներ՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար, տան հասցե, անձնագրի տվյալներ, որոնք նամակի հեղինակների ներկայացմամբ` պատկանում են բեռնափոխադրումներով զբաղվող Globbing ընկերության հաճախորդներին։

Կիբերանվտանգությամբ զբաղվող CyberHub-ի համահիմնադիր Արթուր Պապյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ համադրել են հրապարակված տվյալները և պարզել` ցանկում առկա մարդիկ Globbing-ի հաճախորդներ են։ Արթուր Պապյանն առանձնացրեց մի քանի կետ, որոնք իր համար հիմք են ծառայում ասելու, որ դա Globbing-ի բազան է:

«Առաջին՝ կան դեպքեր, երբ Globbing–ի բազայում օգտատերերն իրենց անունները գրել հայերեն, ինչ–որ դեպքերում գրել են անգլերեն։ Առնվազն տասը դեպք գիտենք, որ տվյալները ամբողջությամբ համընկնում են։ Կար առնվազն երեք–չորս դեպք, երբ մարդը տառասխալով է ներմուծել իր տվյալները Globbing-ի բազայում։ Բացի դրանից, բազայի հետ կար նաև ID, և այդ այդին համընկնում էր, երբ համակարգ ես մուտք գործում, էջի կոդի մեջ կա User ID պարամետր, և տվյալների բազայում եղած ID-ին համընկնում էր այդ ID-ի հետ։ Այնպես որ, այսքան զուգադիպություններ միանգամից քիչ հավանական են։ Այսինքն` դա բավական հիմնավոր կասկած է ստեղծում, որ իսկապես սա Globbing-ի տվյալների բազան է կամ մի մասը հանված է հենց Globbing-ի տվյալների բազայից», - նշեց նա:

Արթուր Պապայանի խոսքով՝ ամենամեծ վտանգն այն է, որ շուրջ 256 000 քաղաքացու տվյալներ ունենալով՝ հաքերները կարող են թիրախավորել նրանց:

Globbing-ի Հայաստանի մարքետինգի ղեկավար Արփինե Համբարձումյանը NEWS.am-ի հետ զրույցում չհերքեց, որ շրջանառվող տվյալների մի մասը Globbing-ի հաճախորդների տվյալներ են, բայց հավելեց, որ վերջնական պատասխանը կտա քննությունը:

«Շրջանառվում են անձնական տվյալներ, որոնց արտահոսքը, ըստ որոշ մարդկանց, տեղի է ունեցել Globbing-ից։ Այս հարցով այժմ զբաղվում են մասնագետները, քննությունն ընթացքի մեջ է. մենք ներգրավել ենք կիբերանվտանգության տեղական և արտասահմանյան մասնագետների։ Այս պահին համապատասխան աշխատանքներ են տարվում, և այս պահին նորություններ, որպես այդպիսին, չկան։ Այսինքն՝ այս պահին հնարավոր չէ ասել՝ արդյոք տվյալների արտահոսք եղել է Globbing-ից, թե ոչ», - նշեց նա:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանն ասում է, որ ըստ ընթացակարգի՝ Globbing ընկերությունը պետք է երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարի ուսումնասիրություն՝ պարզելու համար արդյո՞ք այն տվյալները, որոնք արտահոսել են, Globbing-ի՞նն են, թե՞ ոչ:

«Ըստ «Անհատական տվյալների մասին» օրենքի՝ անձնական տվյալների հետ իրականացվող անօրինական գործողություններ հայտնաբերելու դեպքում մշակողը պարտավոր է անհապաղ, բայց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թույլ տված խախտումները: Խախտումները վերացնելու անհնարինության դեպքում մշակողը պարտավոր է անհապաղ ոչնչացնել անձնական տվյալները: Այսօր ներառյալ, լրանում է Globbing ընկերության տրամադրած եռօրյա ժամկետը: Ընկերությունը պետք է երկու օրվա ընթացքում մեզ տեղեկացնի իր կատարած ուսումնասիրությունների մասին», - նշեց նա:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի կարծիքով՝Հայաստանում բազմաթիվ մասնավոր ու պետական ընկերություններում անձնական տվյալների պաշտպանությունը անմխիթար վիճակում է։ Նրա խոսքով՝ նրանք ձեռնպահ են մնում այս նպատակով անհրաժեշտ միջոցներ ծախսել, որովհետև դա բավականին թանկ է, իրենց էլեկտրոնային համակարգերը պաշտպանված դարձնելը ծախսատար պրոցես է։

«Դրա համար է, որ հիվանդանոցներից վերջին 1-2 տարվա ընթացքում բավականին հաճախ տեղի ունեցան օրինակ` քովիդով վարակվածների տվյալների արտահոսքեր, այսինքն` դրանք բավականին հաճախ գործընթացներ են դարձել մեր երկրում: Սա վկայում է մի բանի մասին, որ այս ընկերություններում ուղղակի չկան անհրաժեշտ կանխարգելման միջոցներ, դրա համար գոյություն ունի միջազգային ստանդարտ` ISO 27001-ը, որ օրինակ` բանկային համակարգում հաջողությամբ ներդրված է, և կարող ենք ասել, որ այս համակարգը պաշտպանված է», - ասաց Շուշան Դոյդոյանը:

 

Տպել
Ֆոտոռեպորտաժներ