News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Արագածոտնի մարզպետի տեղակալ Էդգար Փարվանյանի հորեղբոր տղայի թույլտվությամբ է զինված խումբը մտել Ապարան: Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, Ապարանում, լրագրողների հետ զրույցում ասաց մոտ մեկ շաբաթ առաջ Ապարանում տեղի ունեցած կրակոցների հետեւանքով սպանվածներից մեկի հարազատը:

«Այս արյունահեղությունը կատարողները չպետք է մտնեն Ապարան, որ ապարանցին հանգիստ ապրի: Իսկ որ խոսակցություններ է գնում, թե մի հոգի է եղել, ապա դա սուտ է. մի հոգին չէր կարող նման բան անել: Մեր ոստիկանությունն էլ չգիտեմ, թե ոնցա աշխատում, որ գալիս են զինված էստեղ, կրակում են յոթ հոգու վրա, որից երկուսը մեռնում են, մեկը շատ վատ կյանքի համար պայքար է տալիս, իսկ էն մնացածն էլ վիրավոր կամ հիվանդանոցում են պառկած, կամ իրենց տներում: Փարվանյան Էդգարն ու դեպուտատի ախպոր տղեն են կազմակերպել, կազմակերպիչն էլ է մասնակից, հորեղբոր տղաները Փարվանյան Էդգարի, Ղարիբյան Կառլեն: Իհարկե Փարվանյան Էդգարը կհերքի, ոչ մեկ չի ասի՝ ես տեղյակ եմ ամեն ինչից, տեղյակ եմ, որ զինված խումբ է տնում Ապարան ու մարդ է մորթում»,- ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ կապ ունի զինված խումբը Էդգար Փարվանյանի հետ, նա պատմեց, որ Էդգար Փարվանյանի հորեղբոր տղայի՝ Ռոման Փարվանյանի, թույլտվությամբ է խումբը մտել Ապարան:

«Մենք գիտենք, որ մեր պատգամավորի եղբայրը՝ Գռզոն, անձամբ ներկա է եղել այնտեղ: Քաղաքական որեւէ ենթատեքստ չեմ տեսնում, ընդհամենը մի հասարակ բանից, որը շատ հանգիստ կարող էին խոսքով լուծել: Երկու օրվա պատմություն է եղել, մինչեւ դեպքը տեղի ունենալը: Իմ եղբորորդին երբեք քաղաքական կեցվածքով հանդես չի եկել: Անգամ խոսակցություններ կան, որ խնդիրը իրենց հետ էլ չի եղել, ուղղակի տեսել են ապարանցի տղերք են հավաքված մոտեցել են: Ու էդ մարդիկ սառնասրտորեն, ձեռքերը չդողալով, ոչ ոքի չեն նայել: Պատճառը քաղաքական չէ, բայց կողմերից մեկը իշխանության ներկայացուցիչ է, ու ստացվում է, որ այս ամենը կատարվել է քաղաքական հողի վրա»,- ասաց սպանվածի հարազատը։

Հիշեցնենք, որ հունիսի 19–ին, Ապարանից Նիգավան գնացող ճանապարհահատվածում սպանություն էր տեղի ունեցել։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ 32–ամյա քաղաքացին եղբոր հետ հունիսի 18–ին, երեկոյան՝ 22:30-ի սահմանում Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելու ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Infinity» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել մեքենան ու կանգնեցրել այն, ապա մոտեցել են վարորդին, վիճել նրա հետ: Միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Վիճաբանությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը նա եղբոր եւ մի քանի անձանց հետ, նորից գնացել են Ապարան, որտեղ գտնվող գազալցակայանի տարածքում հանդիպել են նախօրդ օրը իրենց վեճին միջամտած անձանցից մեկին եւ ծեծի ենթարկել նրան:

Ավելի ուշ՝ երեկոյան, վիճաբանությունը շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցի հարակից տարածքում՝ որի ընթացքում էլ 32-ամյա տղամարդը իր մոտ եղած հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճող անձանց ուղղությամբ: Հրազենային վնասվածքներով Ապարանի բուժկենտրոն տեղափոխված Ապարան քաղաքի երկու բնակիչները մահացել են, իսկ հինգ անձ տեղափոխվել են Երեւանի բժշկական կենտրոններ:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ եղբայրները եղել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի հարազատները եւ Արագածոտնի ՔՊ-ական փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին, իսկ վիճաբանությունը սկսվել է նրանից, որ Ապարանցի երիտասարդները հայհոյել են Նիկոլ Փաշինյանին: Ընդ որում, կան տեղեկություններ, որ նրանք կրակել են ոչ թե որսորդական հրացանից, ինչպես պնդում է ոստիկանությունը, այլ «Կալաշինիկով» տիպի ինքնաձիգից: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է իր եւ իր ընտանիքի անդամների մասնակցությունը միջադեպին։ Այս տեղեկությունները կեղծ է որակել նաեւ փոխմարզպետ Էդգար Փարվանյանը։

Մահացած եւ տուժած բոլոր 7 քաղաքացիներն էլ Ապարանից էին։ Մահացած տղաները՝ 27–ամյա Համիկ Միքայելյանն ու Տիգրան Հարությունյանն էին։  Երկուսն էլ ամուսնացած չէին։ Համիկն աշխատում էր ՊՆ զորամասերից մեկում։  Մյուս մահացածը՝ 27-ամյա Տիգրան Հարությունյանը աշխատում էր Ապարանի «Գնթունիք» սննդի կենտրոնում: Նա Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի բարեկամն է:

18-ամյա Հրաչյա Երեմյանը եւ Տիգրան Ղազարյանը, որոնք դասընկերներ են, նույնպես այդ միջադեպի հետեւանքով վիրավորվել են եւ գտնվում են հիվանդանոցում։ Հրաչյան, ըստ ապարանցիների՝ առաջիկա օրերին  պետք է զորակոչվեր բանակ, իսկ Տիգրանը երկկողմանի ծնողազուրկ լինելու պատճառով ազատված է բանակից։ Նրան խնամում է տատը։ Մյուս երկու վիրավորները նույնպես Ապարան քաղաքի բնակիչներ են, ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ նրանց 32-ամյա Սասուն Հայրապետյանն ու 33-ամյա Արմեն Բաղդասարյանն են։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հարուցվել է քրեկան գործ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ