News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

06.00

Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հարձակումների մասին տեղեկություններով և կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«Ինչպես մենք վաղուց արդեն հստակեցրել ենք, հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն»,- ասվում է Բլինկենի հայտարարության մեջ:

05.51

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկվող ագրեսիայի առնչությամբ: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ տեղի ունեցող գործողությունների հետ կապված որոշում է կայացվել պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանը միջազգային հանրության համարժեք արձագանքի հույս է հայտնել:

Էնթոնի Բլինքենն ամերիկյան կողմի խոր մտահոգությունն է արտահայտել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և անթույլատրելի համարել իրադրության հետագա լարումը: Նա ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել ջանքեր գործադրել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:

05.45
Ժամը 05.00-ի դրությամբ հակառակորդը շարունակում է մի քանի ուղղությունով կիրառել հրետանի, ականետներ, ԱԹՍ–ներ․ ՊՆ

05.41

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին տեղեկացրել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին, NEWS.am-ին տեղեակցնում են Արտագին գործերի նախարարությունից։

05.16

Ադրբեջանական կողմի կրակոցներից Ճակատենում շտապօգնության բրիգադը չի վնասվել, NEWS.am-ին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։

«Այս պահի դրությամբ քաղաքացիական անձանց շրջանում տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել: Նշենք, որ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված առողջապահության համակարգը պատրաստվածության բարձր աստիճանի է բերվել»,– ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում։

05․08

Սեպտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Ալբերտ Բաղդադյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին և ներկայացրել ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում ստեղծված իրադրությունը, NEWS.am-ին տեղեկացնում են ՊՆ–ից։

04.59

Ունենք ապացույցներ, որ Ադրբեջանի զինուժը կանխամտածված կերպով թիրախավորում է քաղաքացիական ենթակառուցվածքները, մարդկանց տները հրետակոծվում են, այրվում են, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։

«Առնվազն մեր տեղեկությունները հաստատում են, որ թիրախավորել են շտապօգնության ավտոմեքենան, հետևանքների մասին չունենք տեղեկություն, որ հարվածել են կամ վնասել են, առնվազն թիրախավորման վերաբերյալ ունենք ապացույցներ»,– ասաց Քրիստիննե Գրիգորյանը։

04.39

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ կեսգիշերից սկսված ագրեսիվ գործողություններին հակազդելուն ուղղված հետագա քայլերը:

Որոշում է կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

04.33

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերում իրավիճակը շարունակում է լարված մնալ, հակառակորդը կրակում է Սոթք, Կութ, Նորաբակ գյուղերի ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը` նշելով, որ գյուղի բնակչության մեծ մասն արդեն տարհանվել է:

«Ահավոր վիճակ է, սնարյանդներն ընկնում են, ավերածություններ կան, բայց չգիտենք` որտեղ, ինչքան, Սոթքի զորամասի ուղղությամբ են կրակել, ասում են` այնտեղ էլ են վնասներ հասցրել: Գյուղում ջահելներն են մնացել, առավոտյան կտեսնենք` ինչ ավերածություններ են եղել»,- ասաց նա: 

04.20

Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է իրադրությունը սահմանին ժամը 04.00-ի դրությամբ։ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը Արամ Թորոսյանը հայտարարեց, որ իրադրությունը հայ–ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ լարված մնալ։

«Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված շարունակում է չթուլացող ինտենսիվությամբ։ Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ–ներ և խոշոր տրամաչափի զինատեսակներ։ Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ, դիրքային մարտերը շարունակվում են»,– ասաց նա։

04.01


Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգությունն է հայտնել Ադրբեջանական ԶՈՒ կողմից հայկական բնակավայրերի հրետակոծության կապակցությամբ և կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը։

03.45

«Հայաստան» դաշինքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ՀԱՊԿ-ին, Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում ներգրավված համանախագահող պետություններին՝ Ռուսաստանի Դաշնությանը, Ֆրանսիային, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի հանցավոր գործողությունները կանխելու և դրանց համարժեք գնահատական տալու համար:

03.33

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, NEWS.am-ին տեղեկացնում են կառավարությունից։

ՀՀ վարչապետը հայտնել է, որ Ադրբեջանը կեսգիշերից սադրիչ և ագրեսիվ ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ՝ սահմանի տարբեր ուղղություններով: Նիկոլ Փաշինյանը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ և ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:

Նախագահ Մակրոնն անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը և շեշտել իրավիճակը լիցքաթափելու անհրաժեշտությունը:

03.21

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են, այս մասին հայտարարեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ 

Նա տեղեկացրեց, որ ադրբեջանական զինուժը հարվածներ է հասցնում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։ ՊՆ խոսնակը նշեց, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներն ամբողջ ծավալով կատարում են իրենց  առջև դրված մարտական խնդիրները։

 

03.18

Սյունիքի մարզի Խոզնավար գյուղում այս պահին էլ լսվում են կրակոցների ձայները, սակայն կրակոցները գյուղի ուղղությամբ չեն: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Խոզնավար վարչական շրջանի նախկին ղեկավար Վարո Գրիգորյանը:

«Թշնամին կրակում է տարբեր զինատեսակներից, հրետանի է կիրառում, անօդաչուներ: Մեր գյուղի երկնքում էլ ենք տեսել ԱԹՍ-ներ: Այս պահին բնակիչները ապաստարաններում են, նկուղներում պատսպարված: Մեր գյուղի ուղղությամբ սնարյադ չի ընկել: Ասում են` խփել են Վերիշենին, տուն է վնասվել, Գորիսի Սդըղի գյոլի ուղղությամբ են խփել»,-ասաց նա:

02.43

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, NEWS.am-ին տեղեակցնում են կառավարությունից։

Վարչապետը մանրամասներ է փոխանցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ կեսգիշերից սկսված սադրիչ, ագրեսիվ գործողությունների վերաբերյալ, որոնք ուղեկցվել են հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակահերթերով:

Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել ադրբեջանական կողմի գործողություններն ու ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:

Զրուցակիցները պայմանավորվել են լինել օպերատիվ կապի մեջ:

02.29


Պայմանավորված սահմանին տիրող լարվածությամբ` արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի՝ անհրաժեշտության դեպքում արձագանքելու համար։

02.02

Այս պահին որեւէ գործողություն անելը ամենավտանգավորն է, ուղղակի պետք է հանդարտեցնենք բնակչությանը, որ առավոտյան հասկանանք` ինչի հետ գործ ունենք: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի անվտանգության խորհրդի համակարգող Արթուր Ղոջաբաղյանը:

«Ամենապահով տեղն ապաստարաններն է, մենք հայտարարություն ենք տարածել, որ մարդիկ ապաստարաններում մնան, քանի որ ավելի անվտանգ է, իսկ ճանապարհներին ավելի վտանգավոր է, խցանումներ կլինեն, ռազմական տեխնիկայի շարժերին կխանգարեն, այս պահին ամենասխալ բանը նման լուրեր տարածելն է, եւ քաղաքից դուրս գալը: Եթե որոշում լինի բնակչությանը տարհանել, նոր կզբաղվենք դրանով»,- ասաց նա:

Խոջաբաղյանը նշեց, որ իրենք հորդորել են բնակչությանը մնալ իրենց տեղերում, սնունդ ու ջուր կուտակել, քանի որ այս պահին դա ամենանվտանգն է:

Գորիսի անվտանգության խորհրդի համակարգողը նաև հայտնեց, որ հյուսիսային կողմում է լարված, այս պահին էլ լսվում են հրետակոծության ձայներ, իսկ Գորիսում այս պահին հանգիստ է, սակայն ժողովուրդն անհանգիստ է:


01.59

Պայմանավորված ՀՀ տարբեր հատվածներում ադրբեջանական կողմի ագրեսիվ ռազմական ակտիվ գործողություններով` Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ ժամը 01:50-ի դրությամբ Արցախի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է։

«Հանրապետության բնակչությանը կոչ ենք անում պահպանել հանգստություն և զգոնություն, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,– ասվում է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունում։


01.55

Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս, այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

«Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով»։

01.41


Ջերմուկում լսվում է, թե ինչպես է հակառակորդը հարվածում հրետանիով։

01.25

Վերին Շորժայի գյուղապետ Արտյում Երանոսյանը NEWS.am-ին հայտնեց, որ այս պահին կրակոցներ են լսվում, հակառակորդը կրակում է հայկական դիրքերի ուղղությամբ, այլ մանրամասներ նա չհայտնեց:

01.23

Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը NEWS.am-ին հայտնեց, որ այս պահին ԱԹՍ-ների, հրետանու կրակոցների ձայներ են լսվում։ «Երեւի հայկական դիրքերի ուղղությամբ են դեռ կրակում»,- ասաց նա` հավելելով, որ բնակիչներին որեւէ պաշտոնական տեղեկատվություն չի տրվել:

01.14

«Մոտ երկու ժամ առաջ սկսել են փոքր տրամաչափի զենքերից կրակոցներ արձակել, ապա տրամաչափերը մեծացրել են, որից հետո հրետանային միջոցներ, անօդաչուներ են սկսել կիրառել։ Հիմնական ուղղությունը Սոթք ու Նորաբակ ուղղություններն են։ Այս պահին չեմ կարող ինֆորմացիա տալ՝ տուժող կամ վնասված շինություններ կան, թե ոչ, իրավիճակը խառն է։ Տեղյակ եմ, որ որոշ մարդիկ իրենց միջոցներով Նորաբակից դուրս են եկել, խառն է վիճակը, կազմակերպված տարհանման մասին տեղեկություն չկա,- այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիսի ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը։

01.00

Ադրբեջանը հարվածներ է հասցնում Հայաստանի սահմանների տարբեր ուղղութուններով, մասնավորապես` Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Ջերմուկի հարակից դիրքերին:

Գորիսի բնակիչներից մեկը NEWS.am-ին ասաց, որ քաղաքում 23.30-ից հրետանու ձայներ են լսվում։ Նա նշեց, որ Սև լճի մոտ է հարձակումը տեղի ունենում։ Բնակիչները նաև ԱԹՍ են նկատել Կոռնիձորի ուղղությամբ։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ադրբեջանի զինուժը հարձակում է սկսել նաև Կապանի ուղղությամբ, այդ թվում օգտագործելով անօդաչու թռչող սարքեր։

«Ադրբեջանական զինված ուժերը հարձակում են սկսել նաև Կապանի ուղղությամբ, այդ թվում օգտագործելով անօդաչու թռչող սարքեր»,– գրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ստանում է 4 գյուղ, իսկ ի՞նչ է ստանում Հայաստանը. վարչապետի աշխատակազմի պատասխանը
Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է Կիրանց, Ոսկեպար գյուղերին եւ նրանք գտնվում են...
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
Հայաստանը չի կարող հրաժարվել անկլավ/էքսկլավների խնդրից...
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ճշգրտության համար արձանագրենք, որ Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետեւ Կըզլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ․․․
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս․․․
Մեծ յոթնյակի երկրները կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին
Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին լիովին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին՝ հասնելու...
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Ամենաշատ