News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Առնվազն երկու արեւմտյան դեսպանություններ նախազգուշացումներ են ստացել Անկարայում անվտանգության նոր սպառնալիքների մասին, իսկ Սերբիան նախազգուշացրել է իր քաղաքացիներին չմեկնել երկիր Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից երկու շաբաթ անց:

Արեւմտաեվրոպական երեք դեսպանություններ եւ մեկ խոշոր միջազգային կազմակերպություն Reuters-ին հայտնել են, որ թուրքական իշխանությունները իրենց զգուշացրել են հնարավոր սպառնալիքների մասին՝ խնդրելով չհրապարակել իրենց անունը՝ ելնելով հարցի զգայունությունից:

Reuters-ի փոխանցմամբ՝ խոշոր կազմակերպությունը աշխատակիցներին ուղղված նամակում ընդգծել է առեւտրի կենտրոններում, ավտոբուսի կայարաններում եւ օդանավակայաններում ռիսկերը՝ կապված զինյալների կողմից պատասխան հարձակումների հնարավորության հետ:

Թուրքիայի պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունները հրաժարվել են մեկնաբանել նախազգուշացումները։

Մինչդեռ, սերբական Tanjug լրատվական գործակալությունը մեջբերել է երկրի արտգործնախարար Իվիցա Դաչիչի խոսքերը, որը հայտարարել է, որ երկրի քաղաքացիները պետք է խուսափեն առաջիկա շաբաթներին Թուրքիա եւ հատկապես Անկարա մեկնելուց՝ հնարավոր հարձակումների պատճառով։

«Ուզում եմ քաղաքացիներին զգուշացնել, որ անվտանգության մարմինների տվյալների համաձայն՝ ահաբեկչություններ կարող են սպասվել մոտակա մի քանի շաբաթների ընթացքում, եւ այս դեպքում այդ տեղեկատվությունը վերաբերում է Թուրքիայի մայրաքաղաք Անկարային»,- ասել է Դաչիչը Tanjug-ի համար հայտարարության մեջ։

Նախազգուշացումը կարող է վերաբերել նաեւ Թուրքիայի այլ շրջաններին, ասել է Դաչիչը եւ նախազգուշացրել Սերբիայի քաղաքացիներին չմեկնել երկիր առանց խիստ անհրաժեշտության: «Եթե մեր քաղաքացիներն արդեն այնտեղ են, ապա պետք է խուսափեն մարդաշատ վայրերից, ինչպիսիք են հետիոտնային գոտիները, մետրոն, ավտոբուսի ու երկաթուղային կայարանները եւ նման այլ վայրերը»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ