News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Անցած գիշերը Ֆրանսիայի Ազգային ժողովը, հետեւելով Սենատին, Հայաստանի եւ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձեւ է ընդունել։

Ֆրանսիայի կառավարությունը կարծում է, որ Հայաստանին աջակցության մասին բանաձեւը «չի արտացոլում պաշտոնական դիրքորոշումը»։

Նշվում է, որ կառավարության դիրքորոշումն արտացոլված է նոյեմբերի 29-ի հայտարարության մեջ, որում ասվում է, որ «Ֆրանսիան շարունակում է խրախուսել կողմերին առաջ շարժվել բանակցություններում՝ խաղաղության հնարավորության հասնելու համար»։

«Նախ՝ բանաձեւն ինքնին օրենքի ուժ չունի։ Երկրորդ՝ խանգարո՞ւմ է արդյոք Ֆրանսիան Հայաստանին նման կոշտ դիրքորոշմամբ, թե՞ չի խանգարում։ Եթե բանակցությունները փակուղի մտնեն, կպաշտպանի՞ արդյոք Ֆրանսիան Հայաստանին, եթե վերջինս հայտնվի ծանր իրավիճակում»,- տարակուսում է Փարիզի քաղաքագիտության ինստիտուտի փորձագետ Կայծ Մինասյանը։

Մակրոնը խոսում է Ադրբեջանի անուղղակի ագրեսիայի մասին եւ նրան անվանում ագրեսիվ պետություն։

Ալիեւը հասկանում է, որ Ֆրանսիան կոշտ դիրքորոշում ունի Հայաստանի եւ Արցախի հարցում, եւ դա իր համար անընդունելի է։ Հակառակ դեպքում կստացվի, որ նա մի կողմից դժգոհություններ է արտահայտում, մյուս կողմից՝ համաձայնություն է տալիս Մակրոնի մասնակցությանը Փաշինյանի հետ հանդիպմանը։

Պրահայի վերջին հանդիպումը կայացավ է հենց քառակողմ ձեւաչափով՝ Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ, եւ կողմերը պայմանավորվեցին նույն ձեւաչափով նոր հանդիպման մասին։

«Իսկ հիմա Ալիեւն արդեն դեմ է դրան։ Նա նայում է Ռուսաստանի կողմը եւ միեւնույն ժամանակ ուզում է պառակտում մտցնել Արեւմուտքում, մի կողմից՝ ԱՄՆ-ի, մյուս կողմից՝ Ֆրանսիայի միջեւ։ Բացի այդ, Ալիեւը նաեւ ցանկանում է պառակտում մտցնել ԵՄ-ի եւ Ֆրանսիայի միջեւ՝ հայտարարելով ԵՄ-ի հետ համաձայնության մասին եւ դժգոհություն հայտնելով Ֆրանսիայի միջամտությունից»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մինասյանը։

Բայց Ալիեւը, փորձագետի գնահատմամբ, սխալվում է, նա ծանոթ չէ ԵՄ գործունեության առանձնահատկություններին, չի հասկանում, որ ԵՄ մակարդակով անհնար է որեւէ բան անել առանց Ֆրանսիայի եւ Գերմանիայի։

«Ֆրանսիան, անշուշտ, ցանկանում է մասնակցել հերթական քառակողմ հանդիպմանը՝ համոզելով Հայաստանին, որ Եվրոպական խորհրդի ղեկավարի եւ Ալիեւի հետ դեմ առ դեմ հանդիպումը լավ բան չի խոստանում։ Շառլ Միշելը, որպես Եվրոպական խորհրդի ղեկավար եւ բելգիացի, պետության տարածքային ամբողջականությունն ավելի կարեւոր է համարում, քան ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։

Բացի այդ, ԵՄ-ն եւ Ադրբեջանը հայտարարել են նավթագազային գործարք կնքելու պատրաստակամության մասին։ Ալիեւը փորձում է նաեւ սա օգտագործել՝ ցույց տալով, որ պատրաստ է աշխատել եվրոպացիների հետ, միաժամանակ փորձում է Ֆրանսիային ցույց տալ, որ ինքը ուժեղ առաջնորդ է։

ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի նիստում վերջին միջադեպը նույնպես ոգեւորում է Ալիեւին, որը խոսում է Ռուսաստանի եւ Եվրոպայի միջնորդությամբ, բայց առանց Ֆրանսիայի բանակցություններ վարելու պատրաստակամության մասին»,- ընդգծեց քաղաքագետը։

Արամ Դանիելյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ