News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 05
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կոալիցիոն կառավարությունը հաստատել է Սաուդյան Արաբիա զենքի արտահանման նոր գործարքները, հայտնում է DW-ն։

Հաղորդագրությունները հայտնվել են այն բանից հետո, երբ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վերադարձել է Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) եւ Կատար կատարած ուղեւորությունից:

Բեռլինը արգելք է դրել Էր Ռիադ զենքի արտահանման վրա՝ կապված Եմենի պատերազմին նրա մասնակցության հետ, ինչպես նաեւ ամերիկաբնակ սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մեղադրանքների համար։

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար եւ փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը Բունդեսթագին ուղղված նամակում հաստատել է, որ Շոլցը թույլատրել է զենքի արտահանման մի քանի գործարքներ՝ նախքան իր տարածաշրջան մեկնելը, հաղորդում են Der Spiegel-ը եւ dpa լրատվական գործակալությունը:

Նամակում ասվում է, որ արտահանման լիցենզիաները Իտալիայի, Իսպանիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ համատեղ ծրագրի մաս են կազմում։

Ինչպես գրում է Der Spiegel-ը, Էր Ռիադը կկարողանա 36 միլիոն եվրո արժողությամբ սարքավորումներ ու զինամթերք ձեռք բերել Eurofighter եւ Tornado ինքնաթիռների համար։ Եվրոպական համագործակցության նախագիծը նաեւ կմատակարարի 2,8 միլիոն եվրո արժողությամբ Airbus A330 MRTT-ի պահեստամասեր, հայտնում է dpa-ն։

Սաուդյան Արաբիային գերմանական զենքի վաճառքը 1,24 միլիարդ եվրոյի առավելագույնին հասել է 2012 թվականին:

Սակայն 2018 թվականին Գերմանիայի իշխող դաշինքը, որը կազմված է պահպանողական Քրիստոնեադեմոկրատական միությունից եւ Սոցիալ-դեմոկրատներից, պայմանավորվել է արգելել զենքի արտահանումը Եմենի պատերազմին մասնակցող երկրներ: Համաձայնագրում մի քանի բացառություններ են եղել, որոնք թույլատրել են գերմանական որոշակի ռազմական նյութերի արտահանումը Պարսից ծոցի երկրներ: Ամբողջական արգելքը ուժի մեջ է մտել մեկ տարի անց՝ Խաշոգջիի սպանությունից հետո։ Դրանից հետո արգելքը երկու անգամ երկարացվել է։

Արգելքը համահունչ էր Գերմանիայի դիրքորոշմանը` զենք չարտահանել ակտիվ հակամարտությունների տարածքներ:

Այդ դիրքորոշումը փոխվել է այս տարի, երբ ճնշում գործադրվեց Գերմանիայի վրա, որպեսզի զենք տա Ուկրաինային:

Բեռլինը նաեւ ձգտում է բարելավել իր կապերը էներգիա արտահանողների հետ, քանի որ այն նվազեցնում է իր կախվածությունը ռուսական գազից: Սաուդյան Արաբիան աշխարհում էներգիայի կարեւորագույն արտահանողներից մեկն է։

Գերմանիան աշխարհի խոշորագույն զենք արտադրողներից եւ արտահանողներից մեկն է, նրա վաճառքը 2016-2020 թվականներին աճել է 21 տոկոսով, ըստ Ստոկհոլմի Խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի: Նրա խոշորագույն գնորդները եղել են Հարավային Կորեան, Ալժիրը եւ Եգիպտոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ