News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 10
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանին, Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանին, Մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանին եւ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է վարչապետի պաշտոնական կայքից։

Իր խոսքում, վարչապետը նշել է. «Հարգելի պարոնայք, նախ բոլորիս շնորհավորում եմ եւ, առաջին հերթին իհարկե Արթուր Դավթյանին, պատմական հաղթանակի եւ հաջողության առիթով: Շնորհավորում եմ նաեւ պարոն Մերդինյանին, որովհետեւ, ինչքանով հասկացա, Ձեր հաղթանակի մեջ էլ պատմական էլեմենտներ կան, ֆեդերացիային եմ շնորհավորում, մարզչական թիմին:

Ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել: Հասկանալի է, որ նման հաջողություն կարող է ձեւավորվել մի միջավայրում, որտեղ նախ տաղանդի շուրջ համախմբում եւ միայն թիմային աշխատանք կա, եւ ցանկանում եմ սա ընդգծել: Նաեւ պիտի ասեմ, որ նման հաղթանակները մեզ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետությանը, մեր երկրին, ժողովրդին շատ հարկավոր են եւ կարծում եմ, որ նման հաղթանակները նաեւ պատանիների, երեխաների մեծ ուշադրությունն են հրավիրում, որոնք իրենց հետագա կյանքը պլանավորելու կամ ուղղակի սպորտով զբաղվելու համար մեծ լիցք եւ հետաքրքրություն են ձեռք բերում:

Պիտի նաեւ գոհունակությամբ ընդգծեմ, որ հիմա առավել եւս շատ ուրախ եմ, որ որոշում ենք կայացրել, ըստ որի՝ մարմնամարզության նոր մարզադպրոց պիտի կառուցենք, որը զրոյից պետք է ստեղծվի եւ ինչպես պայմանավորվել ենք, ամեն ինչը պետք է համապատասխանի ժամանակակից չափանիշներին: Պիտի անկեղծ ասեմ նաեւ, այս պատմական հաղթանակից հետո ես հետաքրքրվեցի, թե 2019 թվականի մեր բարեփոխումները նվաճումների հասած մարզիկներին պատվովճարներ վճարելու ինչ վիճակում են եւ ինչ հարաբերությունների մեջ ենք մենք այս առումով,: Կրկին պետք է գոհունակությամբ արձանագրեմ՝ այս դեպքում հստակ պատվովճարը գտել է իր հասցեատիրոջը եւ հույս ունեմ նաեւ, որ օգնել է ինչ-որ ձեւով, որպեսզի մի փոքր կտրվեք առօրեական գործերից եւ կենտրոնանաք բուն անելիքի վրա:

Կրկին ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել, պարոն Դավթյան Ձեզնից, պարոն Մերդինյան Ձեզնից, ֆեդերացիայից, մարզչական թիմից՝ այս պատմական նվաճման համար: Հույս ունեմ, որ նման նվաճումները Հայաստանի Հանրապետությունում կդադարեն լինեն պատմական»:

Մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել. «Վստահեցնում եմ Ձեզ՝ պետության ղեկավարի հետ հանդիպումը մեզ ուժ ու եռանդ է տալու, որ հետագայում էլ շարունակենք յուրաքանչյուրս մեր տեղում, մեր աշխատանքն առավելագույնս կատարել, որպեսզի հետագայում էլ կարողանանք մեր երկրի մարզական պատիվը բարձր պահել: Օգտվելով առիթից, պարոն վարչապետ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել նաեւ կառավարությանը, պարոն Արայիկ Հարությունյանին, պարոն Գիլոյանին, որովհետեւ մշտապես ֆեդերացիան իր համագործակցության շրջանակներում աշխատում է պետության հետ: Վերջին տարիներին այդ աշխատանքն առավել լավ մակարդակի, լավ որակի է բարձրացել: Մեր մարզիկներն էլ փոփոխությունը տարեցտարի զգում են: Ինչպես Դուք նշեցիք, եւ ֆինանսական մասով, պարգեւավճարների, եւ ընթացքում բազմաթիվ հարցեր են լինում եւ մշտապես այդ հարցերը մաքսիմալ դրական լուծում են ստանում: Այդ ամենը նպաստում է, որպեսզի կարողանանք առավել մեծ ոգեւորությամբ շարունակել մեր աշխատանքը»:

Արթուր Դավթյանը եւ Հարությունյան Մերդինյանն իրենց տպավորություններն են կիսել Աշխարհի առաջնությունից եւ անդրադարձել առաջիկա ծրագրերին, այդ թվում՝ կապված Օլիմպիական խաղերի հետ:

Հանդիպմանը քննարկվել են մարմնամարզության հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, նշվել է, որ կառավարության ֆինանսավորմամբ այժմ կառուցվում է Հրանտ Շահինյանի անվան գեղարվեստական մարմնամարզության մարզադպրոցի նոր շենքը, իսկ Ալբերտ Ազարյանի անվան սպորտային մարմնամարզության դպրոցի նոր շենքի նախագծման աշխատանքներն ընթացքի մեջ են՝ Երեւանի քաղաքապետարանի կողմից: Երկու մարզադպրոցներն էլ շահագործման կհանձնվեն 2025 թվականին եւկհամալրվեն ժամանակակից գույքով:

Անդադարձ է կատարվել նաեւ մեր երկրում մարմնամարզության Եվրոպայի առաջնության անցկացման հնարավորություններին եւ այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը զեկուցել է, որ 2022 թվականին մինչ այս պահը տարբեր սպորտաձեւերից Հայաստանի մարզիկներն ընդհանուր առմամբ նվաճել են 288 մեդալ, որից 101-ը՝ ոսկե:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը շարունակելու է մշտական ուշադրության կենտրոնում պահել սպորտի զարգացումն ու ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված քայլերը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ