News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ծանրոցը, որը պայթել է Իսպանիայում Ուկրաինայի դեսպանատան տարածքում, հասցեագրված է եղել դեսպան Սերգեյ Պոգորելցեւին։ Պայթյունի հետեւանքները կարող էին շատ ավելի լուրջ լինել։

Ինչպես հայտնել է ինքը՝ դեսպանը, «Եվրոպական պրավդա»-ին տված մեկնաբանությունում, պայթուցիկը դրել են ոչ թե «նամակում», ինչպես գրել են լրատվամիջոցները, այլ փաստաթղթերի ծրարից շատ ավելի մեծ փաթեթում։

Ծանրոցը հասցեագրված է եղել Պոգորելցեւին։ Առանց հետադարձ տվյալների փաթեթը նման չի եղել դիվանագիտական փոստի եւ կասկած է առաջացրել դեսպանի քարտուղարուհու մոտ։ Կինը «փոստը» հանձնել է պարետին, որը պատասխանատու է նաեւ դեսպանատան պահպանման համար։ «Փաթեթի մեջ տուփ է եղել, ուստի պարետը կասկածել է, եւ այնպես, որ ոչ ոք մոտակայքում չլինի, այդ «փոստով» դուրս է եկել բակ մինչեւ փաթեթը բացելը։ Եվ հենց բացել է, լսել է, որ ինչ-որ բան է չխկացել, անմիջապես նետել է այն, եւ արդեն այդ ժամանակ լսել է պայթյունը»,- ասել է Պոգորելցեւը՝ հավելելով, որ պարետի ձեռքերը վիրավորվել են:

Ուկրաինայի դեսպանատան տարածքում պայթյունը որոտացել է այսօր, տեղական ժամանակով մոտ 13:00-ին, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։ Իրավապահները հայտնել են, որ ռումբով նամակ է պայթել։

Ուկրաինայի ԱԳՆ-ի տվյալներով՝ պարետը թեթեւ վնասվածքներ է ստացել, դեսպանատան մնացած աշխատակիցները չեն տուժել։ Արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հանձնարարել է անհապաղ ուժեղացնել անվտանգության միջոցառումները Ուկրաինայի դեսպանատներում եւ կոչ է արել իսպանացի գործընկերոջը շտապ միջոցներ ձեռնարկել հարձակումը հետաքննելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ