News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում սպառողները մոտ 40 տարվա գնաճի եւ տոկոսադրույքների բարձրացման են բախվում, քանի որ աշխարհը պայքարում է Ուկրաինայի պատերազմի, եվրոպական էներգետիկ ճգնաժամի, Չինաստանի COVID-00 քաղաքականության եւ այլնի դեմ։

Եվ նույնիսկ այս տարի S&P 500-ի՝ ավելի քան 21 տոկոսով անկումից հետո Ուոլ Սթրիթի լավագույն ուղեղները շարունակում են համարել, որ բաժնետոմսերը դեռ կընկնեն։

«Վատագույնը դեռ առջեւում է»,- MarketWatch-ին ասել է Icahn Enterprises-ի նախագահ Կարլ Այքանը, ում կարողությունը 23 մլրդ դոլար է գնահատվում։
Նույնիսկ 86 տարեկանում Այքանն Ուոլ Սթրիթի ամենահարգված մարդկանցից մեկն է մնում, եւ այս տարի նա բազմիցս նախազգուշացրել էր, որ ԱՄՆ-ի տնտեսությունը եւ արժեթղթերի շուկան դժվարությունների մեջ են:

Ներդրողը պնդում է, որ Դաշնային պահուստը համավարակի պայմաններում ակտիվների գներն անկայուն մակարդակների է հասցրել՝ գրեթե զրոյական տոկոսադրույքներ եւ քանակական մեղմացում օգտագործելով՝ քաղաքականություն, որով կենտրոնական բանկերը հիփոթեքով ապահովված արժեթղթեր եւ պետական ​​պարտատոմսեր են գնում՝ վարկավորման եւ ներդրումների խթանման հույսով:

«Մենք չափազանց շատ փող ենք տպել եւ մտածում էինք, որ խրախճանքը երբեք չի ավարտվի»,- ասել է նա՝ հավելելով, որ ԴՊՀ-ի դիրքորոշման փոփոխությամբ եւ գնաճի դեմ պայքարի ավելի բարձր տոկոսադրույքներով «խրախճանքն ավարտված է»:

Այքանի խոսքով՝ ԴՊՀ-ի թույլ դրամավարկային քաղաքականության հետեւանքը բարձր գնաճն է, որն օգոստոսին անցյալ տարվա համեմատ աճեց 8.3 տոկոսով:

«Գնաճը սարսափելի բան է։ Բուժել այն հնարավոր չէ»,- ասել է Այքանը՝ նշելով, որ գնաճի աճը հիմնական գործոններից մեկն էր, որը տապալեց Հռոմեական կայսրությունը։

Հայտնի է, որ Հռոմը հիպերինֆլյացիա էր ենթարկվել այն բանից հետո, երբ մի շարք կայսրեր իջեցրել էին արժույթի՝ դահեկանի մեջ արծաթի պարունակությունը։ Հետո իրավիճակը կտրուկ վատթարացավ այն բանից հետո, երբ Դիոկղետիանոս կայսրը գների վերահսկում եւ նոր մետաղադրամ ներդրեց՝ argenteus-ը, որը հավասար էր 50 դահեկանի։ Որոշ պատմաբաններ գնահատում են, որ 15000 տոկոս գնաճը մ.թ. 200-ից 300 թվականներին հռոմեական կայսրերի անկայուն քաղաքականության արդյունքն էր։

Այքանն ասել է, որ այդպիս գնաճն իրեն այնքան է անհանգստացնում, որ նա կցանկանար, որ Դաշնային պահուստային համակարգը բարձրացներ տոկոսադրույքները լիարժեք 1 տոկոսով` նախագահ Փաուելի հայտարարած 75 բազիսային կետով բարձրացման փոխարեն:

Այքանը հայտարարել է, որ այսօր շուկայում դեռ բաժնետոմսեր կան, որոնք գրավիչ տեսք ունեն, սակայն ներդրողներին նախազգուշացրել է, որպեսզի նրանք ժամանակից շուտ ահագություն չանեն: «Կարծում եմ, որ շատ բաներ էժան են, եւ դրանք կէժանանան»,- ասել է Այքանը՝ պնդելով, որ նավթի վերամշակման եւ պարարտանյութ արտադրող ընկերությունները պետք է առաջ անցնեմ շուկայից։

Սա Այքանի առաջին նախազգուշացումը չէ։ Դեռ սեպտեմբերին միլիարդատերը նախազգուշացրել էր, որ ԱՄՆ տնտեսությունը, ամենայն հավանականությամբ, դեպի ռեցեսիա  է գնում, եւ այսօրվա բարձր գնաճը համեմատել էր 1970-ականների հետ՝ պնդելով, որ ԴՊՀ-ն պայքարելու է սպառողական գների աճի վերահսկման համար: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ