News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Թվային փոխակերպում, կիբեռանվտանգություն եւ ժամանակակից ֆինանսական տեխնոլոգիաներ։ Օրեցօր այս ոլորտների արդիականությունը աճում է ամբողջ աշխարհում, եւ Հայաստանը բացառություն չէ։ Պատահական չէ, որ հենց այս թեմաների շուրջ է որոշվել անցկացնել SILICON MOUNTAINS-2022 տեխնոլոգիական գագաթաժողովը, որը հունիսի 17-ին կայացել է Երեւանում (ֆոտոռեպորտաժ

Վերոնշյալ երեք ոլորտները փոխկապակցված են, եւ սկզբունքորեն սխալ է դրանք միմյանցից առանձին դիտարկելը, կարծում է UEICT նախագահ Արմեն Բալդրյանը։ Նրա ղեկավարած ընկերությունն է ԿԲ-ի աջակցությամբ կազմակերպել գագաթաժողովը։ Անհնար է խոսել թվային փոխակերպման մասին՝ անտեսելով կիբեռանվտանգության խնդիրները։ Ժամանակակից ֆինանսական տեխնոլոգիաները նաեւ դժվար է պատկերացնել եթե ոչ առանց երկրների ու հասարակությունների, ապա գոնե բանկային հատվածի թվային փոխակերպման։ Եվ չպետք է մոռանալ նաեւ թվային աշխարհում տեղի ունեցող գործարքների անվտանգության ապահովման մասին։ Այդ պատճառով էր այդքան կարեւոր գագաթաժողովում բոլոր երեք ոլորտները միասին ներկայացնելը։

Սիլիկոնյան լեռները՝ նոր մարտահրավեր Հայաստանի համար

NEWS.am-ի հետ զրույցում Բալդրյանն ասաց, որ SILICON MOUNTAINS երրորդ գագաթաժողովը տարբերվում է առաջին երկուսից. եթե նախկինում մասնակիցներին ներկայացնում էին աշխարհում, զարգացած երկրներում տեղի ունեցող ամենահետաքրքիր բաները, որոնցից մենք, որպես կանոն, դեռ շատ հեռու էինք, ապա այս անգամ խոսքն արդեն մեր իրողությունների մասին է, այսօր արդիական մարտահրավերների եւ այն մասին, ինչ մենք պետք է անենք ապագայում։

Սակայն գագաթաժողովի հիմնական նպատակը, իհարկե, մնացել է նույնը՝ նպաստել Հայաստանի տեխնոլոգիական զարգացմանը։ Այս նպատակն արտացոլված է նաեւ գագաթաժողովի խորագրում։

«Սիլիկոնյան լեռները մարտահրավեր են Հայաստանի համար, դա այն է, ինչին մենք ձգտում ենք, ինչին փորձում ենք հասնել։ Մեր հավակնությունները պետք է մեծ լինեն, մեր նշաձողը՝ շատ բարձր։ Մեր նշաձողը Սիլիկոնյան հովտի հետ մրցակցելը կամ համագործակցելն է», - ասաց Արմեն Բալդրյանը։

Այս տարի գագաթաժողովի հրավիրված հյուրերն էին թվայնացման մասնագետ Անդրես Կուտը (Էստոնիա) եւ կիբեռանվտանգության ու կիբեռկայունության մասնագետ Ռամզես Գալեգոն (Իսպանիա): Իսկ նրանց փորձի մասին լսելու եւ իրենց հետաքրքրող հարցերը նրանց ուղղելու համար եկել էին ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, այլ նաեւ գործարարներ, բանկիրներ եւ շատ ուրիշներ։ Ի վերջո, թվային փոխակերպումը վաղ թե ուշ կառնչվի բոլոր, կամ գրեթե բոլոր ոլորտներին:

Թվային հասարակություն 2.0

Էստոնիան թվային փոխակերպման ոլորտում ամենաառաջադեմ երկրներից է, եւ Հայաստանը, ու ոչ միայն նա, հաստատ սովորելու շատ բան ունի նրանից։ Այսօր Էստոնիայում բազմաթիվ ծառայություններ, որոնք նախկինում բյուրոկրատական քաշքշուկ էին պահանջում ու հսկայական ժամանակ, արդեն հասանելի են առցանց. հաշված րոպեների ընթացքում կարելի է բացել մեծ ընկերություն, հայտարարագրել հարկերը, նույնիսկ մասնակցել ընտրություններին: Չի կարելի միայն ամուսնություն գրանցել ու ամուսնալուծվել, ինչպես նաեւ անշարժ գույքի փոխանցում իրականացնել․ այս դեպքերում պետք է անձամբ ներկայանալ:

Թվային փոխակերպման մասնագետ Անդրես Կուտը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ժամանակակից էստոնացիները սովոր են ամեն ինչ առցանց անել։ Ավելին, նրանք այլեւս ստիպված չեն շատ բաներ անել՝ շատ գործընթացներ տեղի են ունենում առցանց՝ առանց նրանց մասնակցության։

«Օրինակ՝ մարդը կորցրել է աշխատանքը։ Նախկինում նա ստիպված էր դիմել գործազրկության նպաստ ստանալու համար։ Ավելի ուշ դա հնարավոր դարձավ առցանց անել։ Իսկ հիմա նա դա անելու կարիք էլ չունի։ Տվյալների բազաները փոխկապակցված են, եւ սոցիալական ծառայություններն անմիջապես իմանում են տեղի ունեցածի մասին, եւ մարդը ծանուցում է ստանում, որ նա գործազրկության նպաստ ստանալու իրավունք ունի»։

Այսպիսով, թվային փոխակերպումը զգալիորեն հեշտացնում է Էստոնիայի քաղաքացիների կյանքը: Հայաստանում թվային տեխնոլոգիաները դեռ այնքան էլ տարածված չեն, եւ այսօր քիչ ծառայություններ են առցանց հասանելի։ Սակայն Անդրես Կուտը կարծում է, որ մեր երկիրն ունի լավ ինժեներներ եւ կայուն բազա՝ վստահորեն առաջ շարժվելու համար։

Ճիշտ է, ինչ-որ կարեւոր բան մեզ դեռեւս պակասում է. ոչ, ամենեւին էլ ոչ որեւէ կոնկրետ տեխնոլոգիական հնարավորություն եւ նույնիսկ ոչ քաղաքական կամք, այլ ... փոխգործակցելու, համագործակցելու, տարաձայնությունները հաղթահարելու կարողություն։ Եվ այս հմտությունը, ըստ Կուտի, շատ կարեւոր է, քանի որ թվային փոխակերպումը կոլեկտիվ խաղ է, որը միայնակ խաղալ հնարավոր չէ։

Չարագործները կանգ չեն առնի, մենք՝ նույնպես

Թվային փոխակերպումը վաղ թե ուշ բարձրացնում է թվային տվյալների անվտանգությունն ու պահպանությունը ապահովելու հարցը։ Հենց այստեղ էլ խաղի մեջ են մտնում կիբեռանվտանգության մասնագետները: Այս մասին SILICON MOUNTAINS գագաթաժողովում խոսել է Իսպանիայից հրավիրված մասնագետ Ռամզես Գալեգոն։

Կիբեռանվտանգությունը, ինչպես NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռամզես Գալեգոն, տվյալների գաղտնիության, ամբողջականության եւ հասանելիության պաշտպանությունն է։ Սա սպառնալիքները ճիշտ նույնականացնելու եւ դրանցից գրագետ պաշտպանվելու կարողություն է:

Այսօր շատ արդիական է նաեւ կիբեռկայունություն հասկացությունը՝ սպառնալիքներին դիմակայելու, դրանք կանխատեսելու եւ դրանց պատրաստ լինելու կարողությունը։

Կիբերհարձակումները, ըստ Գալեգոյի, միշտ կլինեն, եւ դրանք կանխել հնարավոր չէ։ Բայց կարելի է հնարավորինս պատրաստ լինել դրանց: Կարելի է «ամրոց» «կառուցել», որն անառիկ կլինի գրեթե ցանկացած թշնամու հարձակման դեպքում։ Նման «ամրոց» «կառուցելու» բազմաթիվ եղանակներ կան, եւ երբեմն հայտնվում են նորերը. չէ որ թշնամիները նույնպես քնած չեն եւ երբեմն զարմացնում են իրենց հնարամտությամբ։

«Չարագործները եւ հանցագործները կանգ չեն առնի։ Այստեղ մենք ենք լավ տղաները, եւ մենք նույնպես կանգ չենք առնի», - ասաց Գալեգոն:

Ֆինանսական զամբյուղ՝ թվային աշխարհում

Այսօր բանկային ոլորտը Հայաստանում «ամենաթվայնացվածներից» մեկն է։ Թեեւ պետական ծառայությունների մեծ մասը դեռ հասանելի է միայն օֆլայն ռեժիմով, ֆինանսական ոլորտի շատ ծառայություններ արդեն կարելի է առցանց ստանալ՝ չհեռանալով համակարգչից կամ ձեռքից վայր չդնելով սմարթֆոնը, եւ այսօր ավելի ու ավելի շատ մարդիկ են օգտվում այդ ծառայություններից: Ճիշտ է, ձեռք բերածով բավարարվելու եւ այլեւս չզարգանալու դեպքում շատ բան կորցնելու վտանգ կա՝ առնվազն զգալի թվով հաճախորդներ, որոնց կտանեն միջազգային մրցակիցները:

Կենտրոնական բանկի կորպորատիվ ծառայությունների եւ զարգացման դեպարտամենտի փոխտնօրեն Կոմիտաս Ստեփանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ֆինանսական համակարգի թվային փոխակերպումը չշարունակելու դեպքում մի գեղեցիկ առավոտ հնարավոր է արթնանանք ու հասկանանք, որ երկրի քաղաքացիներին «կլանել» են միջազգային հսկա խաղացողները:

«Օրինակ՝ Google-ը, Apple-ը, Facebook-ը, հետո գուցե մեկ այլ թվային գիգանտ եւս ծառայություններ կմատուցեն, եւ մեր քաղաքացիները կձուլվեն։ Մենք կկորցնենք մեր քաղաքացիներին, ովքեր ապրում ու աշխատում են մեր երկրում եւ արժեք են ստեղծում մեր երկրի համար։ Ուստի թվային փոխակերպումը ֆինանսական համակարգի համար անխուսափելի եւ պարտադիր պահանջ է։ Ավելին, կարծում եմ, որ թվային փոխակերպումը ֆինանսական հատվածից սկսելը ճիշտ որոշում է, եւ ԿԲ-ն ամեն ինչ անում է սայլը տեղից շարժելու եւ քայլ առաջ անելու համար», - ասաց Ստեփանյանը։

Թե կոնկրետ ինչպես խորացնել թվային փոխակերպումը Հայաստանի բանկային ոլորտում եւ որտեղից գտնել դրա համար ռեսուրսներ ու ֆինանսավորում, այլ հարց է։ Կենտրոնական բանկը հազիվ թե կարողանա ինքնուրույն հաղթահարել այս խնդիրը, սակայն, ըստ Ստեփանյանի, շատ միջազգային կազմակերպություններ շահագրգռված են եւ՛ օժանդակությամբ, եւ՛ ֆինանսական աջակցությամբ, եւ շատ գործընկերներ, այդ թվում՝ գագաթաժողովի օտարերկրյա հյուրերը, պատրաստակամությամբ կիսում են իրենց փորձն ու գիտելիքները։ Այնպես որ, առանց օգնության մեր մասնագետները, ամենայն հավանականությամբ, չեն մնա:

Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, ելույթ ունենալով SILICON MOUNTAINS գագաթաժողովում, նշեց, որ բաց եւ բարձրորակ տվյալները ազգային հարստության համար կենսական կարեւորության ակտիվներ են։ Նա նման տվյալները նույնիսկ շատ ավելի արժեքավոր ռեսուրս է համարում, քան բնությունից ստացածները։

«Բարձրորակ տվյալների հասանելիությունը կստեղծի լավ զարգացած եւ անվտանգ միջավայր բիզնեսի համար ՝ իրենց ծառայությունները մատուցելու եւ զարգացնելու, քաղաքացիների բարեկեցությունը բարելավելու համար: Այս ամենի արդյունքում մենք պետք է անխափան, պրոակտիվ-անհատականացված ծառայություններ ունենանք։ Ամենասկզբունքային խնդիրը, որը պետք է լուծել, այն է, որ տվյալները հենց ժողովրդի սեփականությունը պետք է լինեն, եւ մենք պետք է վերահսկողություն ունենանք մեր տվյալների նկատմամբ», - ասաց Երիցյանը։

Հաջորդ գագաթաժողովները

SILICON MOUNTAINS-ի հաջորդ գագաթաժողովը նախատեսվում է անցկացնել այս տարվա վերջին: Ինչպես նշեց Արմեն Բալդրյանը, որոշվել է նաեւ տարվա ընթացքում երկու համաժողով անցկացնել Հայաստանի մարզերում, որպեսզի այնտեղի մասնագետները նույնպես հաղորդակից լինեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այսքան արդիական խնդիրներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ