News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի լրամշակված նախագիծը: Այն երկու դրույթով ճանաչվել էր հակասահմանադրական՝ կառավարման խորհրդի ձևավորման մասով, և վերադարձվել էր խմբագրման: Օրենքի նախագծով կարգավորվում են ՀՀ բարձրագույն կրթության և գիտության համակարգի գործունեության, ոլորտի կառավարման և ֆինանսատնտեսական հարաբերությունները։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԳՄՍՆ-ից:

Օրենքի նախագծում սահմանվել են՝

Բուհերին և գիտական կազմակերպություններին պետական աջակցության տրամադրման սկզբունքները և մեխանիզմները, այն է՝ ինստիտուցիոնալ (բազային) ֆինանսավորում, պետական ուսանողական կրթաթոշակների տրամադրում և մրցակցային ֆինանսավորում։

Բուհի և գիտական կազմակերպության գործունեության թափանցիկության և հրապարակայնության համար անհրաժեշտ մեխանիզմները և պահանջները՝ ապահովելու հաստատության պատասխանատվությունը և հաշվետվողականությունը պետության ու հասարակության առջև։

Նախագծով անհրաժեշտ հիմքեր են դրվել գիտահետազոտական կազմակերպությունների և բուհերի համագործակցության և աստիճանական ինտեգրման համար՝ գիտական կազմակերպություններին ինքնուրույն գործելու, հետազոտական ցանցեր և կոնսորցիումներ ձևավորելու կամ բուհերի կազմում որպես գիտահետազոտական ինստիտուտներ ընդգրկվելու իրավական հիմքեր ստեղծելով։

Նախագծով նախատեսվում է ներկայիս ասպիրանտական ծրագրերը համապատասխանեցնել համաեվրոպական չափանիշներին՝ դրանք ընդգրկելով բարձրագույն կրթության համակարգում որպես որակավորման երրորդ աստիճան՝ կրթական ծրագիր, որի ավարտին շնորհվում է դոկտորի (PhD) որակավորում։ Ըստ այդմ՝ այդ մակարդակում կրթություն կարող է իրականացնել միայն բուհը՝ իր կազմում գործող մասնագիտական համապատասխան հաստատության հենքի վրա կամ իր կազմից դուրս գործող գիտական կազմակերպության հետ համատեղ։

Բարձրագույն կրթության հիմնական կրթական ծրագրերը՝ ըստ կրթական մակարդակների, կարող են իրականացվել ուսանողի լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ, այդ թվում՝ հեռավար ուսումնառության ձևերով: Սա հնարավորություն կտա ուսանողներին կարգավորելու իրենց ուսումնառության ինտենսիվությունը (բեռնվածությունը):

Միաժամանակ, փոփոխություն է նախատեսվել նաև ռեկտորի ընտրության կարգում։ Նախագծով սահմանվում է հետևյալը.

«Հանրային բուհի ռեկտորի  թեկնածուներն ընտրվում են կառավարման խորհրդի կողմից՝  փակ գաղտնի քվեարկության արդյունքում խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելի կողմ ձայներով»։ Եթե հայտարարված մրցույթի առաջին քվեարկության արդյունքում բուհի ռեկտոր չի ընտրվում, ապա մեկ թեկնածուի դեպքում հայտարարվում է նոր մրցույթ, իսկ մեկից ավելի թեկնածուների  դեպքում՝ ռեկտորի բոլոր թեկնածուների մասնակցությամբ անցկացվում է երկրորդ՝ ընտրանքային կարգով վարկանիշային քվեարկություն, որում խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի քվեարկելու մեկից ավելի թեկնածուների օգտին:

Նախագծի անցումային դրույթներում սահմանվել է, որ «Կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրում» ամրագրված գործողությունների  իրականացման ակնկալվող արդյունքին հասնելու համար գործող պետական բուհերի խոշորացման (այդ թվում՝ համապատասխան գիտահետազոտական կազմակերպությունների միավորմամբ) արդյունքում ստեղծվում են ըստ ուղղվածության մինչև 8 պետական բուհեր՝ պետական բյուջեից ֆինանսավորման ծավալների ընդլայնմամբ։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ