News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեկ Հայաստանի զբոսաշրջային ոլորտի առաջատար «Հյուր սերվիս» ընկերությունը դարձավ 20 տարեկան: Հոբելյանական տարեդարձի միջոցառման առանցքում ընկերության պատմությունն է. ցուցադրված լուսանկարներում կազմակերպության առաջին բուկլետներն են, առաջին հաճախորդները, ժիգուլի մակնիշի այն ավտոմեքենան, որով 2002թ. նորաստեղծ «Հյուր սերվիսի» 3 հոգանոց անձնակազմն անցկացնում էր առաջին էքսկուրսիաները (ֆոտոռեպորտաժ):

Հայաստանի ամենաճանաչված զբոսաշրջային ընկերության պատմությունն սկսվել է մաթեմատիկոս Արամ Հակոբյանի ու նրա մտերիմների նախաձեռնությամբ: 2001 թվականին, երբ Հայաստանը նշում էր Քրիստոնեության ընդունման 1700 ամյակը, անկախության պատմության մեջ ռեկորդային թվով՝ շուրջ 90 հազար զբոսաշրջիկ ունեցավ և «Հյուր սերվիսի» հիմնադիրների մոտ միտք ծնվեց՝ ստեղծել զբոսաշրջային ընկերություն, որը նոր մոտեցումներով կակտիվացնի զբոսաշրջային շուկան՝ զբոսաշրջիկներին առաջարկելով ավելի բազմազան ու ճկուն ծառայություններ։

«Փորձեցինք նորությամբ մտնել շուկա։ Սկսեցինք աշխատել ոչ թե ավանդական դարձած խմբային ուղեգրերով, այլ զբոսաշրջիկներին առաջարկել առանձին ծառայություններ՝ հնարավորություն տալով նրանց Հայաստան գալուց առաջ պատվիրել այն՝ ինչի կարիքն ունեն: Մենք տուրիզիմից հեռու մարդիկ էինք այն ժամանակ, ուրիշ կերպ էինք մտածում, ինչն ինձ թվում է՝ օգնեց, որ հաջողություններն արագ գան»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արամ Հակոբյանը:

2000-ականների սկզբին Հայաստանում զարգացած չէր հյուրանոցային և պատմամշակութային վայրերի ոլորտը, շատ սակավ էին զբոսաշրջային տրանսպորտային միջոցները։ «Հյուր սերվիսի» տնօրենի խոսքով՝ թեեւ դրանք սահմանափակում էին զբոսաշրջային բիզնեսի հնարավորությունները, սակայն փոքր քայլերով, 24–ժամյա աշխատանքով լուծել են խնդիրներն ու հաջողված բիզնես կառուցել, որն այժմ դարձել է 80 հոգանոց մի մեծ, սրտացավ ու նվիրված մասնագետներով թիմ։ Առաջին քայլը, որ արել են օտարերկրացի հաճախորդներին հասանելի դառնալու համար, եռալեզու կայք ստեղծելն է եղել։ Այն հրապարակվել է 2002 թվականին՝ հայերեն, անգլերեն եւ ֆրանսերեն։ Բիզնեսի զարգացմանը զուգահեռ կայքը հարստացրել են Հայաստանի մասին նյութերով եւ արդյունքում 20-ամյակը նշում են Հայաստանի մասին փոքրիկ հանրագիտարան հիշեցնող կայքով, որը հասանելի է 7 լեզուներով՝ հայերեն, ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն։

«Աննկարագրելի ծավալի բովանդակություն է պարունակում կայքը. 200–ից ավելի տեսարժան վայրեր, փառատոններ ու միջոցառումներ, ռեստորաններ ու դահլիճներ՝ բոլոր մանրամասներով, 7 լեզուներով նկարագրված, ավելի քան 20 հազար լուսանկարներով։ Կարող ենք ասել, որ կայքի մի զգալի հատված ծանոթություն է Հայաստանի հետ, տեղեկատվություն, թե զբոսաշրջիկները ինչ կարող են անել այստեղ»,- նշեց «Հյուր սերվիսի» տնօրենը։

«Հյուր սերվիսը» նոր կայքը գործարկել է մոտ մեկ տարի առաջ: Այն պատրաստել են համավարակի սահմանափակումների ժամանակ, երբ զբոսաշրջիկների հոսքը դադարել էր, ոլորտը ճգնաժամ էր ապրում։ Այս ժամանակաշրջանը նրանք օգտագործեցին ընկերության հետագա զարգացման ծրագրերի համար։

«Մենք ամուր կանգնեցինք ոտքերի վրա, դռները փակեցինք եւ ամբողջ թիմով սկսեցինք զբաղվել մեր նոր կայքը ստեղծելով։ Զրոյից սկսեցինք կառուցել»,- ասաց Արամ Հակոբյանը՝ նշելով, որ նոր կայքը տալիս է հնարավորություններ, որոնք չկան անգամ համաշխարհային տարածում ունեցող մեգահարթակներում. հաճախորդը կարող է զամբյուղում հավաքել իր համար ցանկալի ծառայությունները եւ մեկ գործողությամբ վճարել դրանց դիմաց. «Կայքը բացառիկ է նրանով, որ զբոսաշրջային ծառայությունների առցանց խանութ է։ Հաճախորդը կարող է ձեւավորել իր այցելության փաթեթը՝ ամենափոքր ծառայությունից մինչեւ խմբային ու անհատական էքսկուրսիաներ, վարձակալել բնակարան, տրանսպորտ, ամրագրել հյուրանոց և կոնֆերանս դահլիճ, աջակցություն ստանալ բիզնես միջոցառումների համար»։

«Հյուր սերվիսն» այս տարի արժանացել է Որակի կառավարման եվրոպական հիմնադրամի (EFQM) հավաստագրման, նախորդ տարի «World Travel Awards»–ի կողմից արժանացել է Հայաստանի լավագույն ճամփորդական գործակալություն մրցանակի, դրանից առաջ էլ երկու անգամ պարգևատրվել է լավագույն տուր-օպերատորի մրցանակով՝ «Армения Туристическая» ամսագրի կողմից։ 20 տարիների ընթացքում ընկերությունը հյուրեր է ընդունել 140 երկրից՝ դառնալով ոլորտի առաջատարներից մեկը Հայաստանում։ Եթե սկզբնական շրջանում ընկերության հաճախորդների թվում գերակշռում էին սփյուռքահայերը, ապա վերջին տարիներին, ընկերության հիմնադրի խոսքով, բավականին շատ են օտարազգիները:

Արամ Հակոբյանի խոսքով՝ իրենց նպատակը Հայաստան այցելողների թիվը տարեցտարի բազմապատկելն է։

«Հիմնադրման առաջին իսկ պահից մեր նպատակն է եղել մարդկանց Հայաստան բերելը. մեր շուկան շատ մեծ է` տեսականորեն Հայաստան կարելի է բերել 8 միլիարդ մարդու։ Մեր ամենամեծ ցանկությունն այն է, որ մարդիկ Հայաստանից հեռանան լավ տպավորություններով ու համոզմունքով, որ էլի վերադառնալու են եւ որ իրենց շրջապատում պատմելու են Հայաստանի, մեր հետ անցկացրած օրերի մասին, որ իրենց հարազատները, ընկերները, իրենց շրջապատի մարդիկ նույնպես ցանկանան Հայաստան գալ։ Մենք հյուրեր ունենք, որոնք 15-20 տարի շարունակ տարեկան մի քանի անգամ այցելում են Հայաստան»,- նշեց Արամ Հակոբյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Ամենաշատ